Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Մարդիկ կարծում են` հենց դասագիրքը լավացավ, կրթությունը գլխի վրա շուռ կգա»

Փետրվար 25,2019 14:38

«Մինչեւ նախարարության աշխատանքի անցնելը՝ շուրջ 2 տարի քննարկվում էր մի նախագիծ, որը ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում էր, դեկտեմբերի վերջին էլ համաձայնագիրը ստորագրվել է: Նախագծի բաղադրիչներից մեկը վերաբերում է STEAM առարկայախմբի առարկաների 1-12-րդ դասարանների առարկաների չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի բարեփոխմանը»,- «Կրթական բարեփոխումներ». ե՞րբ և ինչպե՞ս է փոփոխվելու դասագրքերի բովանդակությունը թեմայով քննարկման ժամանակ նշեց ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Ասաց, որ ի սկզբանե նախատեսված էր, որ մեկ կազմակերպություն պետք է զբաղվեր դրանով, սակայն բանակցություններից հետո որոշվեց, որ ծրագրերն ու փաստաթղթերը պետք է մշակվեն պետական հենքի վրա, ու մարդիկ կարող են ընդգրկվել առարկայական ծրագրերի մշակման խմբերում:

Ինչ վերաբերում է դասագրքերին, տիկին Անափիոսյանը նշեց, որ դասագրքերի ստեղծումը կայանում է դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցով, եւ դա տեւում է մեկ տարի, սակայն բացի դասագիրքը մշակելուց, կա փորձաքննության շրջան, որը փոխնախարարի ձեւակերպմամբ, նախկինում ձեւական բնույթ է կրել:

«Եթե մենք այսօր նախաձեռնենք դասագրքերը փոխելու գործընթաց, դա նշանակում է, որ լավագույն դեպքում 2020թ. մարտին ունենալու ենք նոր դասագիրք, արդյոք դա չե՞նք համարի պետության միջոցների վատնում, եթե գործընթաց ենք նախաձեռնել 1-12-րդ դասարանների միայն STEAM առարկաների համար, բայց նաեւ ՀԲ-ի վարկային ծրագիրը կա, այլ առարկայախմբերի չափորոշիչներն ու ծրագրերը պետք է փոխվեն…Ինչու բավականին մեծ ռեսուրս ծախսել ու դասագիրք փոխել, որը հաջորդ տարի մեզ կարող է պետք չգալ»,- ասաց նախարարի տեղակալը:

Նա հավելեց, որ եթե դասագրքերը այս տարի փոխեն, եկող տարի չափորոշիչները փոխված կլինեն, ու այդ դասագրքերն այլեւս արդիական չեն լինի: Փոխնախարարը հայտնեց, որ չափորոշիչների փոխվելուց հետո վարկային ծրագրով դասավանդման եւ ուսումնառության նյութերը նույնպես կփոխվեն: Դրա համար, խնդիրն իմանալով` դասագրքերի փոփոխության գործընթացը չեն սկսում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայնեց փոխնախարարի հետ, որ դեռեւս դասագրքերի մասին մտածելու ժամանակը չէ: Նրա կարծիքով՝ ավելի կարեւոր խնդիր կա, որ մինչ այդ պետք է լուծվի: Դա կրթակարգի մոտեցումն է: «2003-04թթ. Հայաստանում տեղի ունեցավ մի կարեւոր գործընթաց, որը Անկախության տարիների ամենալուսավոր կետերից մեկն է` Հայաստանում առաջին անգամ մշակվեց կրթակարգ: Կրթակարգն այն է, որ մինչեւ առանձին առարկաների մասին մտածելը փորձում ես փոխկապակցված, կուռ տրամաբանությամբ ձեւակերպել, թե ինչ ես ուզում, որ դպրոցներում երեխաներին սովորեցնեն:

Երբ հարցը թողնում ենք առարկաների մասնագետներին, մեջտեղ է գալիս ակադեմիական էգոիզմը, ամեն մասնագետ որոշում է, որ հենց իր առարկան ու դասագիրքը պետք է ամենաշատ ժամերն ու բովանդակությունը ստանա, եւ հենց այդտեղ սկսվում են միջոլորտային կռիվները, ժամ փախցնել եւ այլն… Իսկ եթե կրթակարգ են ստեղծում, այն պետք է է լինի ոչ ավելի, քան տասը էջը, բայց փաստաթղթի ամեն մի նախադասությունը պետք է «եփել», հասունացնել, որ դառնա այն միավորող բանը, որ շատ կարեւոր է ունենալ մեր կրթության հիմքում»,-համոզված է կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը փաստում է, որ վերջին տարիներին այս ուղղությամբ ոչինչ չի արվել, մարդիկ սկսել են միմյանց վատ հասկանալ: Մինչդեռ, նրա համոզմամբ. «Որպեսզի արդյունավետ կրթակարգ ունենաս, պետք է ունենաս մարդկանց մի խումբ, որ այնքան են միմյանց հետ քննարկումներ արել, հասունացրել են որոշակի գաղափարներ: Հայաստանում նման գործընթացներ չեն եղել, ամեն մեկն առանձին գրել է իր դասագիրքը: Ընդ որում, 2015-16թթ. մի խումբ ստեղծվեց չափորոշիչների վրա աշխատող, ափալ-աթալ մի բան գրեցին, ու ինչ-որ իմաստով լավ եղավ, որ չընդունվեց»:

Սերոբ Խաչատրյանը փաստում է, որ բոլորին ամենաշատը հետաքրքրում է դասագիրքը. «Մարդիկ կարծում են, թե հենց դասագիրքը լավացավ, կրթությունը գլխի վրա շուռ կգա, բայց դա այդպես չէ, որովհետեւ դասագիրքը գործիքներից մեկն է: Իսկ լավ դասագիրք ունենալու համար նախ եւ առաջ պետք է լավ կրթակարգ ունենալ, հետո նոր մշակել առարկայական չափորոշիչներ, ապա ստեղծել դասագրքեր»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728