Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը՝ «Առաջին դեմքից». «Մենք մեր հույսը միայն Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա չենք դրել»

Փետրվար 24,2019 15:00

Հանրային հեռուստաընկերությամբ 2018-ի հուլիսի 10-ին հեռարձակված «Կեսգիշերն անց» հաղորդման ընթացքում Արթուր Բախտամյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին հարցրել էր՝ անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանին մշակույթի նախարարություն, եւ նա պատասխանել էր. «Ես կարծում եմ՝ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությանը պետք է մշակույթի նախարարություն առնվազն այն կտրվածքով, որ մեզ պետք է ժառանգության պահպանության և պետական հոգածության հարց։ Այդ առումով մշակույթի նախարարությունը կարող է, ունի շատ կարևոր դեր կատարելու։ Այլ հարց է, որ պետք է արդյունավետ մեխանիզմներ մշակվեն, որ լիարժեք իրացվի այդ հոգածությունը։ Բայց վստահաբար պետք է»։

Սակայն հետո Լիլիթ Մակունցը սկսեց խոսել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար Մշակույթի նախարարության օպտիմալացման անհրաժեշտության մասին։ «Կառուցվածքային առումով, իսկապես, կա աշխատանքներն արդյունավետ դարձնելու խնդիր», – Հ1-ի «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ ասել էր Մակունցը։

«Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այս հիշեցմանն ի պատասխան, մասնավորապես ասաց. «Իրականում երկու տեսակետները միմյանց չեն հակասում: Ես շարունակում եմ պնդել, որ մշակութային հարցերը հասցեագրող որեւէ կառույց պետք է Հայաստանին: Մշակույթի նախարարությունը, ի տարբերություն Սփյուռքի նախարարության՝ չի լուծարվում ու չի դադարում գոյություն ունենալ՝ պարզապես ենթարկվում է կազմակերպա-կառուցվածքային իրավական փոփոխության»: Հավելեց, որ մշակույթի նախարարությունը պահպանում է «իր բոլոր ոլորտային գործառույթները»: Լիլիթ Մակունցը նաեւ վկայակոչեց տարբեր երկրների փորձը, որտեղ կրթության ու մշակույթի քաղաքականությունը մշակվում է մի նախարարության շրջանակում:

Որպես մշակույթի նախարար իր գործունեության շրջանից եւս մի հարց հնչեցրինք, որի առնչությամբ քննադատությունները շարունակվում են մինչ օրս: Խոսքն վարչապետի խոստովանությամբ՝ իր ամենասիրած նախաձեռնությունն է, ըստ որի՝ հայտնի կտավները թանգարաններից պիտի տարվեն դպրոցներ և երեխաներին ցուցադրվեն։ Թանգարանների տնօրեններն առարկում են, թե ոչ մեկը լավ նկար չի տանի որևէ տեղ, դա շատ վտանգավոր է՝ նաեւ արվեստի գործերը վնասելու տեսակետից եւ այլն: Լիլիթ Մակունցը նշելով, թե քննադատությունների եւ առարկությունների հանդեպ պետք է ուշադիր լինել, այնուամենայնիվ՝ չհամաձայնեց. «Ես իսկապես վտանգ չեմ տեսնում, եթե եղանակային պայմանները բավարարում են: Եվ ոստիկանության ուղեկցությամբ, անվտանգության հատուկ համակարգով՝ ինչպես բանկերն են գումար տեղափոխում՝ կտավները կարող են տեղափոխվել ու վերադարձվել»: Մեկ այլ հանգամանք էլ նշեց, որ հաճախ թանգարաններում «Շատ արժեքավոր կտավներ մնում են նկուղներում, եւ ցավով պետք է նշեմ՝ ոչ լավ պայմաններում: Այսինքն, եթե մենք գտնում ենք, որ կարող է կտավը փչանալ մթնոլորտի հետ շփման արդյունքում՝ շատ կտավներ փակ դռների հետեւում վտանգված են»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ օրհներգի փոփոխության թեմային, որոնց առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ավելի վաղ նշել էր, թե իրենց օրակարգում նման հարց չկա, սակայն դրա շուրջ բուռն քննարկումները շարունակվում են եւ կա մեկնաբանություն, թե նման նախաձեռնությամբ փորձ է արվում ուշադրություն շեղել առավել կարեւոր՝ մարդկանց կենսամակարդակի եւ տնտեսական բարեփոխումների խնդիրներից, որոնց լուծումների առնչությամբ առանձնապես պարծենալու բան չկա: «Եթե նման միտում լիներ՝ մենք կսնեինք այդ քննարկումները: Բայց նման միտում մեր կողմից չկա, առնվազն «Իմ քայլը» խմբակցությունն իր առջեւ նման խնդիր չի դնում»,- ասաց Լիլիթ Մակունցը: Նրա կարծիքով՝ «Պետական խորհրդանիշների նկատմամբ պետք է չափազանց զգուշավոր լինել ու ծայրահեղ հարգանք դրսեւորել: Եվ անգամ եթե փոփոխության անհրաժեշտություն կա՝ դրանք բոլորովին այլ քննարկումներ եւ այլ հրամայական պետք է լինեն: Եթե մենք որոշենք քաղաքական փոփոխություններով պայմանավորված ամեն անգամ խորհրդանիշներ փոխել՝ կարծում եմ, հեռուն չենք գնա»:

