Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Մանուկյան. «Մասնակցելու եմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար կայանալիք մրցույթին»

Փետրվար 23,2019 22:00

Մարտի 1-ին լրանում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, և հայտարարվելու է նոր մրցույթ, որի հաղթողն էլ հավանաբար կլինի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր  ղեկավարը: Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցելու է նաև լրագրող, հեռուստամեկնաբան, 1992-95 թվականներին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի կոլեգիայի անդամ, լրատվական ծառայության «Լրաբեր» ծրագրի տնօրեն Արայիկ Մանուկյանը:

Տեղեկությունը ճշտելու նպատակով Aravot.am-ը զրուցեց Արայիկ Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, տեղեկություններ կան, որ դուք նույնպես մասնակցելու եք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար կայանալիք մրցույթին, իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ լուրը:

– Անպայման եմ մասնակցելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար կայանալիք մրցույթին:

Անկեղծ ասած, մինչև հեղափոխությունը անձնական որոշում դեռ չունեի, թեպետ հայտնի էր, որ 2019 թ. մարտին ավարտվելու էր խորհրդի ներկայիս նախագահի պաշտոնավարման ժամկետը և մրցույթ էր հայտարարվելու: Ավելին, մինչև վերջերս էլ երկմտանքի մեջ էի: Խնդիրն այն է, որ առաջին անգամ չեմ մասնակցելու նման մրցույթի: Անցած տարիներին մասնակցել եմ թե՛ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի, թե՛ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի տեղերի համար հայտարարված մրցույթների՝ իմանալով հանդերձ, որ այդ մրցույթներում «հաղթելու», անդամ կամ նախագահ դառնալու համար հարկավոր էր ունենալ Բաղրամյան 26-ի «դաբրոն», որ առանց դրա հնարավոր չէ: Բայց մասնակցել եմ՝ մտածելով, որ հրաշքներ, այնուամենայնիվ, լինում են: Չնայած, փաստն ասում է, որ հրաշքներ, այնուհանդերձ չեն լինում:

Ասեմ, որ անցյալում որևէ հաղթողի վիրավորելու նպատակ չունեմ: Բոլորն էլ գրեթե իմ լավ ընկերներն են: Ուղղակի համակարգն էր այդպիսին: Այսօր մասնակցելու եմ, որովհետև կարծում եմ, որ հեղափոխությունից հետո, իսկապես, իրավիճակ է փոխվել: Կարծում եմ:

-Ի՞նչն է ձեզ ստիպում հավակնել վերադառնալ Հանրային հեռուստատեսություն:

– Նախ և առաջ պրոֆեսիոնալ պատասխանատվությունը և թող վերամբարձ չհնչի՝ պրոֆեսիոնալ խիղճը: Ես ինձ պատասխանատու եմ համարում այն իրավիճակի համար, որ կա: Կտա՞ն հնարավորություն՝ փոխելու այդ իրավիճակը, կտան: Չեն տա՝ ես ինձ մեղադրելու պատճառ չեմ ունենա: Կարծում եմ, որ մենք իրավունք չունենք ունենալու այն Հանրային հեռուստատեսությունը, որ ունենք այսօր: Մենք այնպիսի մշակութային, հեռուստատեսային ժառանգություն ունենք, այնպիսի մարդկային ռեսուրսներ, ստեղծագործական այնպիսի լիցքեր, այնպիսի երիտասարդական միտք ու կարողություններ, որ իրավունք չունենք ունենալ այն, ինչ ունենք:

Եթե անցյալում խնդիր էր դրված նաև հեռուստատեսության ազդեցության շնորհիվ, (իսկ հեռուստատեսության ազդեցությունը Հայաստանում դեռ ահռելի է), ինչպես ասում էր Չոմսկին՝ «Հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ տգիտությունը, գռեհիկ հումորները, անդաստիարակությունը ժամանակակից են…, քանի որ սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հասարակությանը հետ պահելու շատ լավ մեթոդներ են», կարծում եմ հեղափոխությունից հետո այլևս չենք կարող առաջնորդվել նման սկզբունքներով:

Եթե վարչապետն ասում է, որ աղքատությունը մեր գլխի մեջ է, իսկ ես դրա հետ համաձայն եմ, ուրեմն այդ գլխի բովանդակությունը պետք է փոխենք, իսկ այն կարող ենք փոխել միայն որակյալ բովանդակությամբ, միայն մշակութային ազդեցությամբ:

Կարծում եմ, որ Հանրային հեռուստատեսությունում պետք է համակարգային փոփոխություններ տեղի ունենան: Պետք է մտածողության փոփոխություն տեղի ունենա: Այն մտածողությունը, որ իշխում էր, համոզված եմ, որ պետք է իսպառ վերանա, այլապես հեղափոխության վերջնական հաղթանակ մենք չենք ունենա: Հասարակություն՝ գլոբալ առումով, որ մտածող է, քննադատական, վերլուծող, գիտակից և այլն, մենք չենք ունենա: Եթե այդ ազդեցիկ ուժը չի ծառայելու լավ հասարակություն ձևավորելու խնդրին, հետևանքները մեզ համար ծանր են լինելու:

-Կխոսե՞ք Ձեր ծրագրերի մասին:

– Այս պահին նպատակահարմար չեմ գտնում, քանի դեռ մրցույթը հայտարարված չէ: Կլինի, կխոսենք: Բայց գլխավոր, ամենագլխավոր ծրագիրն այն է, որ մենք պետք է ունենանք իրական Հանրային հեռուստատեսություն՝ հանրության բոլոր շերտերի համար՝ առանց բացառության, պետք է ունենանք տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային լուրջ խոսակցություն Հանրայինի եթերում, լուրջ բովանդակություն պետք է ունենանք ամեն ինչում՝ ֆիլմում, սերիալում, համերգում, զրույցում և այլն:

Բոլոր պրոֆեսիոնալ մարդիկ՝ ինժեներական կազմից մինչև ստեղծագործական, որոնք հեռացան հեռուստատեսությունից, տեղավորվեցին այլ մեդիաներում, նույնիսկ երկրից մեկնեցին, պետք է համախմբվեն իրական Հանրային հեռուստատեսություն ստեղծելու շուրջ: Բայց կարծես արդեն ծրագրերից ենք խոսում…

 

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Վստահաբար կանցնի: Տիգրան Հակոբյանը մշտապես առաջ է տանում Արայիկ Մանուկյանին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728