Անուշավան Մանուկյան
Երևանի պետական համալսարան
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
ՄԱՀՀԻ ժողովրդավարության IX դպրոցի շրջանավարտ
Ապրիլի 17-ին՝ Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախատեսված ընտրություններին ընդառաջ, նույն ամսվա 12-ից մայրաքաղաքում ու Հանրապետության այլ բնակավայրերում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական խմբերի նախաձեռնած «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» շարժումով Հայաստանը հետզհետե ընկղմվեց ներքաղաքական խոր ճգնաժամի մեջ։
Մինչև մայիսի 8-ը տևած փողոցային անհնազանդության գործողությունների արդյունքում, երբ Սերժ Սարգսյանն արդեն ապրիլի 23-ին համաժողովրդական ճնշման ներքո հրաժարական էր տվել վարչապետի իր պաշտոնից, ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվեց ՀՀ վարչապետ։
Չնայած խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ լինելուն՝ հեղափոխության քաղաքական առաջնորդը վարչապետի պաշտոնը ստացավ խորհրդարանի վրա հանրության լայն զանգվածների ճնշման շնորհիվ, որոնց համար կառավարության ղեկավարի միակ ֆավորիտ թեկնածուն նա էր։ Իշխանափոխությունը տեղի ունեցավ անարյուն և առանց որևէ արտաքին դերակատարի միջամտության։
Իրադարձությունների զարգացմանն ուշիուշով հետևում էին աշխարհի ամենատարբեր երկրներից։ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված էր հետխորհրդային երկրների համար աննախադեպ խաղաղ իշխանափոխության այդպիսի գործընթացով։
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը չէր կարող անտարբեր թողնել հատկապես Հայաստանի տարածաշրջանային դաշնակից և գործընկեր Մոսկվային, որի տարածաշրջանային շահերը կարող էին լրջորեն տուժել. իշխանության եկած բոլորովին նոր կառավարության նոր արտաքին քաղաքականություն որդեգրելու հնարավորությունը խիստ անհանգստացնում էր թե՛ Կրեմլին և թե՛ հայաստանյան իրադարձություններին հետևող ազգաբնակչությանը։
Ռուսաստանից եկող այդպիսի անհանգստության համար հիմք էր դարձել մասնավորապես այն փաստը, որ Փաշինյանը մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելը, երբ դեռ ընդդիմության ներկայացուցիչ էր, 2017թ. աշնանն Ազգային ժողովում հանդես էր եկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը քննարկելու ու Կրեմլի համար կարևոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ինտեգրացիոն միավորից դուրս գալու գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությամբ։
Սակայն Փաշինյանի այդ դիրքորոշումը փոխվեց, երբ քաղաքական իրավիճակը թևակոխեց հեղափոխական ու հետհեղափոխական փուլ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա ոչ միայն արմատապես փոխեց իր դիրքորոշումն այդ հարցով, այլև սկսեց կողմ հանդես գալ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացման և ընդլայնման օգտին։
Շատ չանցած՝ Հայաստանի նոր իշխանությունների՝ արտաքին քաղաքականության մեջ որդեգրած դիրքորոշումը պարզ դարձավ, երբ ՀՀ վարչապետ Փաշինյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ այս իրադարձություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը չի փոխվում և չի փոխվի, քանի որ ապրիլին տեղի ունեցած համաժողովրդական շարժման օրակարգում արտաքին քաղաքականության հարց չի եղել, և դա զուտ ներքաղաքական գործընթաց էր՝ կապված ներքին խնդիրների հետ։
Դիրքորոշման այդպիսի փոփոխությունը կարելի է հասկանալ որպես անհրաժեշտություն՝ ներքաղաքական իրավիճակին ու աշխարհաքաղաքական իրողությանը համապատասխան գործելու համար։