Խնդրեցինք պատասխանել այն հարցադրմանը, որը հրապարակավ հնչեցրել էր «Մեկ Հայաստան» կուսակցության նախաձեռնող Արթուր Ղազինյանը. «Հիմա փորձում եմ հիշեմ, եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից՝ գիտակցելով իրեն անպատրաստ լինելը, կամ էլ գոնե այն պատճառաբանությամբ, որ իրենց պայքարը պաշտոնի համար չի եղել և պետությանն ու ժողովրդին կարելի է ծառայել և օգտակար լինել նաև այլ ոլորտներում աշխատելով։ Ես նման դեպք չեմ հիշում, եթե եղել է, խնդրում եմ հուշեք»: Լիլիթ Մակունցն ասաց. «Ես գիտեմ դեպքեր, որ մարդիկ հրաժարվել են շատ ավելի շատ բաներից, որպեսզի սատարեն Նիկոլ Փաշինյանին եւ թիմին, մասնավորապես՝ նյութական փոխհատուցումներից, բարձր աշխատավարձերից: Եղել են մարդիկ, որոնք ամիսը 1-1,5 մլն դրամ են վաստակել ու հիմա դրանից հրաժարվել եւ շատ ավելի ցածր գումարով՝ օրինակ, 400-450 հազար դրամով աշխատում են պետական կառավարման համակարգում, ինչը, համաձայնեք, արդեն շատ բանի մասին է վկայում… Ինքս էլ միանշանակ «թռչկոտելով» չեմ ընդունել առաջարկը, քանի որ գիտակցել եմ պատասխանատվության աստիճանը: Իսկապես դժվար է եղել… Եթե նախկինում մտածում էի, թե ամենաբարդը իշխանափոխություն իրականացնելը, քաղաքական իրավիճակը փոխելն է՝ հիմա իմ կարծիքը փոխել եմ»: Նա կարծում է. «Հիմա է բարդ փուլը, երբ յուրաքանչյուր քայլիդ համար պետք է պատասխանատու լինես, որ ոչ միայն վնաս չհասցնես, այլ վնաս չհասցնելով կառուցես ու շատ ամուր հիմքերով առաջ գնաս»:

«Իմ քայլի» եւ կառավարության անդամների նախաձեռնությամբ՝ ընթանում են խմբակցության եւ նախարարների հանդիպումները: Դրանք դիտարկվում են իշխանության զսպումների եւ հակակշիռների, վերահսկողության ու հաշվետվողականության համատեքստում: Եվ քննադատություն կա, թե գործնականում Նիկոլ Փաշինյանը հաշվետու է միայն իր քաղաքական թիմին՝ նա խորհրդարանում փակ հանդիպումներ է ունենում միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, «Դա հաշվետվողականություն չէ, դա ներխմբային, ներկուսակցական ինչ-որ ընթացակարգ է, որի հետ հասարակությունը կապ չունի»: Լիլիթ Մակունցը չհամաձայնեց. «Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպել է հենց խմբակցության նախաձեռնությամբ: Ես վստահ եմ, որ մյուս խմբակցությունները երբ նախաձեռնեն նման հանդիպումներ՝ վարչապետը նույն պատրաստակամությամբ հանդիպելու է նաեւ նրանց հետ»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արդեն խոսել է այդ հանդիպումները դռնբաց անցկացնելու անհրաժեշտության մասին. «Մասնավորապես՝ շատ կուզեի, որ Հակոբ Արշակյանի հետ հանդիպումը լիներ դռնբաց: Կուզեի, որ երբ հնչեցվում է, թե հստակ չեն այս կառավարության քայլերն ու պատկերացումները, թե ինչպես պետք է հասնել տնտեսական զարգացման՝ տեսնեինք, թե ինչպես է կառավարությունը կոնկրետ այս ոլորտում տեսնում դա»: Կարեւորեց, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ քննարկումները լինեն դռնբաց:

