Փետրվարի 15-17-ը Թբիլիսիում կայացել էր աշխատաժողով, որի հետ կապված այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Սոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը ասուլիս էին հրավիրել: Աշխատաժողովին մասնակցել է նաեւ «Քաղաքացու որոշում» արտախորհրդարանական ուժը:
Գայանե Աբրահամյանն ասաց, որ դատական համակարգի անկախության առումով Վրաստանում արմատական փոփոխությունների են գնացել: Դատավորների բարեվարքության մոնիտորինգի մեխանիզմներ են Վրաստանում ներդրվել, համակարգված ծառայությունների մատուցման համակարգ է այնտեղ գործում. «Թբիլիսիում արդարադատության պալատում մոտ 400 ծառայություններ են մատուցվում համակարգված՝ անձնագիր, վիզա, ժառանգություն, կադաստրի թուղթ, ամուսնություն, բաժանում, մահվան թուղթ, ամեն ինչ տրվում է մեկ պատուհանից: Վրաստանում 22 նման պալատներ կան ու ուղղակի զարմանում եմ, որ նման մոդել ՀՀ-ում չի կիրառվում»:
Թագուհի Ղազարյանն ասաց, որ վրացի գործընկերները բաց էին՝ իրենց սխալների մասին պատմելու ու իրենց ճանապարհ ցույց տալու:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ ամենակարևոր խնդիրը, որ լուծել է այս տարիներին Վրաստանը՝ համակարգի փիլիսոփայության փոփոխությունն է, համակարգը հարմարեցված էր մարդուն: Զարուհի Հովհաննիսյանը խոսեց դատական համակարգի ու ոստիկանական համակարգի տրանսֆորմացիայի մասին: Նա ասաց, որ ոստիկանական բաժանմունքների՝ ճարտարապետական տեսանկյունից թափանցիկ լինելը եւս ազդակ էր, որ աշխատում են բաց ու թափանցիկ, գործարքների չեն գնում. «Իրենք ասում էին՝ եթե ցանկացած երիտասարդի մոտենաք ու ասեք՝ ոստիկանության աշխատակիցը փող է վերցրել ժամանակին, կասեն՝ Վրաստանում նման բան հնարավոր չէ: Սրընթաց փոփոխություններ են այնտեղ եղել»: Հովհաննիսյանն ասաց, որ ներման ինստիտուտը տարբեր է ՀՀ-ի այդ ինստիտուտից: Ներում շնորհում է նախագահը, առաջարկը ներկայացնում է անկախ ինստիտուտը: ՀՀ-ում դա գործադիր մարմնի մաս է, ուստի անկախ համարվել չի կարող:
Երբ խոսք եղավ քրեակատարողական հիմնարկների մասին, Թագուհի Ղազարյանն ասաց, որ Վրաստանի ՔԿՀ-ներում զբաղվածության հարցն են լուծել, ու կփորձեն ամեն ինչ անել, որ ՀՀ բանտերում էլ Վրաստանի զբաղվածության հարցերը լուծվեն: Վրաստանում դրա շնորհիվ կրկնահանցագործությունները քիչ տոկոս են կազմում:
Սոս Ավետիսյանն էլ ասաց, որ շատ կարեւոր է, որ Վրաստանում դատական դպրոց կա, ովքեր են դառնում դատավոր: Էթիկայի, բարեվարքության առումով պետք է ի սկզբանե ունենալ կրթական ճիշտ համակարգ. «Դատավորները, հատկապես ՍԴ-ի դատավորները, ունեն ժամկետային սահմանափակումներ: Մեզ մոտ նույնպես դրան են գնում»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Հայաստանում դատավորների բարեվարքության մոնիտորինգն ինչպե՞ս եք պատկերացնում ու ի՞նչ մեխանիզմով եւ արդար դատավորների մասին խոսեցիք, արդյո՞ք դատավորների աշխատավարձը բարձրացնելով՝ կստիպեք դատավորներին կոռուպցիոն գործարքների չգնալ՝ հաշվի առնելով, որ միշտ էլ կգտնվեն գայթակղիչ առաջարկներ, որոնք բարձր կլինեն իրենց աշխատավարձից: Գայանե Աբրահամյանը պատասխանեց. «Ըստ էության, միայն աշխատավարձի բարձրացումը որեւէ կերպ չի կարող կանխել կոռուպցիայի մեջ ներքաշվելու պրոցեսը, վերահսկման մեխանիզմներ պետք է լինեն: Եթե բարձրանում է աշխատավարձը, կարող է դա բարձրացնել կոռուպցիայի գործարքի գները: Բայց դատավորները պետք է ունենան սոցիալական պաշտպանվածություն, հակառակ դեպքում արդար դատավորներ ունենալը բավականին դժվար է»:
Ինչ վերաբերում է բարեվարքության մոնիտորինգին, Գայանե Աբրահամյանն ասաց, որ Վրաստանի սկզբունքը գործուն մեխանիզմ է. «Մի քանի ամիս նոր դատավորներն անցնում են երկար մոնիտորինգային ծրագիր: Դատավորը նշանակվելուց հետո էլ ամիսներ շարունակ անընդհատ մոնիտորինգի է ենթարկվում: Դատավորի ցանկացած որոշում ամիսներ շարունակ վերահսկվում է, նաեւ վերահսկվում է ցանկացած դատական նիստ, փորձագետներն էլ անընդհատ փոխվում են, որ կաշառքի մեխանիզմներ չլինեն: Դա բավական գործուն մեխանիզմ է, կարող են դիտարկել ու գրեթե նույնությամբ կիրարկել ՀՀ-ում: Բայց պետք է նաեւ այլ երկրների փորձը դիտարկենք»:
Վրաստանի փորձը նկատի ունենալով՝ Զարուհի Հովհաննիսյանն ընդգծեց, որ այնտեղ պարբերաբար վերանայվել են դատավորների սոցիալական երաշխիքները, երբեմն այնքան են մեծացվել այդ գումարները, որ եթե դատավորին որեւէ բան է պատահում, նրանց ընտանիքները բավականին լուրջ միանվագ փոխհատուցում են ստանում:
Ասուլիսի վերջում բանախոսներից հետաքրքրվեցին, թե իրենց գործուղումը որքա՞ն է արժեցել ՀՀ պետբյուջեի վրա: Պարզվեց՝ պետբյուջեի հաշվին չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