Ալեք Մանուկյան փողոցում՝ Երեւանի պետական համալսարանի դիմացի մայթերը զավթել են ավտոմեքենաները՝ ընդ որում 2 շարքով: Սա ճանապարհային երթեւեկության խախտում է: Հետիոտնային անցման հատվածում, ժողովրդի ասած՝ զեբրայի վրա էլ ծառայողական պետհամարանիշով ավտոմեքենա էր կայանել, որը խոչընդոտում էր հետիոտների շարժը:
Մենք մոտ մեկ ժամ հետեւում էինք իրավիճակին, թե ճանապարհային ոստիկանությունն ինչ կանի: Ոչինչ էլ չարեց. իրավիճակը չփոխվեց: Ճանապարհային ոստիկաններն անցնում էին հանգիստ ու անտարբեր, կարծես մայր բուհի այդ հատվածում նման կոպիտ խախտումներն ուղղակի օրինաչափություն են:
Ճանապարհային կանոնների այս տեսակ խախտումների, ու սրանից էլ վատ, հաճախ կարելի է հանդիպել, իսկ ՃՈ-ն երբ պետք է՝ կամ չկա կամ դրանք չտեսնելու է տալիս:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
23.02.2019