Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք չէ արհեստական անջրպետ ստեղծել եկեղեցու եւ պետության միջեւ

Փետրվար 24,2019 21:23

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո որոշ ուժեր, շարժումներ և իրավապաշտպաններ փորձում են սասանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` դարերով հաստատված տեղն ու դերը հայ ժողովրդի կյանքում` արհեստականորեն անջրպետ ստեղծելով եկեղեցու և պետության միջև:

Պատմական տարբեր իրադարձությունների և հանգամանքների բերումով եղել են ժամանակաշրջաններ, երբ խոչընդտոներ, որոշակի սառնություն և երբեմն էլ անջրպետ է  առաջացել ազգային այս կառույցների հարաբերություններում, որոնք պայմանավորված են եղել կա’մ անձերով և կա’մ քաղաքական իրավիճակներով: Սակայն եթե եկեղեցու և պետության հարաբերությունները դիտարկելու լինենք պատմական ամբողջական շրջափուլերով, ապա անկասկած, ընդհանուր առմամբ, այդ հարաբերությունները եղել են արդյունավետ և կառուցողական` ծառայելով համազգային նպատակների իրագործմանը և հայ ժողովրդի բարեկեցությանը:

Ազգային-եկեղեցական կյանքում եկեղեցու բերած ծառայությունը` իր ստեղծած մշակութային ժառանգությամբ, կրթադաստիարակչական և հոգեփրկչական առաքելությամբ և այլ ձեռնարկներով, եղել և մնում է այն հիմնական պատվարը, որը պաշտպանում է քրիստոնյա հայի ինքնությունը և ազգային արժեհամակարգը (այստեղ ի նկատի չունենք, որ ոչ քրիստոնյա հայը հայ չէ): Հայ եկեղեցու համար բոլոր ժամանակներում հայոց պետականությունը և հայ ժողովրդի ապահովությունն ու բարեկեցությունը եղել և մնում են բարձրագույն արժեք և առաջնայնություն: Այս գաղափարների ու ծրագրերի իրագործման և ազգանպաստ իր բոլոր ձեռնարկումների ճանապարհին եկեղեցին երբևէ չի վարանել իր ունեցած կարողությունները ու ողջ ներուժը ներդնել. օրինակները բազմաթիվ են:

Եկեղեցու և պետության սերտ ու կառուցողական հարաբերությունները կարող են միայն նպաստել համազգային ծրագրերի իրագործմանը: Իսկ հակառակ պարագային, երբ առաջանա անջրպետ, դրանից կտուժի ողջ ժողովուրդը: Երկու կառույցների նպատակներն էլ նույնանում են և ուղղված են մեկ նվիրական ծրագրի իրագործմանը` հայոց պետականության զորացում, ազգային կյանքի խնդիրների լուծում, հայ ժողովրդի ապահովություն, բարեկեցություն և հարատևություն:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր պատրիարքություններով և թեմերով` լինելով հայ ազգային կյանքում աշխարհասփյուռ մեծագույն կառույցը, իր ունեցած ներուժով և հնարավորություններով, մեծապես օգտակար է և կարող է առավել օգտակար լինել հայ ժողովրդի և հայոց պետականության համար: Ուստի այս հարաբերությունների սառեցումը բնավ չի բխի հայ ժողովրդի շահերից, և դժվար չէ հասկանալ՝ ուր կտանի այս ճանապարհը և ում է ձեռնտու նման իրավիճակ ստեղծելը:

Իրականում, այդ անջրպետը ստեղծելու փորձերը, կարծում ենք` դատապարտված են ձախողման: Ներկայիս թե՛ պետական և թե՛ հոգևոր իշխանությունները բավական լայնախոհ և շրջահայաց են` հասկանալու համար, որ երկու կառույցների միջև երբեմն առաջ եկող  որոշ խնդիրներ չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա:

Տեղի ունեցած հեղափոխությամբ և քաղաքական իրավիճակի փոփոխմամբ պայմանավորված, կարող են առաջանալ և առաջանում են որոշակի հարցեր և դժվարություններ եկեղեցու և պետության հարաբերություններում, որոնք, վստահաբար,  կարճ ժամանակում կլուծվեն: Սակայն դա չի նշանակում, որ տարբեր ուժեր, շարժումներ և իրավապաշտպաններ պետք է օգտվեն այս իրավիճակից` փորձելով նվաստացնել եկեղեցու դերը հասարակական կյանքում կամ քննադատել ներկա իշխանություններին` ազգային արժեքներն անտեսելու և հայ ժողովրդի կյանքում եկեղեցու դերն ու նշանակությունը չգնահատելու մեջ:

Հարկ է նշել, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների օրոք եկեղեցու և պետության միջև եղել են քննարկման կարոտ հարցեր, որոնք իրենց լուծումը գտել են եկեղեցու և պետության համատեղ հանձնախմբում:

 

Տ․ Պարթև վրդ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՄԻԱԲԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուկ says:

    կեցցէ 4-րդ սովխոզ – դիթրոյթ անխախտ բարեկամությունը :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728