Սակայն ինչպե՞ս է հնարավոր չփոխել արտաքին քաղաքականության ռազմավարությունն այն դեպքում, երբ հեղափոխության արդյունքում ձևավորվել է ներքաղաքական նոր իրավիճակ, այլ արժեհամակարգ հռչակած նոր կառավարություն, սկսվել է երկրի խորքային ժողովրդավարացման գործընթաց։ Վերջ ի վերջո յուրաքանչյուր պետության ներքաղաքական իրավիճակն իր արտացոլումն է գտնում պետության վարած արտաքին քաղաքականության մեջ։
Անկախացումից ի վեր Հայաստանի ներքաղաքական կյանքում դեռևս պահպանվում են պետության ներքին կայունության, բարեկեցության, ազգային անվտանգության ամրապնդման ու ապահովման համար լրջագույն ռիսկեր ստեղծող մի շարք խնդիրներ, որոնք մեծապես խոչընդոտում են պետության զարգացմանն ու առաջընթացին: Սակայն դրանք մինչ այժմ ոչ միայն պատշաճ լուծումներ չեն ստացել, այլև ավելի են խորացել ու սերտաճել նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետ։
Ի թիվս ներքաղաքական նշանակություն ունեցող խնդիրների՝ կուտակվել ու սրվել են նաև արտաքին քաղաքական խնդիրներ և մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար բավական չէ ունենալ հզոր բանակ և կայուն ներքաղաքական իրավիճակ, անհրաժեշտ են նաև բավականաչափ ջանքեր` ուղղված արտաքին քաղաքական հարթակներում սեփական շահերի պաշտպանությանը և առկա սպառնալիքների չեզոքացմանը։
Նախորդ իշխանությունների վարած անարդար և կոռուպցիոն քաղաքականությամբ, քրեաօլիգարխիկ համակարգով պայմանավորված ոչ բարվոք սոցիալական իրավիճակը հասարակության տեսադաշտից աստիճանաբար դուրս է մղել պետության արտաքին քաղաքական խնդիրները։ Անգամ ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հասարակության մտահոգությունը վերջին ժամանակներում նկատելիորեն նվազել է՝ տեղափոխվելով մասնագիտական դաշտ։
Այնինչ արդի դիվանագիտության հրամայականներից է անընդհատ և բազմավեկտոր քաղաքականություն վարելը, սակայն մոտ երկու տասնամյակ տևած Հայաստանի վարած քաղաքականությունը կարելի է մեծապես միավեկտոր բնորոշել։ Դրա օբյեկտիվ պատճառն այն էր, որ անկախություն ձեռք բերելու ճանապարհին առկա ոչ նպաստավոր իրադրությունը (պատերազմ, աղետ, փակ սահմաններ) թույլ չէր տալիս լիարժեքորեն իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Հետագայում այս ամենին գումարվեց նաև սուբյեկտիվ գործոն. արդեն ռուսաստանամետ իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում Հայաստանը մի շարք կարևորագույն ոլորտներում առավել մեծացրեց իր կախվածությունը Ռուսաստանից, ինչը համեմատական է պետության անվտանգության խոցելիությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ Ռուսաստանն անմիջական կողմ չէ, սակայն սպառազինության վաճառքը հակամարտող կողմերին, ինչպես նաև առկա ազդեցությունը տարածաշրջանում նրան թույլ են տալիս սեփական վերահսկողության տակ պահել իրավիճակը՝ հարկ եղած դեպքում ազդելով ուժերի հարաբերակցության վրա։
Այս դեպքում Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած նոր կառավարությունը, ի տարբերություն նախորդների, վայելում է ժողովրդի վստահությունը, ունի լեգիտիմության մեծ պաշար, որը լավ հնարավորություն է քաղաքական լուրջ փոփոխություններ իրականացնելու, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը նոր շունչ հաղորդելու համար։
