Ադրբեջանի նախագահի որդին՝ 22-ամյա Հեյդար Ալիևը, շքեղ առանձնատուն ունի Մոսկվայից ոչ հեռու գտնվող հեղինակավոր ավանում։ Դրա արժեքը տվյալ պահին կազմում է մոտ $35 մլն։ Այս մասին գրում է ռուսական «Պրոյեկտ» պարբերականը ՝ վկայակոչելով Ռուսաստանի անշարժ գույքի պաշտոնական ռեեստրին ուղարկված հարցման պատասխանը։ Հոդվածում բերված է նաև նախագահի ազգականների մնացած ունեցվածքը։ Հայտնում է jam-news.net-ը:
Organized Crime and Corruption Reporting Project կազմակերպության հետազոտող լրագրողները պարզել են, որ այդ ընտանիքի անդամները տարբեր ձեռնարկություններ ունեն, որոնք թաքնված են օֆշորային ընկերությունների հետևում Պանամայում և Վիրջինյան կղզիներում, ինչպես նաև անշարժ գույքի թանկարժեք օբյեկտներ և նույնիսկ ոսկու հանքեր։
Առանձնատունը ձևակերպված է Արիֆ Փաշաևի անունով, որը նախագահի աներն է և Ալիև-կրտսերի պապիկը մորական գծով։ Արիֆ Փաշաևը ֆիզիկոս է, Ադրբեջանի ավիացիայի ազգային ակադեմիայի ռեկտորն ու Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։