Նախաբան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ յառաջիկայ շաբաթ Թեհրան կատարելիք ուղեւորութիւնը ինչպէս արդէն կարելի էր ակնկալել, առիթ ծառայեց, որպէսզի մէկ անգամ եւս ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում յայտնւեն Իրան-Հայաստան յարաբերութիւնները: Բազմաթիւ իրանագէտներ, քաղաքագէտներ ու տարբեր ոլորտների մասնագէտներ իրենց հարցազրոյցներում ու մամուլում հրապարակւած յօդւածներում փորձել են ներկայացնել Իրան-Հայաստան յարաբերութիւնների ընդլայնման ճամբին առկայ բարդութիւնները, ակնկալիքներն ու հնարաւորութիւնները:
Ամփոփելով ներկայացւած տեսակէտներն ու մտքերը՝ կարելի է յանգել մի պարզ եզրակացութեան: Վերջին տարիներին Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացմանը խանգարող գլխաւոր գործօնը եղել են այն միֆերն ու անիրագործելի ակնկալիքները, որոնք շատ յաճախ փորձագիտական վերլուծութիւնների միջոցով ներկայացւում են, որպէս իրագործելի հնարաւորութիւններ: Դրա համար գոյութիւն ունի պարզ մի բացատրութիւն:
Իրան-Հայաստան յարաբերութիւնների թեմային գլխաւորապէս անդրադառնում են իմ կողմից չափազանց մեծ յարգանք վայելող իրանագէտները, նաեւ քաղաքագէտներ, որոնք ընդհանրապէս որեւէ ճանաչողութիւն չունեն Իրանի մասին:
Առաջին խմբին խանգարում է Իրանի հանդէպ մեծ սէրը, ինչը երբեմն թոյլ չի տալիս նկատի ունենալ Իրանի հետ կապւած մի շարք իրողութիւններ: Որպէս օրինակ կարելի է մասնաւորապէս առանձնացնել առեւտրա-տնտեսական ոլորտը, որտեղ Իրանի հետ կապւած փաստերը նոյնիսկ իրանական ԶԼՄ-ներում այնքան վարդագոյն ու փայլուն չեն ներկայացւում, որքան փորձ է կատարւում ներկայացւել մեր յարգելի իրանագէտների կողմից: Դրան զուգահեռ իրանական հոգեբանութեանն ու քաղաքականութեանը խորթ լինելն ու նաեւ իրանական աղբիւրներից օգտելու հնարաւորութիւն չունենալը հայ քաղաքագէտներին թոյլ չի տալիս Իրանում գոյութիւն ունեցող իրողութիւնների վրայ ձեւաւորւած վերլուծութիւն ներկայացնել:
ՀՀ վարչապետի՝ Իրան կատարելիք այցի սեմին այս գրառումների շարքը փորձ է փաստերի ու վիճակագրական թւերի միջոցով անդրադառնալու Իրան-Հայաստան յարաբերութիւններին, վեր հանելու Իրան-Հայաստան յարաբերութիւնների շուրջ ձեւաւորած մի շարք միֆեր ու մինեւնոյն ժամանակ առանձնացնել այն բարդութիւնները, որոնք խանգարել են ու շարունակում են խանգարել երկու հարեւան երկրների յարաբերութիւնների ընդլայնմանը:
Քաղաքական յարաբերութիւններ
Չնայած անցած շուրջ 28 տարիների ընթացքում ապրած տարբեր վայրիվերումներին քաղաքական ոլորտում Իրան-Հայաստան յարաբերութիւնները շարունակ եղել են բարձր մակարդակում: Թէեւ ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին իր պաշտօնավարութեան շուրջ 6 տարիների ընթացքում ընդամենը մէկ պաշտօնական այց է կատարել Հայաստան, այդուհանդերձ մինչեւ անցած ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնը նախարարների ու տարբեր բարձրաստիճան պատւիրակութիւնների փոխայցելութիւնները իւրայատուկ ակտիւութիւն էին մտցրել երկու հարեւան երկրների յարաբերութիւններում:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեամբ Իրան-Հայաստան յարաբերութիւնները լճացման մատնւեցին: Անցնող 10 ամիսների ընթացքում՝ վերջին անգամ անցած յուլիսին, Հայաստան այցելել է Իրանի էներգետիկայի նախարարը, իսկ Հայաստանի կողմից Իրան նախարարի մակարդակում այցեր չեն եղել: Իրան ուղեւորւած Հայաստանի ամենաբարձարաստիճան պաշտօնատարները եղել են ԱԱԾ պետ Արթուր Վանէցեանն ու Գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը:
Այս ընթացքում միջազգային նստաշրջաններին առընթեր մէկ անգամ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, իսկ երկու անգամ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանն ու Մոհամմէդ Ջաւադ Զարիֆը, որոնք պաշտօանական այցեր չեն կարող համարւել եւ աւելի շուտ արարողակարգային ու ճանաչողական բնոյթ են կրել:
