Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրություն՝ հավիտյանս հավիտենից (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Փետրվար 23,2019 20:00

«Վկայակոչելով երկնքի և երկրի բոլոր սրբությունները՝ վկայում ենք, որ մեր պետության Սահմանադրությունը գրվել է Աստծո մատով, քարե տախտակներին, Տասը պատվիրաններից անմիջապես հետո»,- օրերից մի օր վկայեցին եկեղեցիների բարձրաստիճան, ցածրաստիճան և աստիճան չունեցող սրբերն, ու իմ երկրի բոլոր աբորիգենները մեկընդմիշտ հասկացան, որ սահմանադրության փոփոխություն չի լինելու հավիտյանս հավիտենից: Նորօրյա այս գիտակցությունը համազգային ողբ ծնեց: Ինչպե՞ս: Չէ՞ որ օրենքն այստեղ աշխատում է զուտ խարազանելու համար, իսկ սա նշանակում է, որ ստրկության մատնվածներն ազատ որդիներ չեն ունենալու երբեք:

Երեխաներ ծնվում էին այնուամենայնիվ:

Նորածիններից ոմանք ազատ էին օրորոցից, ոմանք՝ բանտարկյալ էին բուն օրորոցի մեջ:

Գտնվեցին ըմբոստ աբորիգեններ, ովքեր ոտքի ելան՝ գլուխ ջարդելու մարտավարություն որդեգրելով: Որոշ գլուխներ, ընդ որում՝ հաստ գլուխներ, այնուամենայնիվ ջարդվեցին: Պայթունավտանգ այս իրավիճակում պետությունը հռչակեց ևս մի օրենք, որտեղ թերևս ասվում էր. «Քանի որ մեր Սահմանադրությունը գրված է Աստծո մատով և փոփոխման ենթակա չէ հավիտյանս հավիտենից, պետք է գտնել մեկ այլ ճանապարհ՝ ի նպաստ ազգի սեռական ցանկություններին, որոնք ապագայում կարող են ազատ որդիներ ձևավորել: Եվ քանի որ մեր սուրբ Սահմանադրությունը փոփոխման չի ենթարկվում ոչ մի կերպ, պետք է փոխել, իսկ ավելի ճիշտ՝ լրացնել Աստվածաշունչ մատյանը, որպեսզի բարոյական խնդիրները լուծվեն Աստվածաշնչով, իսկ անբարոյական խնդիրները՝ Սահմանադրությամբ»:

Հետևելով օրենքի տառին՝ հայտարարվեց Աստվածաշունչ մատանը փոփոխելու հանրաքվե, որ կայացավ անմիջապես, և հեռու-մոտիկ բոլոր աբորիգենները քվեարկեցին ակնթարթորեն, քանզի ոչ ոք դուրս էր եկել տներից: Ընդսմին, հանրաքվեն փայլուն հաջողություն ունեցավ՝ հավաքելով ձայն բազմաց, ձայն մեծաց, ձայն մեղաց և ձայն մեռելոց: Ի դեպ, Վարդան Մամիկոնյանը, Սայաթ Նովան և Նիկողայոս Մառը դեմ քվեարկեցին, իսկ Մաղաքիա Օրմանյանն ու Գրիգոր Լուսավորիչը կրկին մեռան, այս անգամ՝ կաթվածից:

Սակայն… Մեծ գաղափարները նաև մեծ զոհեր են պահանջում:

Ճիշտ այն պահին, երբ հանրաքվեն ավարտվել էր գերագույն հաջողությամբ, առաջացավ խիստ տրամաբանական ևս մի հարց. բայց ինչո՛վ լրացնել Աստվածաշունչը: Ինչպես միշտ, անմիջապես գլուխ բարձրացրեցին բոլոր նրանք, ովքեր անցած տարիների ընթացքում գրական մրցանակներ էին ստացել փողի ուժով, խնամի-ծանոթով և այլ հանելուկային հնարքներով, որոնք մանրամասնելը շատ ժամանակ կխլի մեզանից: Այսպիսով, կարճ ժամանակ անց, Աստվածաշնչի մատյաններին գումարվեցին տեղական արտադրության գրքեր, և հիմա՝ աբորիգենների Աստվածաշունչը կանոնիկ 66 գրքերի փոխարեն արդեն ուներ նույնպես կանոնիկ 666 գիրք: Իսահակյանի «Լիլիթ»-ը վերջապես միավորվեց Ադամի հետ՝ վերջապես ապացուցելով, որ Ադամն ունեցել է երկու կին, իսկ բազմակնությունը դրախտային բարիքներից է: Աբորիգենների նոր-անկախ պետության երեք թագավորները, նրանց արկածներն ու հայրենասիրական դավաճանությունները տեղ գտան Թագավորաց գրքերում, իսկ վեհափառ սրբերից ոմանք համալրեցին առաքյալների շարքերը: Պարզվեց՝ Քրիստոսն ունեցել է 124 առաքյալ, որոնց ճնշող մեծամասնությունը աբորիգեններ էին, իսկ առաքյալներից 42-ը՝ դավաճաններ:

Ի լրումն այս ամենի, սուրբ Գիրքն այժմ սովորեցնում էր, թե ինպես ծոմ պահեն, թե ինչպես հրաժարվեն վերջին շապիկից, չգողանան՝ եթե դրա անհրաժեշտությունը չկա, և չշնանան՝ եթե դրա սուր կարիքը չկա:

Ամենակարևորն այստեղ 11-րդ պատվիրանն էր. «Երբ աջ ձեռքդ կաշառք է վերցնում, ձախը թող չիմանա»:

Դե, իսկ երանիներից ամենաերանելին վկայում էր. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է պետության արքայությունը»:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728