Ի դեպ, այս հաղորդման անոնսի հրապարակումից հետո հարց ստացանք դատապարտյալներից. Նրանք նշել էին, որ նամակով դիմել են «Իմ քայլին», որ քննարկեն Էդմոն Մարուքյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությունը, որը չի ստացել կառավարության հավանությունը: Խոսքը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Դատապարտյալները հիշեցրել են, որ նախորդ խորհրդարանում էլ այս նախագիծը տապալվեց, քանի որ չհերիքեց 4 «կողմ» ձայն: «Մենք ստացել ենք նամակը եւ քննարկում կունենանք,- ի պատասխան հայտնեց Լիլիթ Մակունցը:- Ենթադրում եմ, որ խմբակցությունը միասնական դիրքորոշում չի ունենա այս առնչությամբ»:

Շատերն են նշում, որ իշխանության հիմնական աղբյուրը՝ հանրային վստահությունը, նվազում է ամեն օր։ Հարցին՝ որքա՞ն կկարողանա Նիկոլ Փաշինյանն իր հեղինակությամբ ու վարկանիշով սքողել թիմակիցների ձախողումներն ու տապալումները՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Հավատացնում եմ, որ առնվազն մեր խմբակցության շրջանակներում անում ենք հնարավորը, որ հաջողենք որպես քաղաքական թիմ»: Հավելեց՝ «Հասկանալի է, որ կառավարող ուժը չէր կարող այժմ ունենալ այն հեղինակությունը, որն ուներ անցած տարվա ապրիլ-մայիսին, եւ մենք բոլորս դա գիտակցել ենք: Այլ հարց է, որ մենք սա չենք ընդունում որպես օրինաչափություն եւ, որ պետք է հաշտվել այդ մտքի հետ: Մենք պարզապես ամեն օր ձեռնարկում ենք քայլեր, ջանքեր ենք գործադրում, որպեսզի յուրաքանչյուրն իր կյանքում զգա փոփոխություններ, եւ որ այդ միտումը կրելու է շարունակական բնույթ: Նիկոլ Փաշինյանի, որպես վարչապետի հեղինակությունը ոչ ոք չի վիճարկում, բայց մենք մեր հույսը միայն Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա չենք դրել: Առաջին հերթին՝ մեր հույսը դնում ենք մեր ուժերի, մեր մասնագիտական հմտությունների, քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության հետ մեր շփումների վրա»:

Լիլիթ Մակունցի հետ զրուցել ենք նաեւ ԱԱԾ-ի ու ոստիկանության կարգավիճակի եւ այն մասին, թե որքանով է իշխանությունը ազնիվ սուպերվարչապետությունից հրաժարվելու մասին հայտարարություններում։ Խոսել ենք նաեւ բարձր պարգեւատրումների պրակտիկան շարունակելու, անընդհատ անցյալը մատնանշելով՝ ներկա բացթողումներն արդարացնելու փորձերի մասին: Այս եւ այլ հարցերի մասին «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առավել ամբողջական պատասխանները՝ տեսանյութում:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թատերագետ Տիգրան says:

    Ինքս էլ միանշանակ «թռչկոտելով» չեմ ընդունել առաջարկը, քանի որ գիտակցել եմ պատասխանատվության աստիճանը: Իսկապես դժվար է եղել… Եթե նախկինում մտածում էի, թե ամենաբարդը իշխանափոխություն իրականացնելը, քաղաքական իրավիճակը փոխելն է՝ հիմա իմ կարծիքը փոխել եմ»: Նա կարծում է. «Հիմա է բարդ փուլը, երբ յուրաքանչյուր քայլիդ համար պետք է պատասխանատու լինես, որ ոչ միայն վնաս չհասցնես, այլ վնաս չհասցնելով կառուցես ու շատ ամուր հիմքերով առաջ գնաս»:

    Մդաաաաաաաաաաա…………..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728