Եթէ բացառենք այս ընթացքում երկու երկրների դեսպաններ՝ Արտաշէս Թումանեանի եւ Սէյէդ Քազէմ Սաջադիի գերագնահատելի ջանքերը, որոնք պահպանելով երկու երկրների պետական պաշտօնատարների ու տարբեր շրջանակների հետ շփումները՝ փորձել են ակտիւութիւն մտցնել երկկողմ յարաբերութիւններում, առնւազն նախարարների մակարդակում գրեթէ զրոյի հաւասար շփումը երկու հարեւան երկրների յարաբերութիւններում եթէ ոչ ճգնաժամի գոյութեան, առնւազն լճացման ապացոյց պիտի համարել, ինչն անընդունելի է: Այս պասիւութիւնը վտանգաւոր է այն առումով, որ Հայաստանի հակառակորդ երկրներ Թուրքիան ու Ադրբեջանն այս ընթացքում հասցրել են նախագահների ու նախարարների մակարդակներում տարբեր ձեւաչափերով տասնեակ հանդիպումներ կազմակերպել ու տարբեր նախագծեր իրականացնել Իրանի հետ:
Որպէս փաստ պիտի արձանագրել, որ այս ընթացքում ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Արցախի հանդէպ Իրանի մօտեցումներում որեւէ փոփոխութիւն չի առաջացել: Երկու երկրների յարաբերութիւններում անցած ամիսների սպասողական վիճակն առաւելապէս կապւած է եղել հայկական կողմի դիրքորոշումների անորոշութեամբ: Իշխանափոխութիւնից յետոյ ՀՀ կառավարութեան ու պետական կառոյցներում պաշտօններ զբաղեցրած անձանց արեւմտեան բացայայտ կապերն ու հակումները, Իրանի կապակցութեամբ իրարամերժ յայտարարութիւնները, նաեւ իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ Հայաստան կատարւած ԱՄՆ-ի ամենածայրայեղական ու հակաիրան գործիչների այցերը, հանդիպումներն ու յայտարարութիւնները բնական կերպով Հայաստանի նոր իշխանութիւնների վարած իրական քաղաքականութեան հանդէպ Իրանի իշխանութիւնների մօտ կասկածեր են առաջացրել:
Դրան նաեւ պիտի գումարել այն փաստը, որ չնայած Իրան-Հայաստան յարաբերութիւնների կենսական նշանակութեան մասին բազմաթիւ ընդհանրական հայտարարութիւններին, Իրանի դէմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մասին Հայաստանի գործող իշխանութիւնները դեռ պաշտօնական մակարդակում որեւէ յայտարարութիւն չեն կատարել եւ դա ի տես այն բանի, որ առևտրա-տնտեսական ոլորտում երկու երկրների յարաբերութիւններում ցանկացած դրական տեղաշարժ ուղղակի կախում է ունենալու Հայաստանի իշխանութիւնների որդեգրած համարձակ դիրքորոշումից: Դրա փոխարէն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում յայտարարեց Իրան-Հայաստան սահմանը դէ ֆակտօ փակւելու հնարաւորութեան մասին, իսկ օրեր առաջ ԱԺ-ում ՀՀ կառավարութեան ծրագրի քննարկման ժամանակ Իրան-Հայաստան յարաբերութիւնները պայմանաւորեց «երրորդ կողմի» շահերի երաշխաւորմամբ:
Մինչեւ առեւտրա-տնտեսական համագործակցութիւնների ընդլայնմանն անցնելը անհրաժեշտ է վերականգնել Իրան-Հայաստան յարաբերութիւններում փոխվստահութիւնը, իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ձեւաւորել «երրորդ կողմի» ազդեցութիւնից զերծ եւ բացառապէս երկու երկրների փոխադարձ շահերի վրայ հիմնւած արտաքին քաղաքականութիւն:
Դա մեծապէս կախւած է լինելու նրանից, թէ Իրանի նախագահի հետ հանդիպումից յետոյ սպասւող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ինչպէս կձեւակերպի Իրանի դիմագրաւած միջազգային մարտահրաւէրների և մասնաւորապէս Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների կապակցութեամբ Հայաստանի իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշումը:
Առեւտրաշրջանառութիւն
Եթէ Իրան-Հայաստան քաղաքական յարաբերութիւններում լճացումն առաջացել է Հայաստանում ապրիլին տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ոչ գովելի վիճակի մասին խօսւել է դեռ նախորդ իշխանութիւնների շրջանից:
Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների մասին վերլուծական յօդւած մեկնաբանութիւններում ամենաշատն անդրադարձ է կատարւում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան փոքր ծաւալին ու շարունակ ընդգծւում է դա մեծացնելու անհրաժեշտութիւնը:
Համաձայն Հայաստանի Հանրապետութեան վիճակագրական կոմիտէի ներկայացրած թւերի՝ վերջին 10 տարիների ընթացքում (2008-2018) Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութեան ընդհանուր արժէքը տատանւել է 195 միլիոն դոլարից (2009) 327 միլիոն դոլարի (2012) միջեւ:
