Հարցազրույց աշխարհահռչակ օպերային բաս Պաատա Բուրչուլաձեի հետ
– Մաեստրո, 40 տարի առաջ ձեր կարիերան սկսվեց Թբիլիսիի օպերային թատրոնում՝ Օթար Թաքթաքիշվիլիի «Լուսնի առեւանգումը» օպերայով: Հիմա հասկանալի պատճառով հնարավոր չէ հիշատակել ձեր մասնակցությամբ վրացական, ռուսական եւ համաշխարհային գրականության օպերաները: Ծնվել եք Թբիլիսիում, սովորել Միլանում եւ Օդեսայում, բայց աշխարհը ձեզ ճանաչում է իբրեւ ռուսական վոկալ դպրոցի ներկայացուցչի…
– Ռուսական բասը, ինչպես իտալական տենորը, պրոֆեսիոնալ եզր է, ինչը նշանակում է խորը, ինչ-որ տեղ «մուգ» ձայն եւ դասական դրամատիկական կատարում: Մասնագետներն, օրինակ, առանձնացնում են վերդիյան բասը (նկատի ունի այն Վերդիի օպերաներում), այդուհանդերձ, Վերդին իր օպերաներում գրել է բասի պարտիաներ, որոնք պետք է կատարեն հենց ձեր ասած ռուսական բասերը, օրինակ՝ «Դոն Կառլոսում» Մեծն ինկվիզիտորի դերերգը: Հենց նույն օպերայում դարձյալ բասի դերերգ կա, բայց այս դեպքում «թեթեւ» բասի:
– Առաջին անգամ 1984թ. Խորհրդային Միությունը ձեզ «գործուղեց» ոչ ավել-ոչ պակաս՝ «Քովեն գարդեն» օպերա, որտեղ Վերդիի «Աիդայում» հանդես եկաք Լուչանո Պավարոտիի եւ Կատյա Ռիչարելիի ընկերակցությամբ, դիրժորն էր Զուբին Մետտան: Ձեզ՝ երիտասարդ երգչին, ինչպե՞ս հաջողվեց դա:
– Եթե ես ասեմ, որ ի ծնե օժտված եմ եղել հաճելի տեմբրով, դա համեստ կհնչի, թեեւ դա այդպես է: Բայց ցանկացած արտիստի, անկախ պրոֆեսիոնալիզմից, անհրաժեշտ է նաեւ հաջողակ լինելը: Փառք Աստծո, ես հաջողակ եմ: Օրինակ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթում հաղթանակից հետո ժյուրիի կազմում ներկա բրիտանացի մեծանուն Ջեյմս Ռոբերտսոնը դեռեւս Մոսկվայում գտնվելու ժամանակ զանգեց իր ընկերոջը՝ իմպրեսարիո Ուիլֆրիդ Ստիֆֆին… Եվ այդ ծանոթությունը շրջադարձային եղավ իմ կյանքում: Հենց նրա միջոցով եմ առաջին անգամ ծանոթացել Պավարոտիի եւ իմ կյանքում դարձյալ բախտորոշ նշանակություն ունեցած դիրիժոր Հերբերտ Ֆոն Կարայանի հետ: Ընդ որում, Ֆոն Կարայանի լոնդոնյան համերգից հետո «Թայմսը» ինձ համարեց երկրորդ Շալյապին:
– Թբիլիսիի կոնսերվատորիային զուգահեռ սովորել եք նաեւ պոլիտեխնիկական ինստիտուտում:
– Մի փոքր ուղղեմ ձեր հարցը՝ պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելու տարիներին եմ զուգահեռել ուսումս կոնսերվատորիայում: Դա իմ ծնողների ցանկությունն էր, ավելին՝ երազանքը, ինչը ես արել եմ դժկամությամբ: Որովհետեւ ամաչում էի…
– Կներեք՝ ինչի՞ց էիք ամաչում…
– Այն տարիներին իմ սերնդակիցները, ինչպես նաեւ ես, ծիծաղում էինք, լուրջ չէինք ընդունում երաժշտի մասնագիտությունը: Չգիտես ինչու, հենց էկրանին կամ բեմում հանդիպում էինք արտիստների, որոնք «բաբոչկա» էին կրում, բռնում էր մեր ծիծաղը: Սա էլ ասեմ՝ հայրս դասախոսում էր պոլիտեխնիկական ինստիտուտում, նա մասնագիտությամբ շինարար էր, ես էլ գնում էի նրա ուղիով… Բայց մի օր նա խոստացավ ինձ համար գնել «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա՝ պայմանով, որ ընդունվեմ նաեւ կոնսերվատորիա: Երկուսս էլ մեր խոսքին տեր եղանք:
– Համագործակցել եք աշխարհահռչակ երգիչների հետ, այդ թվում՝ հայ…
– Վերջին անգամ երեք տարի առաջ Մյունխենում Վերդիի «Նաբուկոյում» բեմ եմ բարձրացել թե ձայնով եւ թե արտաքինով շքեղ օպերային դիվա Հասմիկ Պապյանի հետ: Երկար ճանապարհ եմ անցել եղբորս՝ աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հետ, համագործակցել եմ ձեր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, որի հրավերով Երեւանում մասնակցեցի Վերդիի «Աթթիլա» օպերայի համերգային կատարմանը: Ծանոթացա երիտասարդ, խոստումնալից երգիչների՝ Սիրանուշ Գասպարյանի, Դավիթ Բաբայանցի, Սարգիս Աղամալյանի, Հովհաննես Անդրեասյանի, Պողոս Բեազբեկյանի, դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ, կարճ ժամանակում մտերմացանք: Իսկապես ժամանակը շատ կարճ էր, չհասցրի խոսքուզրույցի բռնվել երգչախմբի (խմբավար՝ Հրաչ Բորյան) եւ նվագախմբի երաժիշտների հետ, որոնց հետ շփվել եմ 1980-ականներին երեւանյան հյուրախաղերի ժամանակ: Հավանաբար նրանցից որոշներն արդեն տարիքի բերումով այլեւս բեմ չեն բարձրանում… «Աթթիլայի» համերգային կատարման ժամանակ երբ բեմ մտա, աչքիս առաջ հայտնվեցին Հասմիկն ու Գեղամը… Նրանց հետ վերջին անգամ Երեւանում բեմ եմ բարձրացել Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայում, ուղիղ 20 տարի առաջ…
– «Աթթիլան» Վերդիի քիչ բեմադրվող գործերից է, ինչո՞ւ:
– Կարճ պատասխանեմ՝ գլխավոր դերերգերը պահանջում են վերդիյան ձայներ, որոնք շատ չեն:
– Ձեզ համեմատում են վերջին տարիներին աշխարհը ցնցած ծանրամարտիկ Լաշա Տալախաձեի հետ, որը մինչ ծանրաձողին մոտենալը խաչակնքվում է, ծանրաձողի մոտ խաչակնքվում է, ելույթի ավարտին խաչակնքվում է, խաչակնքվում է նաեւ ուտելուց, քնելուց առաջ, արթնանալուց, նույնիսկ կարող է պաշտոնական միջոցառումների ժամանակ մտքով մի բան անցնի՝ խաչակնքվի… Ասում են՝ ժամանակին կյանքի մի դիպված «ստիպել» է ձեզ դառնալ այդպիսին:
– Ճիշտ են ասում, բայց թույլ տվեք դիպվածի մասին չխոսել, այն հարազատիս հետ է կապված, ինձ համար ծանր է խոսել այդ մասին:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
23.02.2019