Ասում է արմավիրցի միայնակ թոշակառուն
Ռիմա Մխիթարյանը չցանկացավ լուսանկարեմ իրեն. ամաչում էր, ասաց, որ 27 տարի աշխատել է Արմավիրի պահածոների գործարանում՝ որպես հերթափոխի պետ: Ապա հինգ տարի առաջ անցել է կենսաթոշակի, ստանում է 35 000 դրամ, եւ որպեսզի կարողանա դիմադրել սոցիալական խնդիրներին, նա լուսաբացից մինչեւ ուշ գիշեր զբաղվում է առեւտրով:
Միայնակ կինը մինչ խմբագրություն գալը դիմել է վարչապետին, ոստիկանապետին, մարզի դատախազին: Պարզվում է՝ մի քանի քրեական գործով նա ճանաչվել է տուժող, ապա քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ նրան էլ, իր իսկ բառերով ասած, փորձում են «որպես անտերի» հոգեկան հիվանդ ճանաչել՝ փակելով գործը:
Զրուցակիցս տառապանք տեսած մեկն է, որը ոչ մի ավելորդ վիրավորական արտահայտություն թույլ չի տալիս իրեն ցավ պատճառողների նկատմամբ: Զրույցի ընթացքում բացում եմ նրա վերաբերյալ դատահոգեբուժական եզրակացությունը,.դատահոգեբաններն արձանագրել են. «Հոգեպես առողջ անձնավորություն, ներկայումս հոգեկան հիվանդությամբ չի տառապում եւ չի տառապել, իր ներկա հոգեկան վիճակով կարող է ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու իրադարձությունները»:
2017 թվականի դեկտեմբերի 13-ին Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Ա. Օհանյանը որոշում է ընդունել քրեական հետապնդում չիրականացնել յոթ անձի նկատմամբ, որոնց գործով երեք տուժողներից մեկը զրուցակիցս էր: Դիմակ հագած մեկը դուռը կոտրելով՝ մտել էր կենսաթոշակառուի բնակարան, զենքով սպառնացել նրան, մարմնական վնասվածքներ հասցրել, պահանջել էր գումար: Որպեսզի կյանքը փրկի, նա տվել էր ամուսնու ոսկե մատանին, ապա ավազակը դարակն էր բացել, վերցրել հարյուր հազար դրամը, իսկ ապա՝ քառասունյոթ հազար դրամը:
Երբ դուրս է փախել, ծեծված կինը, որի ատամները թափվել են վախից, տեսել է եւս երեք անձի, կասկածել է նաեւ իր հարեւանին, որի հետ հողային վեճ ուներ: Հարեւանն էր ասել, թե կինը հաշվառված է հոգեբուժարանում, մինչդեռ, ըստ ՀՔԾ-ի նույն այս որոշման, ստացված դատահոգեբուժական եզրակացության համաձայն, Ռիման չի տառապել հոգեկան հիվանդությամբ, իսկ «հողի հարցով վիճել են եւ դարձել անհաշտ հարեւաններ, եւ նրանց նկատմամբ կասկածամտությունն ավելի նկատելի է դարձել»:
Անպատիժ հանցագործությունը մի նոր հանցագործության առիթ է դարձել. Ռ. Մխիթարյանի տուն են մտել անցյալ տարի, գողացել հողամասում առկա փայտե տախտակները, եւ այլ իրեր. «Մարզի դատախազության դատախազն ասում է՝ ում ուզում ես բողոքի, մեկ է՝ նորից մեր մոտ է գալու: Եվ որպեսզի չբացահայտեն այս գողությունը նույնպես, հիմա էլ «հիշել» են, որ հինգ տարի առաջ մի երեխայի եմ ծեծել: Բայց ես ոչ երեխա եմ տեսել, ոչ երեխա եմ ծեծել: Փորձում են այս գործն էլ կոծկել»: Իսկ ինչու է գործը քննվել ՀՔԾ-ում, կհարցնեք, եւ պատասխանը մեկն է. տուժող քաղաքացու գործով նշվել էր ոստիկանության բաժանմունքի տեսուչի մասնակցության մասին, ավազակային հարձակման գործով՝ քննիչը պարզել էր, հետո, չգիտես ինչու, իր որոշմամբ չէր հաստատել, թե ինչ նպատակով են ձեռք բերվել ատրճանակներ, թե ովքեր են կանգնել ավազակային հարձակում կատարողների թիկունքում: Ռիմա Մխիթարյանը մենակ է, նրա հետ կարող են վարվել անպատիժ, քանի որ բողոքին ընթացք տալու փոխարեն՝ կեղծ «հոգեկան հիվանդ» է ասելով, գործը փակում են:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ,
23.02.2019