Հայաստանի ներքաղաքական զարգացումներին զուգընթաց՝ քաղաքական մեծ փոփոխություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, որտեղ ներկայիս իրավիճակը բավական անկայուն է, ինչը պայմանավորված է Սիրիայում և Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմներով, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ու Իրանի սրացող հարաբերություններով։
Ուշադրության կենտրոնում պահելով ներքին քաղաքական զարգացումները Հայաստանում և փոխարենն անտեսելով տարածաշրջանային գործընթացները՝ դրանք կարող են մեծ բացթողում լինել և անցանկալի հետևանքներ ունենալ պետության անվտանգության ու շահերի տեսանկյունից։ Նամանավանդ, որ տվյալ գործընթացներում մեծ է Հայաստանի անմիջական հարևան և տարածաշրջանային պետություններ Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դերակատարումը, որոնք ամեն կերպ ձգտում են օգտագործել առկա հակամարտությունները սեփական ազդեցությունը մեծացնելու և հնարավոր շահաբաժինների հասնելու համար։
Արդի իրականությունում իրադարձությունները զարգանում են արագ և անկանխատեսելի, որտեղ նախկին թշնամիները դառնում են դաշնակիցներ, իսկ Հայաստանը, ցավոք, աչքի չի ընկնում իր նախաձեռնողական կամ ակտիվ քաղաքականությամբ, ինչը նրան դուրս է թողնում ընթացող գործընթացներից, երբ առանց այն էլ շրջապատող «բարեկամ» պետությունները շատ չեն։
Հայաստանը, սակայն, անկախությունից հետո երկար ժամանակ գտնվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղեծրում և նրա ֆորպոստային քաղաքականության շահերն անշեղորեն գերադասել սեփականից, ինչի արդյունքում առաջին պլանից դուրս մղվեց այլ ուղղություններով դիվանագիտական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտությունը։ Այնինչ յուրաքանչյուր պետության անվտանգությունը և շահը պահանջում են անմիջական հարևան պետությունների հետ առավելագույնս բարվոք հարաբերություններ։
Հայաստանյան քաղաքական էլիտայի կողմից ըստ արժանվույն գնահատված չէ հատկապես Իրանի նման անմիջական հարևանությամբ գտնվող երկիրը, որը տարածաշրջանում և դրանից դուրս կարևորագույն նշանակություն ունեցող պետություններից մեկն է, ինչպես նաև այն բազմաոլորտ հնարավորությունները, որոնք կարող են տալ այդ երկրի հետ լավ հարաբերությունները։ Իրանը, իրավամբ, կարելի է համարել Հայաստանի համար չհետազոտված օբյեկտ՝ չնայած տարածաշրջանային առումով երկուստեք շահերի առավելագույն համապատասխանությանը։
Ինչ վերաբերվում է մյուս հարևան երկրներին, ապա Հայաստանի հարևաններից ամենաթշնամական Ադրբեջանի քաղաքական դրությունը կայուն է և չնայած գոյություն ունեցող բազմաթիվ ներքաղաքական խնդիրներին` այն շարունակում է զարգանալ, ինչպես նաև զարգացնել գրեթե բոլոր երկկողմանի գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Թուրքիայի հետ շարունակվում է նրա սերտ դաշնակցային քաղաքականությունը։
Թուրքիան կարողացել է հարթել Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները, վերականգնել և ամրապնդել հարաբերությունները։ Անկարան կարողացել է նաև հասնել Իրանի հետ ռազմավարական փոխզիջման, իսկ Սիրիայում ունեցած ռազմական և դիվանագիտական հաջողությունները թույլ տվեցին նշանակալիորեն մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում։
Իրանն ամրապնդել է իր դիրքերը Մերձավոր Արևելքում՝ մասնակցելով և էական դերակատարում ունենալով տարածաշրջանային հակամարտություններում։ Թեհրանն այժմ բավականին մերձեցել է Թուրքիայի և Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքական հարթակներում։
