Սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափած, մինչեւ 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիներին այսօր որոշեցին թույլ տալ, որ գան Հայաստան, մուծեն սահմանված գումարը՝ 3,6 մլն դրամը եւ ազատվեն քրեական հետապնդումից: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս խնդրին պետք է ամբողջական լուծում գտնեն. «Ամեն տարի այս օրինագիծը ռեստարտ անելով՝ հնարավորություն ենք տալիս, որ ներքեւում շատերը մտածեն, որ կարող են դուրս գալ Հայաստանից, գտնել սողանցքներ, խուսափեն բանակից ու այս հնարավորությունից օգտվեն: Ես ուզում եմ, որ այնպիսի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը իրապես լինի անհնար, պատվաբեր պետք է լինի ծառայելը: Մեր քաղաքացիները, դեռ տղա երեխան չծնված, ոչ թե պետք է մտածեն երեխային երկրից հանելու մասին, գիտեք չէ՞, շատերը գնում են, որ ԱՄՆ-ում ծննդաբերեն, որ երեխան դառնա ԱՄՆ քաղաքացի, բայց ես կուզեի, որ առաջին հերթին այնպիսի հեղինակություն ունենա մեր երկիրը, որ տղա երեխան ծառայի ի՛ր երկրի զինված ուժերում: Լուծումը միասին կգտնենք, այս պահին որեւէ դեղատոմս ես չունեմ: ՊՆ-ն էլ պետք է այս խնդրի լուծման ուղղությամբ մտածեր, վերջին հաշվով մենք այս պահին մոտ 10 հազար քաղաքացի ունենք, որոնք այդ տարիքային խմբի մեջ են ու իրեն էլ պետք է կողմնորոշվեն»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ 10 հազար քաղաքացիների մեջ ոչ բոլորի 27 տարին է լրացել, կան 18, 19 տարեկաններ. «Նրանցից շատերը պետք է գիտակցեն, որ պետք է գան, ծառայություն անցնելը ցանկալի է, ինչ-որ տեղ դա անհրաժեշտ է նաեւ իրենց համար՝ որպես Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացի»:
Նա ասաց, որ սա կարծես թե համաներում է այդ տղաներին, բայց մշտապես չեն կարող այդ գործիքը կիրառել, որովհետեւ դա երկրի անվտանգության համակարգի խնդիր է. «Մեր ռեսուրսը չպետք է կորցնենք»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եթե այսպես շարունակաբար չկիրառեն ամեն տարի, 35 տարեկանը լրանալուց հետո իրենք գումար չեն ծախսի ու կգան՝ ազատվելով հետապնդումից, բայց մեր երկրի հետ նրանց օրգանական կապը կկտրվի, ինչը ցանկալի չէ:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ անցյալ տարի այս օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած 619 քաղաքացի է դիմել միջգերատեսչական հանձնաժողով, գումարը վճարել ու ազատվել հետապնդումից. «2016-2017-ին կարծեմ գումարը կազմել է 729 մլն դրամ»: Այս օրենքը սկսել է գործել 2003-ից ու այդ ժամանակից ի վեր եղել է 9800 դիմող, որոնք օգտվել են այդ հնարավորությունից»:
Պարոն Քոչարյանն ասաց, որ եթե այս խնդրի լուծումը հեշտ լիներ, կարող ենք չկասկածել, որ դրան կգնային նաեւ նախկինները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