«Այս իշխանությունները պարտավոր են գնահատական տալ, արդարացի որոշում կայացնել այն քաղաքացիների հանդեպ, որոնք առ այսօր անտուն են»,- «Նոյյան Տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ իրեն վրդովեցրել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի որդու, այլև պարոն Քոչարյանի պահվածքը: Այս առիթով նա ասաց. «Չեմ ուզում անդրադառնալ այն հանգամանքին, որ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված է քրեական գործ, քանի որ դատարանում կապացուցվի նրա մեղքը, և կստանա իր արժանի պատիժը: Դրա մասին չեմ կասկածում»:
Դառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն՝ Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «Այսօր Ռոբերտ Քոչարյանը դիմում է Եվրոպական դատարան արդարության պահանջի համար: Ինձ համար զարմանալի է, երբ երկրի երկրորդ նախագահը տասը տարի չկարողացավ արդար դատական համակարգ ստեղծել: Այսօր ընկել, Եվրոպական դատարանում է ման գալիս: Բա ամոթ չի՞ քեզ, ստեղծեիր կարգին դատական համակարգ»:
Սեդրակ Բաղդասարյանն ասաց՝ 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվեց ՀՀ նախագահ, նա առաջին անգամ խախտեց ՀՀ սահմանադրությունը. «Չունենալով ՀՀ քաղաքացիություն՝ ընտրվեց ՀՀ նախագահ: Հետո համն ընկավ բերանը: Պարոն նախագահը գտավ, որ այսուհետ ինքն է միակ տղամարդը և ինչ ուզի կարող է կատարել Երևանում և Հայաստանում: 2000-ին Ռոբերտ Քոչարյանը, հանդիպելով Երևանի քաղաքապետին, հայտարարեց, որ փողի վրա նստած փող եք ուզում ինձնից: Դա սկիզբ դրեց Երևանի կենտրոնի բնակիչների տեղահանմանը և Ռոբերտ Քոչարյանի հարստացմանը: Արդեն իսկ հաստատված է, որ Կոնգրես հյուրանոցը պատկանում է նրա զավակներին, Հյուսիսային պողոտայի Լա Գալերեա խանութը նույնպես նրանն է, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Քոչարյանի ամբողջ ազգուտակին և ծոռներին կկերակրի»:
Դառնալով Հյուսիսային պողոտայի ներդրումներին՝ Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «Ներդրող «Վիզկոն» ՍՊԸ տնօրեն Պավել Անդերսոնը, որն ԱՄՆ է փախել՝ կա տեսահոլովակ, հայտարարել է, որ 500.000 կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որ դառնա կառուցապատող, որ 100.000 Արմեն Գևորգյանի պահանջով փոխանցել է Հայաստան հիմնադրամին»:
Դառնալով ներկայիս իշխանությունից սպասելիքներին՝ Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «Մեծ հույսեր ունեմ և կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները անտարբեր չեն մնա այդ երևույթներին: Նամակ եմ ուղարկել համապատասխան մարմիններին, թող քննեն, հարուցեն գործ: Սեփականության թալանի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի կատարած հանցագործության գործը ապացուցման կարիք չունի. դա կայացած փաստ է: Առաջարկել եմ վերականգնել մարդկանց խախտված իրավունքները: 2005-ին իմ տունը քանդեցին, 2006-ի փետրվարին դիմեցինք Եվրոպական դատարան, վճիռը եկավ, ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց, կառավարությունը խաբեց Եվրոպական դատարանին, ուրիշի բնակարան տրամադրեց: Դա եղել է Սերժ Սարգսյանի ժամանակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