Լրահոս
Օրվա լրահոսը

Սամի Նասերի. «Շառլ Ազնավուրն ինձ համար կուռք էր»

Փետրվար 24,2019 18:28

«Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին և նրա եղբայրը՝ սցենարիստ-դերասան Բիբի Նասերին փետրվարի 24-ին հանդիպեցին լրագրողների հետ: Այս անգամ էլ դերասանը ներկաներին ողջունեց հայերեն՝ անմիջական մթնոլորտ ստեղծելով: Հենց ամենասկզբում Նասերին պատմեց իր մանկական հուշերից, Շառլ Ազնավուրի հետ ծանոթության մասին:

Անկեղծ ժպիտով հիշեց, որ ինքը Շառլ Ազնավուրին բացահայտել է հոր շնորհիվ. հայրը սիրում էր լսել շանսոնյեի երգերը՝ առաջարկելով նաև մանուկ Սամի և Բիբի Նասերներին: «Երբ հանգստի էինք գնում, ավտոմեքենայում միշտ Ազնավուրի երգերն էին հնչում: Նրա հետ կապված շատ հուշեր ունեմ: Առաջին անգամ հանդիպեցի Ազնավուրին, երբ միասին պետք է ֆիլմ նկարահանեինք: Նա ինձ համար կուռք էր, ինչպես Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն: Ցավոք, ֆիլմը չնկարահանվեց, սակայն ընկերս՝ Ժան Ռաշիդը ամուսնացավ Ազնավուրի դստեր հետ: Այդտեղից էլ սկսվեց մեր մտերմությունը»,- նշեց նա:

Նասերիի ամենասիրելի երգերից մեկը «La Mamma»-ն է, որը գրեթե միշտ երգում է կարաոկեում, երգում է այլ կերպ՝ մտքում հիշելով իր մայրիկին: Եվ չնայած որ հանդիպումը կարաոկեում չէր, այլ Օլիմպավանում, դերասանը չհրաժարվեց երգել լրագրողների համար՝ կատակելով, թե երբ բառերը առջևդ չեն, դժվար է երգել: Իսկ հետո հուզմունքով հիշեց Ազնավուրի հետ վերջին հանդիպումը, երբ համերգից հետո ընթրելու գնացին ռեստորանում, որտեղից դուրս եկան առավոտյան:

Անդրադառնալով Հայաստանին՝ Սամի Նասերին անկեղծ պատասխանեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ երկրի գեղեցկության հետ: Բայց դեռ ժամանակ ունեն: Առաջիկայում պատրաստվում են բացահայտել Երևանի գեղատեսիլ վայրերը, այցելել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան: Իսկ Բիբի Նասերին կատակեց՝ ասելով. «Ֆրանսիայում ծագումով հայ ընկերներ շատ ունենք, սակայն նրանք դեռ Հայաստանում չեն եղել: Երբ Ֆրանսիա վերադառնանք, մենք նրանց կասենք՝ մենք եղել ենք Հայաստանում, իսկ դուք՝ ոչ»:

Դերասանը Հայաստան է այցելել MIX FIGHT40 մրցաշարին ներկա գտնվելու նպատակով: Նշեց, որ կերկրպագի հայ մարզիկներին, իր ֆավորիտն էլ Դավիթ Խաչատրյանն է, իսկ Բիբի Նասերին կատակեց՝ ասելով, թե եղբայրը կերկրպագի հայերին, բայց իր ֆավորիտը մարոկացի մարզիկ է: Եվ վերջում հավելեց, որ իր երազանքներից մեկը Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելն է: Սամի Նասերին էլ առիթը բաց չթողեց կատակելու՝ ասելով, թե եղբոր խոսքերում թաքնված ուղերձ կա՝ ուղղված հայ կինոռեժիսորներին և սցենարիստներին:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Լուիզա Ավթանդիլյանը՝ դերասանի ընկերոջ կինը, ասաց, որ պետք է այցելեն «Նոյ» կոնյակի գործարան. վստահ է, որ այնտեղ Սամի և Բիբի Նասերիներին դուր կգա: Այնուհետև կայցելեն Խոր Վիրապ, Գառնի և Գեղարդ, իսկ այսօր երեկոյան ներկա են լինելու «Women’s Club» հումորային հաղորդաշարին:

Սառա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728