Լրահոս
Օրվա լրահոսը

Նորահայտ Խաչ-հուշասյուն Եղիպատրուշ հինգհազարամյա գյուղում

Փետրվար 25,2019 12:30

Հարազատ սարերին թիկնած ու հազարամյակներից մեզ հասած Եղիպատրուշ գյուղը՝ հայացքը հառած Արագածի ձյունափառ գագաթներին, իր բնակիչների մտքերը ի մի հավաքելով, խորհում է խոր անցյալի, ներկայի ու գալիքի մասին: Հինգհազարամյա գյուղը ապրել է լիաթոք կյանքով, իր մեջ դարերի ընթացքում պահպանել բոլոր հուշերն ու հիշատակները: Ու կարծես թե այլեւս հինավուրց գյուղին ավելացնելու բան չկա:
Սակայն եղիպատրուշցի Վալերի Տեր-Հովհաննիսյանն իր անցյալներից մի պատգամ ուներ. Խաչարձան նվիրել գյուղի վերածննդի 187-ամյակին, իր նախնիների, Եղեռնի զոհերի, աշխարհավեր աղետների, բռնադատվածների, Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Առաջին հայացքից թվում է, թե դրան ոչ մի խոչընդոտ չի կարող լինել: Սակայն եղիպատրուշցին ստիպված էր հաղթահարել բազում խոչընդոտներ, մինչեւ լեռնալանջից Խաչ-հուշարձանը հայտնվեց համագյուղացիների հայացքում:

2016 թ. հոկտեմբերի 1-ին եղիպատրուշցիները հանդիսավոր բացեցին հուշակոթողը:

Բլուկ սարի լանջին վեհորեն կանգնած Խաչ-հուշակոթողն ասես անցյալի մտքերն իր մեջ ամփոփած, քրիստոնեական հայացքով հսկում է գյուղը: Նրա հայացքի առաջ մի քանի քայլ ներքեւ վաղ բրոնզեդարյա դամբարաններն են: Գարնանը վարարած գետակն ամեն տարի կատաղի մռնչյունով քանդում է դամբարանների մի ծայրը, քաղաքակիրթ աշխարհին ի ցույց դնում եղիպատրուշցու հինգհազարամյա կենցաղային իրերը, զենքերը, զարդեղենը: Պատմության ուսուցիչ Սերգեյ Հայրապետյանը դրանք խնամքով հավաքել է՝ մի օր գյուղում թանգարան հիմնելու եւ ցուցադրելու հույսով:

Այնուհետեւ Խաչի հայացքում լանջին փռված հին գերեզմանոցն է, որտեղ տապաններին ոչ մի անուն չի գրվել, քանի որ վաղ միջնադարում դեռեւս ընդունված չէր այդ մշակույթը: Տապանաքարերն այնքան մոտ ու կիպ են տեղադրված, ասես անդրշիրիմյան աշխարհում էլ եղիպատրուշցիները ձեռք ձեռքի տված պետք է համաձույլ լինեն, եկող սերունդներին պատգամեն՝ պահպանել գյուղական համակեցությունը, անցյալների հիշատակը: Գերեզմանոցի մի ծայրում 5-րդ դարի բազիլիկ եկեղեցու մի բեկորն է, որը հուշում է Գնթունիների իշխանական տան վեհության մասին: Գյուղի տարածքում պահպանվել է Գնթունիների գերեզմանոցը: Այստեղ են միջնադարից մեզ հասած գեղաքանդակ զույգ խաչարձանները, կապույտ հազը բուժող Ծակ Քարը, պաշտամունքային այլ սրբարաններ:

Նորաստեղծ Խաչ-հուշակոթողի հայացքի առջեւ միջնադարի լավագույն կառույցներից մեկը՝ Սուրբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցի-մենաստանն է, որը կառուցվել է Վաչուտյանների իշխանական տան հովանու ներքո: Այն առանձնանում է իր ընդարձակ գավթով, որի հսկա սյուներն անգամ չկարողացան կրել ծանր տանիքը: Միջնադարում այս մենաստանում ձեռագրեր են ընդօրինակվել, պահպանվել հայոց պատմությունը, գիրն ու գրականությունը:

Նոր Խաչ-հուշասյունը այնուհետեւ մտքով կապվում է 7-րդ դարի կրոնական ու պետական գործիչ Եսայի Եղապատրուշեցի կաթողիկոսի հետ, որը գահակալել է 775-788 թթ.: Նրա ժամանակ գյուղում կառուցվել է ընդարձակ պալատ, որի մի հատվածը պահպանվել է մինչեւ օրս:

Ասել, թե Խաչ-հուշարձանը ապրում է միայն անցյալով, ճիշտ չի լինի: Նրա հոգսը կառավարման տեսանկյունից անտեր մնացած գյուղի համայնքն է, որ զոհ դարձավ նախորդ իշխանությունների կամայական ու անմիտ խոշորացման ծրագրին: Երբեմնի 1000-ից ավելի բնակիչ ունեցող հինգհազարամյա գյուղը նվաղել է, նրա աշխատունակ բնակիչները մեկնել են օտար երկրներ՝ աշխատանք փնտրելու, իսկ մնացյալ գյուղացիները, ինչպես հինգ հազար տարի առաջ, հավաքում են գոմաղբը, չորարնելով, աթարի տեսքով ձմռան վառելիք պատրաստում:

Խաչ-հուշարձանն ու նրա հեղինակը՝ Վալերի Տեր-Հովհաննիսյանն անհանգիստ են տարածքում տնկած եղեւնիների, չինարիների համար, որոնք պարսպապատման, ինքը՝ հուշարձանը պետականորեն պահպանման կարիք ունեն: Խաչ-հուշասյունն արդեն եղիպատրուշցիների սրբավայրերից մեկն է դարձել, մնում է, որ որպես հուշարձան պետական գրանցում ստանա:

Եվ ահա, Վալերի Տեր-Հովհաննիսյանը հասավ իր բաղձալի նպատակին. ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2019թ. փետրվարի 8-ի որոշմամբ Եղիպատրուշի խաչ-հուշասյանը տրվել է «տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ»: Միեւնույն ժամանակ Ապարանի քաղաքապետ Կ. Եղիազարյանին առաջարկվել է ապահովել նորահայտ հուշարձանի անխաթար պահպանությունը: Քաղաքապետը իր հերթին խոստացել է ուսումնասիրել Խաչ-հուշարձանը պահպանող 250 մ ցանկապատի կառուցման հարցը:

ԲԱԿՈՒՐ

«Առավոտ» օրաթերթ, 

23.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728