Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն ապահովվել թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական կուսակցությունների՝ ՀՀ ԱԺ ընտրություններին հավասար մասնակցության պայմանները»

Փետրվար 23,2019 20:40

ՀՀ-ում կառավարության կողմից ներկայումս տարվող հակակոռուպցիոն պայքարի և կառավարության ծրագրի հակակոռուպցիոն հատվածի վերաբերյալ «Առավոտը» զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ի սկզբանե կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն հռչակեց: Այսօր արդեն վարչապետը հայտարարում է, որ Հայաստանում վերացել է համակարգային կոռուպցիան: Համամի՞տ եք այս պնդման հետ:

– Այո, համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում և Հայաստանում համակարգային կոռուպցիայի վերացումը հայտարարել է իր կողմից գլխավորած կառավարության առաջնահերթություններից մեկը: Դեռ որքանով է հաջողել այս նպատակի իրականացման առումով, դեռևս վաղ է հայտարարել, քանի որ միայն քաղաքական կամքը դեռևս բավարար չէ համակարգային կոռուպցիան հաղթահարելու համար:

-Անցած տարեվերջին կայացած ընտրությունները Հայաստանում աչքի ընկան «քաղաքական կոռուպցիոն» երեւույթների`ընտրակաշառքներ և այլն, բացակայությամբ, վարչապետն էլ պնդում է, որ Հայաստանում մենաշնորհ նույնպես չկա, համապատասխան վայրեր էլ ճամպրուկներով գումարներ չեն տարվում. սրանք կոռուպցիայի դեմ պայքարում հաղթանակներ չե՞ն:

-Վերջին ընտրությունները էականորեն տարբերվում էին նախորդ ընտրություներից այդ առումով, որը, իրոք դրական առաջընթաց է, սակայն թավշյա հեղափոխությունից հետո, այս առումով, դեռևս չլուծված են մնացել երկու կարևորագույն հարցեր.

1․ Չեն ապահովվել թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական կուսակցությունների ՀՀ ԱԺ ընտրություններին հավասար մասնակցության պայմանները, որի արդյունքում Ազգային ժողովում չեն հայտնվել հետհեղափոխական Հայաստանում ձևավորված քաղաքական ուժերը։
2․ Պատշաճ գործիքակազմով չի ապահովվել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ֆինանսական միջոցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը` ստացված և ծախսված կանխիկ գումարների ու օգտագործված գույքի մասով:

Կարծում եմ այս խնդիրների խորքային լուծումները հնարավոր է իրականացնել միայն ՀՀ Սահմանադրության և Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխումների միջոցով:

-Կառավարության ծրագիրը, որը խորհրդարանում արժանացավ իշխող ուժի խմբակցության հավանությանն ու ընդունվեց 88 կողմ ձայնով, կոռուպցիայի դեմ պայքարի մի ամբողջ գլուխ ունի: Ծրագրի այդ հատվածում շարադրված տեսլականները կնպաստե՞ն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն:

-Այո, ՀՀ կառավարության ծրագիրը ներառում է առանձին բաժին, որը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին, այն շեշտադրումներ ունի, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը: Այս ամենը բնական է, քանի որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հանրային օրակարգը ձևավորվել է դեռևս 2018 թվականի գարնանը՝ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում: Հետևաբար, այսօր կառավարությունը այլընտրանք չունի, քան կոռուպցիայի հաղթահարման խնդրի լուծման համար հեղափոխական և համակարգային առաջարկություններով հանդես գալ և դրանք կյանքի կոչել:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի հիշյալ բաժնի կառուցվածքին, առաջին, պետք է նշել, որ մեթոդաբանական առումով այն ճիշտ կերպով կառուցված չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնորոշող երեք հիմնական հենասյուների վրա, այն է՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի կիրառման գործառույթ, որից կարելի է եզրակացնել, որ այս հարցում համակարգային մոտեցում չի ցուցաբերվել:

Երկրորդ, նշված բաժնում բավարար հստակությամբ չեն շարադրված կոռուպցիայի դեմ պայքարում առաջնային լուծում պահանջող՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանն ու հակակոռուպցիոն նոր քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններին վերաբերող կարգավորումները:

-Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր են կառավարությունից պահանջվում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի իրական դարձնելու համար:

-Կոռուպցիայի դեմ իրական և համակարգային պայքարը ենթադրում է բարձր քաղաքական կամք, այդ պայքարում քաղաքացու անմիջական ներգրավումն ու դաշնակից դարձնելը, անկախ և արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և կոռուպցիայի դեմ պայքարը կրթության, կանխարգելման և պատժի կիրառման երեք հենասյունների վրա կառուցելը:

-Ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ետ կանգնել» կոռուպցիայի դեմ պայքարի այն տեսլականներից, որոնք 2017-ի խորհրդարանական ընտրություններում որդեգրել էր «Ելք» դաշինքը, որոնք քաղհասարակության դրական գնահատականին էին արժանացել:

-2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, հանդես գալով «ԵԼՔ» դաշինքի կազմում, նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախատեսել էին անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Ներկայումս կառավարությունը իր ծրագրում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ունենալու տեսանկյունից կարևորել է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը՝ օժտված ուսումնասիրություններ իրականացնելու և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործառույթներով։

Մինչդեռ խոսք չի գնում մյուս երկու՝ կանխարգելիչ և կրթական գործառույթների մասին, որից կարելի է ենթադրել, որ կառավարությունն իր ծրագրում հստակորեն չի ամրագրել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու տեսլականը, որը կարելի է որոշակիորեն նահանջ համարել 2017 թ.-ին «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրով անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասով ստանձնած հանձնառությունից:

Սակայն, այս առումով երկխոսությունը դեռևս սպառված չենք համարում կառավարության հետ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի վերաբերյալ ներկայումս կառավարության ծրագրի նախագծով և «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի» նախագծով ամբողջական և արդյունավետ լուծումներ սահմանված չեն, կառավարությանը առաջարկել ենք պետական իրավասու մարմինների, հակակոռուպցիոն փորձագիտական հանրույթի, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական ուժերի փորձագետների և միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպել փաստարկված մասնագիտական քննարկումներ՝ Հայաստանում անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմին ներդնելու, կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների ուղղությամբ ռազմավարական լուծումներ ուղենշելու, և դրա արդյունքում հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնահերթությունների և գերակայությունների վերաբերյալ հանրային կոնսենսուսի վրա հիմնված վերջնական որոշում ընդունելու նպատակով:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728