Որեւէ մէկը չի կարող առարկել երկու հարեւան երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների մեծացման անհրաժեշտութիւնը, սակայն ո՞րն է այն երազային թիւը, որին հասնելուն պիտի ձգտեն երկու երկրները: Այդ կապակցութեամբ մի շարք փորձագէտներ ընդգծելով առեւտրաշրջանառութեան ծաւալը քաղաքական յարաբերութիւններին համապատասխանեցնելու անհրաժեշտութիւնը խուսափում են որեւէ յստակ թիւ նշելուց, իսկ ոմանք ծայրայեղութեան գնալով յիշատակում են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնը մինչեւ մէկ միլիարդ դոլարի հասցնելու հնարաւորութիւնը:
Հաստատելով հանդերձ երկու հարեւան երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալի մեծացման անհրաժեշտութիւնը՝ անցած տարիների ընթացքում մասնաւորապէս հայկական կողմում դրան խանգարող մի շարք ազդակների գոյութիւնը (կոռուպցիա, մենաշնորհներ, օրինական արգելքներ…) եւ դրանց զուգահեռ Իրանի դեմ գործադրւող պատժամիջոցների պատճառով բանկային փոխանցումների հետ կապւած արգելքներն ու խոչընդոտները, հիմք ընդունելով մի շարք վիճակագրական թւեր կարելի է յանգել այն եզրակացութեան, որ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութիւնը հակառակ բոլոր յաւակնութիւններին այնքան էլ ողբերգական վիճակում չի գտւնել ու համապատասխանել է երկու երկրների հնարաւորութիւններին:
Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալն ուղղակի կախում ունի տւեալ երկրների շուկաների ծաւալից ու նաեւ արտահանման ու ներմուծման հնարաւորութիւններից: Հայաստանի եւ Իրանի հարեւան մի քանի երկրների առեւտրաշրջանառութեան ծաւալների հետ կապւած պաշտոնական թւերի միջեւ համեմատական եզրեր անցկացնելով յանգում ենք հետաքրքիր եզրակացութեան:
Իրանի հարեւան երկրներից շուկայի ծաւալի տեսակէտից Հայաստանի (շուրջ 2,9 միլիոն բնակչութիւն) հետ կարող է համեմատւել Կատարը (շուրջ 2,7 միլիոն բնակչութիւն): Հիմք ընդունելով Իրանի Առեւտրի պալատի ներկայացրած պաշտօնական տւեալներն՝ իրանական 1396 թւականին (մարտ 2017-մարտ 2018) Կատարի հետ Իրանի առեւտրաշրջանառութիւնը կազմել է 271 միլիոն դոլար ինչը միայն 40 միլիոն դոլարով գերազանցում է նոյն ժամանակահատւածում Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութեան ծաւալին (231 միլիոն դոլար): Նոյն ժամանակահատւածում հիւսիսային միւս երկու հարեւանների՝ Թուրքմենստանի (շուրջ 6 միլիոն բնակչութիւն) եւ Ադրբեջանի (շուրջ 10 միլիոն բնակչութիւն) հետ Իրանի առեւտրաշրջանառութիւնը համապատասխանաբար կազմել է 429 միլիոն եւ 349 միլիոն դոլար:
Նոյն ժամանակահատւածում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 25 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Կատարը համապատասխանաբար 26 միլիոն, 23 միլիոն եւ 12 միլիոն դոլար արտահանում են կատարել Իրան: Պատկերը գրեթէ նոյնն է Իրանից տւեալ երկրների ներմուծման պարագային: Իրանից Հայաստանի ներմուծումը կազմել է 206 միլիոն դոլար, իսկ Թուրքմենստանի, Ադրբեջանի ու Կատարի ներմուծումը համապատասխանաբար 417 միլիոն, 349 միլիոն եւ 271 միլիոն դոլար:
Հիմք ընդունելով Իրանի Առեւտրի պալատի կողմից ներկայացւած յիշեալ թւերն ու նաեւ շուկաների ծաւալը՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ Իրանի առեւտրաշրջանառութեան ծաւալը ոչ միայն չի զիջում շուկայի ծաւալի եւ աշխարհաքաղաքական տեսակէտից նոյն պայմաններում գտնւող Իրանի միւս հարեւանների առեւտրաշրջանառութեանն, այլ հիմք ընդունելով Հայաստանի շուկայի սահմանափակութիւնը, շրջափակման պայմաններն ու թոյլ տնտեսութիւնը ինչ-որ տեղ նաեւ գերազանցում է նրանց:
Միեւնոյն ժամանակ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալի մեծացումը չի կարող ինքնանպատակ լինել: Կողմերի տնտեսական աճի վրայ առեւտրաշրջանառութեան ծաւալի մեծացման ազդեցութիւնը շօշափելի կարող է լինել այն դէպքում, երբ դա միաժամանակ դրական կերպով արտացոլւի երկու երկրների առեւտրական հաշւեկշռում: Այլ խօսքով Հայաստանի տնտեսութիւնը չի կարող շահել միայն ներմուծման հաշւին մեծացող առեւտրաշրջանառութիւնից:
Վիճակագրական տւեալները՝ http://www.tccim.ir եւ www.armstat.am:
Ռոբերտ ՄԱՐԳԱՐԵԱՆ