Ռուսաստանն իր հերթին շարունակում է ընդլայնել իր ռազմաքաղաքական գործունեության ծավալները Մերձավոր Արևելքում՝ մեծացնելով սեփական ազդեցությունը տարածաշրջանում և դերակատարումը՝ տարածաշրջանային գործընթացներում. նա, մասնավորապես առավել ակտիվ ռազմաքաղաքական դերակատարում ունի Սիրիայում։
Պարզապես նկատենք, որ այս երկրներից յուրաքանչյուրն ԱՄՆ-ի հետ ունի իր հարաբերությունների ուրույն ձևաչափը, որոնք կարելի է բնութագրել ոչ բարվոք։ Ստեղծվող իրադրությունում NATO-ի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում արտահայտվում է միայն տարածաշրջանի երկրներին համագործակցային ծրագրերում ներգրավելով։ Այս դեպքում NATO-ի ներկայության մասշտաբների մեծացմամբ խիստ շահագրգռված է Վրաստանը, որի ակտիվությունը և նախաձեռնողականությունը պայմանավորված են Հարավային Կովկասում ռուսաստանյան զգալի ազդեցությանն այլ ուժի հակադրելու ձգտմամբ։
Հայաստանյան նախկին իշխանությունների խիստ ռուսաստանամետ քաղաքականությունը թույլ չէր տալիս գոնե բավարար չափով սերտացնել հարաբերությունները NATO-ի հետ՝ դա դիտարկելով սկզբունքորեն Ռուսաստանի դեմ ուղղվող քայլ, իսկ առավել ևս ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնելուց հետո NATO – Հայաստան հարաբերությունները դարձան առավել զսպված։
Մերձավորարևելյան տարածաշրջանային իրադրության տեսանկյունից Հայաստանը չունի որևէ նշանակալի քաղաքական դերակատարում, իսկ որպես կովկասյան տարածաշրջանի դերակատար՝ նրան նշանակություն են տալիս ղարաբաղյան հակամարտությունը և Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան։ Այժմ, սակայն, Հայաստանում ռուսական ռազմաբազայի նշանակությունը նվազել է՝ ի հաշիվ Մերձավոր Արևելքում ռուսական ռազմական ենթակառուցվածքի ընդլայնման, մասնավորապես Սիրիայում ռազմածովային և ռազմաօդային բազաների։ Հայաստանի քաղաքական նշանակության նվազման վրա ազդում է նաև ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը, որոնք ամրապնդվում են տնտեսական համատեղ խոշոր ծրագրերով: Դրանց թվին են դասվում TurkStream գազատար խողովակաշարի անցկացումը և Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցումը։ Միաժամանակ, Հայաստանի տնտեսությունը բավականին համեստ է ռուսաստանյան պետական և մասնավոր ընկերությունների համար գրավիչ լինելու համար։
Վերը նշված գործոնների խորապատկերին Մոսկվան գնալով առավել զգուշորեն է գործում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կանխատեսման և գնահատման, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակը և հայաստանյան քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հռետորաբանությունը հիմնովին վերլուծելու հարցերում։
Այլ հարց է, թե ինչու Ռուսաստանը որևէ քայլ չձեռնարկեց ստեղծված իրավիճակի վրա ազդելու համար, այլ ընտրեց դիտորդի դերը։ Հնարավոր տարբերակ է, որ Մոսկվան դասեր է քաղել իր սխալներից, որոնք թույլ է տվել հետխորհրդային երկրներում նախկինում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, օրինակ, քաղաքական ձախողումները Վրաստանում և Ուկրաինայում։ Այսինքն` Մոսկվայի չմիջամտելու քաղաքականությունն այլևս հիմնված է առավել իրատեսական քաղաքականության վրա, բացի այդ չի տուժի նրա իմիջը միջազգային հանրության առջև։ Վերջիվերջո հայաստանյան քաղաքական դաշտում զգալի թիվ են կազմում ռուսաստանամետ ուղղությանը տևական ժամանակ ծառայած/պատկանած գործիչները, որոնք հարկ եղած դեպքում կարող են նպաստել կորսված ազդեցության վերականգնման գործին։ Բացի այդ ՀՀ բնակչության մեծամասնությունն իրեն չի համարում մշակութային առումով ազատական մտածելակերպի կրող, ոչ էլ տնտեսագիտական դասակարգմամբ՝ միջին խավի ներկայացուցիչ, ինչը նրանց ռուսաստանամետ հոսանքի պոտենցիալ կողմնակից է դարձնում, իսկ դա ևս միանշանակորեն բխում է Ռուսաստանի շահերից։
