Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե մեր հասցեին կա քննադատություն, ուրեմն մենք դիպչում ենք ինչ-որ մեկի ոչ ճիշտ շահերին. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյան

Փետրվար 25,2019 11:16

«Եթե մեր հասցեին կա քննադատություն՝ ուրեմն մենք դիպչում ենք ինչ-որ մեկի ոչ ճիշտ շահերին: Եվ հատկապես, անանուն աղբյուրներից օր ու գիշեր տարածվող հրապարակումները հասկանալի է, թե որտեղից են ուղղորդվում և ինչ նպատակ են հետապնդում: Մենք նման ցածրորակ քննադատություններին ուշադրություն չենք դարձնում»,-ասում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ կարծիք ունի վերջերս դեսպանների ու դեսպանությունների հասցեին հնչող քննադատությունների մասին:

Ըստ Տողանյանի, ցանկացած երկրում, լինի Ռուսաստանը, թե Ամերիկան, թե մեկ այլ երկիր՝ որոշ գերատեսչությունների, այդ թվում՝ դեսպանությունների գործունեությունը համարյա ենթակա չէ քննարկման: Օրինակ, այլ երկրների մամուլում կարող են քննարկել ու քննադատել նահանգապետերին, նախարարներին, սակայն երբեք հրապարակավ չեն վերլուծում դեսպանների աշխատանքը, ոչ թե այն պատճառով, որ դա արգելված է, ուղղակի, դիվանագիտական այդ կառույցն ունի այլ առանձնահատկություններ և ընդհանրապես, դա դժվար կանխատեսվող ու գնահատվող աշխատանք է:

«Ես հանգիստ եմ վերաբերվում առողջ քննադատությանը, եթե քննադատում են ուրեմն մեր մոտ շարժ կա, եթե չեն քննադատում՝ նշանակում է մենք ոչնչով զբաղված չենք»,-ընդհանրացնում է դեսպանը:

Մոսկվայի հայ համայնքի հետ «Առանց փողկապի» ձևաչափով հանդիպման շրջանակներում Տողանյանը ներկայացրեց նաև դեսպանության այն նախագծերը, որոնք իրականացվելու են առաջիկա տարվա ընթացքում: Մարտ ամսին նախատեսվում է դեսպանատանը կից արտ ակումբի բացումը, որը յուրօրինակ հարթակ կծառայի համայնքի երիտասարդական, հասարակական ու բիզնես կազմակերպությունների համար՝ տարատեսակ շնորհանդեսներ և հանդիպումներ անցկացնելու նպատակով: Կվերանորոգվի Հայկական Նրբանցք համար 1 հասցեում գտնվող շինությունը, որը հսկայական տարածք է, սակայն, կիսաքանդ վիճակում է բաժին հասել դեսպանությանը: Այն վերանորոգումից հետո կծառայի որպես մշակութային կենտրոն, կունենա բազմաֆունկցիոնալ սենյակներ ու 300 տեղանոց դահլիճ:

«Մենք ընդլայնելու ենք նաև մեր աշխարհագրությունը, քանի որ ավանդաբար ամեն ինչ պտտվում է մայրաքաղաք Մոսկվայի շուրջ: Մենք պատրաստվում ենք տարվա ընթացքում միջոցառումներ անցկացնել, օրինակ, Եկատերինբուրգում՝ տեղի Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության հետ համատեղ կնշենք Շառլ Ազնավուրի ծննդյան տոնը և հայկական զբոսաշրջությանը նվիրված շնորհանդես կկազմակերպենք: Ծրագրերում լուրջ տեղ են զբաղեցնում նաև Կալինինգրադը, Նովոսիբիրսկը, որոնք գրավիչ շուկա կարող են դառնալ մեր ապրանքների համար: Սեպտեմբերին անցկացվելու է մեծ համերգ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, որը նվիրված է լինելու Կոմիտասի 150 ամյակին, և եթե ամեն ինչ ընթանա ըստ մեր ծրագրերի, դեկտեմբերին Մեծ Թատրոնի բեմում կունենանք հերթական մեծ մշակութային միջոցառումը»,-եզրափակեց դեսպանը:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728