Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Այս նախագիծը հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Այս նախագիծը բազմաչարչար է. այն նախորդ գումարման խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ, հետո երկրորդ ընթերցման ժամանակ քվորում չկար, նախագիծը չընդունվեց:
Նախագծի հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս խորհրդարանին նախագիծը ներկայացրել է, քանի որ նոր Հայաստանում, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, մրցակցությունը խթանող ծրագրեր են պետք: Իսկ նախագիծը Գեւորգ Պետրոսյանը անվանում է գործող արհեստակցական միություններին այլընտրանք արհեստակցական միություններ ստեղծելու մասին նախագիծ: Գեւորգ Պետրոսյանի հիմնավորումները հետեւյալն են. նոր ստեղծվելիք արհեստակցական միությունները չեն խանգարելու գործող արհեստակցական միություններին, լինելու են լրացուցիչ մարմին գործատուների շահերը պաշտպանելու համար:
Նախագծով ենթադրվում է, որ տարբեր գործատուների հետ կապի մեջ գտնվող անձինք, ովքեր չեն վստահում տվյալ գործատուի մոտ գործող արհմիությանը, կարող են միավորվել այլընտրանքային արհմիությունում: Ըստ պատգամավորի՝ որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի «հովանու» ներքո եւ ամբողջական կախվածության մեջ են լինում գործատուից. «Արհեստակցական միությունների անդամները լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, կապի եւ տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց անդամի լիազորությունները անկախ եւ օբյեկտիվ օգտագործել: Նաեւ տեղական մակարդակներում գործող արհմիությունների բյուջեները համալրվում են գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչը ուղղակի կախվածության մեջ է դնում արհմիություններին»: Իր առաջարկած տարբերակում, ըստ պատգամավորի՝ անկախ արհեստակցական միությունները որեւէ կախվածություն չեն ունենում գործատուից, ֆինանսավորվում են բացառապես աշխատողների անդամավճարներով եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներով, ինչը այդ կառույցի գործունեության համար ողջամիտ հեռանկար է ստեղծում:
Կառավարությունն, ի դեպ, բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: Նիստին մասնակցող իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը համամիտ է Գեւորգ Պետրոսյանի հետ՝ ոլորտում փոփոխություններ են պետք, իր կարծիքով՝ հեղափոխական եւ հիմնովին, մինչդեռ Գեւորգ Պետրոսյանի նախագիծը Հերիքնազ Տիգրանյանն այդպիսին չի համարում: Ավելին՝ կարծում է, որ գործող օրենքը ճյուղային արհմիություններ ստեղծելու հնարավորությամբ ապահովում է Գեւորգ Պետրոսյանի առաջարկը: Գեւորգ Պետրոսյանն այդ կարծիքին չէ: Այստեղ նա հիշեց նախկին կառավարությանը, որը ցանկացած օրենսդրական փոփոխություն մերժում էր՝ հիմնավորելով, թե ոլորտին առնչվող մեծ փաթեթի քննարկումների ժամանակ այդ ամենը կներառվի:
Գեւորգ Պետրոսյանը վրդովվեց. «Արհմիությունների գործը պուտյովկա տալը չի, նոր տարվա նվերներ բաժանելը չի, արհմիությունները իրավապաշտպան գործառույթ ունեն, որը չի իրականացվում»:
Կառավարության ներկայացուցիչ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն էլ հիմնավորելով կառավարության բացասական տեսակետը, ասաց, որ Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած պատկերը արհմիությունների գործունեության մասին խորհրդային տարիներին էր, իսկ հետխորհրդային Հայաստանում արհմիություններն ազատ են եւ ներկայացնում են աշխատողների շահերը: Այդ կարծիքին են նաեւ ոլորտի ներկայացուցիչները: Մինչդեռ Գեւորգ Պետրոսյանը պնդում է. «Հիմա է, որ արհմիությունների դերը նվազել է, իսկ խորհրդային տարիներին ՀԱՄԽ-ի նախագահը շատ ուժեղ էր»: Ինչեւէ, կառավարության ներկայացուցիչը պնդում է՝ պատգամավորի առաջարկով արհմիությունների համար անկախություն ապահովելու հարցը վիճարկելի է, բայց որ այդպիսով արհմիությունների կյանքը բարդացնելու ենք, միանշանակ է:
Նախագիծը 4 «կողմ» 5 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