«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը մարտի 1-ի ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու մասին
2008թ-ի մարտի 1-ի ոճրագործությունը վերստին ի ցույց դրեց, որ առաջին հայացքից իշխող կլանի նշանակետն ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչներն էին, այդ թվում՝ մեր կուսակցությունը, որից առգրավեցին նաև կենտրոնական գրասենյակը, բայց իրականում նրանք սարսափում էին ժողովրդից և դա էր պատճառը, որ մայրաքաղաքի կենտրոնը վերածեցին պատերազմի դաշտի՝ նպատակ ունենալով վերջնականապես կոտրել ժողովրդի ողնաշարը։ Մարտի 1-ի պահանջատերը ողջ հայ ժողովուրդն է։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի դրսևորած քաղաքական կամքը՝ ամբողջական բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մարտի 1-ի ոճրագործներին, միաժամանակ մտահոգված ենք ՀՔԾ-ի, դատախազության և մնացած իրավապահ համակարգի կողմից իրականացվող հնից շարունակվող իներցիոն գործելաոճը և անհասկանալի է մարտի 1-ի հիմնական դերակատարներ՝ Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի և մնացած դահիճների գործում չներկայացվելու իրողությունից։
Մենք դատապարտում ենք Մարտի 1-ի հիմնական գաղափարախոսի՝ Ռոբերտ Քոչարյանի ազգադավ կեցվածքը, որը իր կաշին փրկելու համար շարունակում է սեպ խրել հայ ժողովրդի մեջ։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում ժողովրդին ակտիվ մասնակցել Մարտի 1-ի երթին և պահանջել առանց բացառության բոլոր հանցագործներին ենթարկել պատասխանատվության։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն
25.02.2018թ.