Առհասարակ Ռուսաստանի ֆորպոստային քաղաքականությունը Հայաստանի հանդեպ պայմանավորված է հիմնականում ռազմական ուժի և ռուսաստանամետ ուժեղ հոսանքի առկայության գործոններով։ Նման քաղաքականության հանդուրժումը Հայաստանի կողմից կարելի է համարել սեփական շահերի ստորադասման արդյունք, իսկ առկա գերկախվածությունից ազատվելն ուղղակիորեն բխում է պետության անվտանգության շահերից։
Տվյալ իրադրությունում Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանները կարող են լինել նախևառաջ և միմիայն իրավունքի ու օրենքի վրա հիմնված ազգային միասնականության մթնոլորտը, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը։
Տևական ժամանակ հայաստանյան իշխանությունների համեստ և զուսպ քաղաքականությունը պատճառ է դարձել, որպեսզի անգամ հենց սեփական ժողովրդի շրջանում տարածված լինեն այն համոզմունքները, թե թույլ և փոքրիկ Հայաստանի իշխանությունները հակված չեն, չեն ձգտում իրականացնել բարեփոխումներ, թե Հայաստանն ի զորու չէ պաշտպանել իր սեփական շահերը, և ժողովուրդն անկարող է իրականացնել որևէ էական փոփոխություն։
Քաղաքականության մեջ բոլորովին դեր չի խաղում պետության մեծ կամ փոքր լինելը, այլ հարց է, թե ինչպիսի խաղ է ընթանում, ու ինչպիսի խաղադրույքների մասին է խոսքը։
Որքան էլ անկեղծ լինեն նոր կառավարության նպատակները և նպատակային՝ նրա նախաձեռնությունները, այնուամենայնիվ, արդեն դրվել է քաղաքական համակարգի նոր սկիզբ, որը, ի տարբերություն նախորդների, կրում է ժողովրդական կարծիքի ազդեցության գործոնը, ուստի բեկումնային կարող է լինել կառավարության վարքագծի յուրաքանչյուր դրսևորում, որը չի ընդունվի ժողովրդի կողմից։ Այսպիսով, մեր խնդիրն է վերացնել այդ մենթալ պատը՝ անընդհատ վերլուծելով և վերանայելով սեփական սխալ համոզմունքները։
Գոյություն չունի այնպիսի խնդիր, որի համար հնարավոր չլինի գտնել որևէ լուծում։ Պարզապես հարկավոր է արմատապես հասկանալ տվյալ խնդրի էությունը, գտնել նրան սնուցող աղբյուրները։
Դեռևս Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակներից թեստավորված մոտեցումների փոխարեն կարելի է տեսնել անընդհատ քայլեր դեպի ինքնամեկուսացում/ասիականացում, հնարավոր և ձեռնտու հեռանկարների ձախողում և այլն։ Այս ամենը հաստատապես երաշխավորված է, որը չի ավելացնելու երկրի ո՛չ տնտեսական դինամիկան, ո՛չ մրցունակությունը։
Աշխարհը փոխվում է արագորեն և նպատակասլաց՝ միաժամանակ գտնվելով տարբեր պետությունների համագոյատևման նոր տիպի և առավել կատարյալ տնտեսական մոդելի անընդհատ որոնումների մեջ։
Հայաստանի քաղաքական էլիտան նույնպես պետք է ինտենսիվորեն զբաղվի նոր քաղաքական այլընտրանքների որոնմամբ, քանզի, եթե հին ճանապարհները նոր դուռ չեն բացում, նշանակում է՝ պետք է փորձել խնդրի լուծման այլ ճանապարհներ։
Այլ ճանապարհներ ասելով, դժբախտաբար, շատերը հասկանում են ռուսաստանամետ կամ արևմտամետ միավեկտոր քաղաքականություն։ Իհարկե, որոշ առումով քաղաքական կուրսը պետք է ունենա որևէ գերակշռող վեկտոր, քանզի ստատիկ/պասիվ քաղաքականության դրսևորումը, ըստ էության, նմանվում է «դամոկլյան սրի», սակայն որևէ վեկտորի գերակշռություն չպետք է հետզհետե «հյուծի» ու խաթարի պետության սուվերենությունը:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)