Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում հավաք կլինի. «Տարածքներ զիջելու կոչ անողներն արագացնում են պատերազմը»

Փետրվար 25,2019 14:04

Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի եւ Սումգայիթի հայերի ջարդերի 30-ամյա տարելիցի առթիվ փետրվարի 26-ին ժամը 16:00-ից Ծիծեռնակաբերդի բարձունքից կմեկնարկի «Հողեր չունենք տալու» կարգախոսով հավաքը: Մասնակիցները երթով կհասնեն մինչեւ Ազատության հրապարակ: «Այդ ջարդերն ապացույցն են այն բանի, որ հիմա Արցախյան հակամարտության բանակցություններում մենք խաղաղություն մուրալու եւ խնդրելու իրավունք չունենք: Սա ազգային հավաք է, որի նպատակն է՝ իրազեկել բանակցային գործընթացի պատասխանատուներին՝ կա սահման, որից ավելի մեր վարչապետից պահանջելու իրավունք չունեք»,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանը:

Նրա բնորոշմամբ՝ անկախ նրանից, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ինչ ենք լսում «տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին, վերջինիս շրջանառությունը սոցցանցերում ակտիվ է. «Այդ շրջանառության մեջ նոր թեզ է դրվել, որը բավականին համարձակ է: Որոշ անհատներ գրում են, որ Ադրբեջանին պետք է ցամաքային ճանապարհ տալ դեպի Նախիջեւան՝ դրա դիմաց ֆինանսավորվելով ԱՄՆ-ից: Սա հրահրում է այն իրավիճակը, որը Արցախը կարող է կարգավիճակ ունենալ, բայց Ադրբեջանի կազմում»: Ըստ Չոբանյանի՝ բանակցային գործընթացում խաղաղության կեղծ օրակարգը պետք է բացառվի, քանի որ Ադրբեջանի պարագայում խաղաղության մասին խոսք լինել չի կարող»:

Անդրադառնալով հունվարին ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների այն հանդիպմանը, որի ընթացքում կարեւորվել է երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ խաղաղասիրական կոչերը կեղծ օրակարգ են. «Խաղաղության գործընթաց կարող ենք նկատել այն դեպքում, երբ Ադրբեջանը կսկսի փոխել վերաբերմունքը: Տարածքներ զիջելու կոչ անողներն արագացնում են պատերազմը: Որեւէ մեկը չի ձգտում պատերազմի, բայց «բարի» թվացող կարգախոսները մեզ կործանման են տանելու»:

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ նշեց, որ բոլորի համար է ուրախալի սահմանին կրակոցների թվի նվազումը, բայց  Արցախի հարցում մտահոգությունն առհասարակ չի փարատվել. «Երբ թուրքը խոսում է խաղաղությունից, դա նշանակում է, որ պետք է պատերազմի պատրաստվել: Այդ «խաղաղության» կոչը հերթական նենգ մտադրության մասին է խոսում: Զիջելու ոչինչ չունենք: Չգիտես ինչու՝ «Հանրային» հեռուստաընկերությամբ ցույց են տալիս մարդկանց, որոնք ասում են, թե որքան են կարոտել ադրբեջանցիների հետ վարունգի առեւտուր անելուն: Մեր հավաքով հիշեցնելու ենք, թե ում հետ գործ ունենք: Այցելելու ենք նաեւ «Եռաբլուր»՝ ծաղիկներ խոնարհելու մեր հայրերի, մեր որդիների շիրիմներին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2279092592359567/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պատմութիւնը (ոչ միայն հայոց) բազմիցս փաստել է՝ թէեւ զինուորականներն անասելի մեծ օգուտ են տալիս երկրին, բայց զինուորական մտածելակերպը, հոգեբանութիւնը յաճախ նաեւ պատուհաս է տուեալ երկրի համար:

    Ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելը ողջունելի քայլ է: Դա բնաւ չի ենթադրում տարածքների զիջում: Առաւել եւս դա չի ենթադրում, որ բանակը պէտք է իր զգօնութիւնը թուլացնի:

    Արցախի հարցում հայերի գերնպատակը Արցախի անկախութիւնը կամ Հայաստանին միանալը չէ, այլ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆՆ Է, որն ընդունելի կը լինի ԲՈԼՈՐԻ համար: Այլ հարց է, որ խաղաղութիւնը մենք պատկերացնում ենք «անկախութեան» կամ «միացման» տեսքով, բայց միւենոյն է՝ գերակայ նպատակը խաղաղութիւնն է:

    Վաղ թէ ուշ մենք նրանց հետ կողք կողքի ապրելու ենք խաղաղ պայմաններում, ինչպէս Խորհրդային տարիներին: Ես, լինելով Շամշադինից, կարող եմ ասել, որ շատ լաւ, անկեղծ ընկերութիւն կար իմ պապի սերնդակիցների միջեւ՝ գնում էինք առեւտուր էինք անում, նրանք էլ գալիս էին մեր անտառներում քեֆ-ուրախութիւն անում:

    Առհասարակ, մարդկանց հոգեբանութիւնը Երեւանում եւ Շամշադինում (սահմանում) շատ տարբեր է: Վստահ եմ՝ նոյնն էլ Ադրբեջանում է: Երեւանցիներից շատերը, որ կեանքում սահման չեն տեսել, թոյն են արտաշնչում ադրբեջանցի հասարակ ժողովրդի հանդէպ: Սահմանամերձ գիւղերում էդպէս չի: Մենք շատ լաւ ենք տրամադրուած, որովհետեւ նոյն մեզ նման գիւղացիներ են 500 մետր սահմանից էն կողմ: Ես սա որ ասում եմ, չի նշանակում, թէ մենք պատերազմից վախում ենք: Ընդհակառակը՝ արտակարգ կռուողներ ենք:

    Միով բանիւ, թող բանակն իր գործն անի, ինչպէս որ փայլուն կերպով արել է մինչ օրս: Բայց դրան զուգահեռ էլ դիւանագիտական, լրատուական, հոգեբանական միջոցներով պէտք է երկխօսենք ադրբեջանցիների հետ:

  2. Մարինա says:

    Կարպետից կարված գլխարկներն էլ հայրենասիրության մի հավելյալ ապացույց՝ բոլոր կասկածամիտներին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728