Համացանցի հիթ է դարձել տեսանյութը, որտեղ երեւում է, որ մի միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերցնում է գետնին ընկած թուղթը՝ աղբը: Իսկ սրանից առաջ նույն վարչապետն ասել էր. «Իմ մոտ մտնող բոլոր մարդկանց խիստ ստուգման են ենթարկում, որ կաբինետ նվերներ չբերեն: Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետեւ դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես՝ վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»:
Նիկոլ Փաշինյանի խոսքի եւ գործի համադրումը ցույց է տալիս, որ վարչապետը ձեւականության կողմնակից է:
Եթե անձնական օրինակով ցույց ես տալիս, որ պետք չէ փնփնթալ, թե տարածքը մաքրողը լավ չի աշխատել ու կարելի է մի փոքրիկ թուղթը վերցնել ու գցել աղբամանը, ապա ինչո՞ւ նույնը չանել դեպի կոռուպցիա տանող նվերների պարագայում: Վարչապետի աշխատասենյակ մտած առաջին իսկ նվիրատուին բռնում ու ոստիկանություն ես կանչում: Տանում են ոստիկանություն ու բացատրություն վերցնում: Նվիրատուն ասում է, որ սա կաշառք չի, ուղղակի նվեր է: Արձանագրում ու բաց են թողնում: Վարչապետը նվերը չի վերցնում ու հրաժարվում է նորից հանդիպել սույն մարդուն կամ սույն հարցով ցանկացած այլ մարդու: Դե տեսեք որքան «զրկանքներ» կրեց պոտենցիալ նվիրատուն. հազիվ հաջողել էր վարչապետին հանդիպել, բան դուրս չեկավ, մի քանի ժամ անցկացրեց ոստիկանությունում, օրը կորավ, տրամադրությունն ընկավ: Վստահաբար հաջորդ այցելուն չի էլ փորձի նվեր տանել հետը: Ուղղակի սա ոչ ոք չի տեսնի ու չի լսի, ի տարբերություն փողոցում ընկած թուղթը վերցնելու կամ վարչապետի հետ հանդիպման եկած բոլոր անձնանց ստուգելու մասին լուրերի:
Իսկ պոտենցիալ ներդրողներին չնեղացնելու մասին վարչապետի մտահոգությունները անհիմն են: Ոչ մի իրեն հարգող ներդրող գործը չի սկսում իշխանությանը նվեր տալուց: Հակառակը՝ իշխանությունը պիտի «սիրի ու փայփայի» ներդրողին որ սա այլ երկիր չգնա քո երկրում մնա աշխատատեղ, բարիք ստեղծի, հարկեր վճարի: Լուրջ ներդրողը նախ ուսումնասիրում է երկրի օրենսդրական դաշտը, իր փողերի պաշտպանվածության օրենսդրական կարգավորումները, երկրի տնտեսական դաշտը, հանդիպում մի երկու փորձագետի եւ որոշում առնելուց հետո միայն պետական կառույցների հետ աշխատանք սկսում: Ու հեչ պարտադիր չէ, որ պետականը լինի վարչապետը, կարելի է նախարարի էլ հանդիպել, փոխնախարարի էլ: Հետաքրքիր է, նախարարների այցելուներին էլ ե՞ն ստուգում: Եթե ոչ՝ նվերի տեսքով կոռուպցիոն ռիսկը դեռ կա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
23.02.2019