Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրեթե ողջ տարին շնչում ենք աղբի հոտն ու տեսնում առնետների վազքը․ ահազանգում են 6-րդ փողոցի բնակիչները

Փետրվար 23,2019 18:05

Ներքին Շենգավիթի բնակիչներն անհամբեր սպասում են գարնանը, որովհետև բնակելի տներին անմիջապես կից և ծայրից ծայր ձգվող ոռոգման ջրանցքը տարին մեկ անգամ է մաքրվում՝ գարնանը․ «Գրեթե ողջ տարին շնչում ենք ջրանցքում կուտակված աղբի հոտն ու ականատես լինում առնետների վազքին, որոնք մարդկանցից այդքան էլ չեն վախենում: Աղբը գալիս կուտակվում է նոր սարքած Հյուսիս-հարավ ճանապարհին»,- դժգոհում է Թագուհին, որը երկու անչափահասների մայր է։

6-րդ փողոցի բնակիչները հաճախ են ահազանգում պատկան մարմիններին` խնդրի լուծման հարցով, սակայն անօգուտ։
«Մեր փողոցում, գրեթե ամեն տանը նվազագույնը երկու անչափահաս երեխա է բնակվում։ Երեխաները զրկված են բակ դուրս գալու հնարավորությունից, իսկ ջրանցքի կողքով առանց հակագազի անցնելն իսկական հերոսություն է»,- ավելացնում են Թագուհու հարևանները։

6-րդ փողոցի բնակչուհիներից մեկը փետրվարի 15-ին ահազանգել էր Շենգավիթի թաղապետարան, որտեղից էլ պատասխան գրություն էին ուղարկել, որ նշված հասցեով անցնող ոռոգման ջրանցքի մաքրման համար միջնորդել են «Երևան» ջրօգտագործողների ընկերություն:

«Երևան» ջրօգտագործողների ընկերությունը զբաղվում է ոռոգման ջրանցքների մաքրմամբ, շահագործմամբ, նորոգմամբ և ոռոգման ջրի մատակարարմամբ:

Բնակիչների կարծիքով՝ ոռոգման ջրանցքի մաքրումը հարցի ժամանակավոր լուծում է. «Մեր տարածքում աղբամաններ կան, տեղի բնակիչներն աղբը չեն նետում ջրանցք, միգուցե շներն ու կատուներն են կեղտոտում։ Չգիտենք ճիշտ քայլը որն է` հաճախակի մաքրման աշխատանքնե՞րը, կամ միգուցե ջրանցքը փակել է պետք»։ Իսկ մի պապիկ էլ նշեց, որ ջրանցքը բավականին երկար է` Երրորդ մասից գալիս է Ներքին Շենգավիթ 13-րդ փողոց, իջնում 6-րդ փողոց և հասնում դեպի Չարբախ:

«ԶԼՄ-երին էլ ենք դիմել, եկել նկարել են, գնացել, բայց ոչ մի արձագանք: Ամռանը մենք էինք մի կերպ գլուխ հանում, երբ ոռոգման ջուրը բացում էին, աղբը գալիս էր կուտակվում, փայտով աղբը հրում էինք»: Բնակիչներից ոմանք էլ հիշեցին, որ դեռևս վաղուց խոսակցություններ կային այն մասին, որ խողովակներ պետք է տեղադրեին` ջուրը փակ տարածքով անցնելու  համար, սակայն այդ խոսակցությունները դեռևս իրականություն չեն դարձել:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728