Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանակում չծառայած 10 հազարից ավելի տղաներ հետախուզման մեջ են. 27 տարին լրացածներին ուզում են թողնել, որ փող մուծեն ու ազատվեն հետապնդումից

Փետրվար 25,2019 15:37

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր, որ մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած, 27 տարին լրացած քաղաքացիներին թույլ տալ, որ գան ՀՀ, համապատասխան գումարը մուծեն ու ազատվեն քրեական հետապնդումից:

Գեւորգ Գորգիսյան

Այսօր այդ առնչությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ քաղաքացիների խնդրանքով նախագծում ավելի լայն հնարավորություններ են ուզում տալ՝ ժամկետը փոխելով՝ մինչեւ 2019-ի մարտի 1-ը: Այսինքն, բոլոր այն տղաները, որոնք բանակում չեն ծառայել ու իրենց 27 տարեկանը լրացել է կամ լրանալու է մինչեւ 2019-ի մարտի 1-ը, կարող են գալ:

Հիշեցնենք, որ ամեն տարի այս օրենքում փոփոխություններ են արվում ու ժամկետը երկարացնում: Նախորդ անգամ օրենքում փոփոխություն կատարելով՝ մեծացրեցին նաեւ գումարի չափը՝ 1,8 մլն-ից դարձնելով 3 մլն 600 հազար դրամ:

Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ ամեն տարի այս օրենքը փոփոխությունների է ենթարկվում եւ երկարացվում է. «Ամեն տարի մարդիկ փախնում են, սպասում են այս օրենքին, որ մի երեք տարի էլ կթաքնվենք, կգանք»: Սասուն Միքայելյանն ասաց՝ էս չգիտեմ սրանով քանի՞ մարդ կազատվի: Գորգիսյանն ասաց, որ նախորդ կառավարության ժամանակ այս օրենքում այնպիսի լուծում էին տվել, որ դա վերջին անգամ է լինելու ու այլեւս հնարավորություն չեն տալու ժամկետը երկարացնել: Բայց մյուս կողմից էլ, Գորգիսյանն ասաց, որ խոսել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, չկա այս պահին համակարգային լուծում: Խոսքը այն տղաների մասին է, որոնք փոքր ժամանակ գնացել են ՀՀ-ից ու հիմա ակնկալիք ունեն վերադառնալ, նրանց այդ ակնկալիքից զրկելը ճիշտ չի լինելու:

Սասուն Միքայելյանն ասաց, որ սա դիվիդենտ շահելու բան է, բայց կարեւոր է, որ մարդիկ զգաստանան. «Եթե նորմալ օրենք չգործի, մարդիկ բոլորն էլ կխուսափեն բանակից»:

Հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Խաչատրյանն ասաց, որ նպատակահարմար է գտնում այս օրենքի ընդունումը, որովհետեւ հնարավորություն կլինի 27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալ ՀՀ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ռուբիկ Ստեփանյանն ասաց, որ ամեն ինչ պիտի անեն բարեկամների, հարազատների միջոցով, որ բանակից խուսափածները շուտ գան: Սասուն Միքայելյանն էլ պատասխանեց, որ բարեկամների, հարազատների միջոցով այդ հարցը չի լուծվի, պետականորեն լուծում է պետք:

Կառավարությունը նախագծին նույնպես կողմ էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «3225 մարդ ունենք 27-35 տարեկան: 35 -ից հետո քրեական հետապնդումն, ըստ էության, դադարեցվում է»: Նա ասաց, որ այնպիսի լուծում պետք է գտնեն, որ ոչ զորակոչին վնասեն, ոչ էլ պաշտպանական համակարգին. «Ըստ էության, երեխա են եղել այս մարդիկ, որ գնացել են, չեն էլ իմացել, թե գնալով՝ իրենց ծնողները ինչ խնդիր են լուծում, բայց այստեղ մենք պետք է առաջնորդվենք պետական շահով: Այս պահի դրությամբ ունենք հետախուզվող մոտ 10 հազարից ավելի քաղաքացի»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ բանակից խուսափելը չի խրախուսվելու, այսօր չկա այդպիսի թեմա, որ պաշտոնատար անձանց երեխաները ինչ-ինչ ճանապարհներով ազատվեն բանակից ու չծառայեն:

Նախագծին միաձայն կողմ քվեարկեցին, այն նաեւ ստացավ դրական եզրակացություն ու ընդգրկվեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728