«Ընդհանուր առմամբ, աշխատանքային իրավիճակ էր, դրանով էր պայմանավորված, այլ բան չկար»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ կուսակցության՝ այսօր անցկացրած փակ համաժողովը։
Համաժողովը, ըստ մեր զրուցակցի, կազմակերպվել էր կուսակցության առաջիկա համագումարին ընդառաջ։ Թե ե՞րբ է լինելու իշխող ուժի համագումարը, դեռ հստակ չէ։ Դա կորոշի կուսակցության ղեկավար մարմինը՝ այսօրվա համաժողովում ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքների արդյունքներից ելնելով։ Իսկ համաժողովում երկու աշխատանքային խումբ է ստեղծվել․ առաջինը զբաղվելու է եւ համագումարին առաջարկելու է կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ, երկրորդը՝ կուսակցության ծրագրում փոփոխություններ։ Թե նախատեսվող փոփոխություններն ի՞նչ բնույթի են լինելու, արդյո՞ք դրանք էական, շրջադարձային եւ սկզբունքային փոփոխություններ են լինելու հարցերին մեր զրուցակիցը հստակ պատասխաններ չտվեց։
Միայն ասաց, որ իր կուսակցական ընկերներն այսօրվա համաժողովում կիսվել են իրենց տպավորություններով եւ տեսլականներով, իսկ ստեղծված հանձնախմբերը մինչեւ համագումարը կհավաքագրեն բոլոր առաջարկությունները, կամբողջացնեն դրանք եւ կներկայացնեն համագումարի քննարկմանը։ «Մեր նախորդ ծրագրում հաստատված դրույթների մեծ մասն այս պահին կատարված են, եւ մենք նոր իրողություն ենք ապրում ու այդ նոր իրողությանը համապատասխան ճշգրտումներ են մտցվում ծրագրում։ Դա շատ տրամաբանական է։ Իսկ կանոնադրությունը ծրագրի իրականացումն ապահովող գործիքակազմն է, որը նույնպես պետք է համաձայնեցվի ժամանակի պահանջներին»։
Դիտարկմանը՝ մեր հանրությունը սովոր է, որ ՀՅԴ-ն է փակ ժողովներ եւ համագումարներ անում, ՔՊ-ն ՀՅԴ-ի «նվիրական հետքերո՞վ» է շարժվելու, նախկին ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանն այսպես արձագանքեց․ «Ոչ, բոլորովին ոչ։ Այս համաժողովը տեխնիկական բնույթի քննարկումների համար էր, ինչն իմաստ չուներ լրագրողների ներկայությամբ անել։ Սա չի նշանակում, որ դա դառնալու է գործելաոճ։ Այս մեկ դեպքի համար էր»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