Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Խաչիկյանն ազգային տարազով ներկայացել ֆորումին

Փետրվար 23,2019 15:52

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորում-ցուցահանդեսին: Վազգեն Խաչիկյանն ազգային տարազով  էր ներկայացել ֆորումին: Նա իր հարցը հնչեցնելուց առաջ նախ հիշեցրեց Թումանյանի նամակը Իսահակյանին, որտեղ ասում էր, թե մենք ներսից ենք փտած, եւ փրկությունը ներսից պետք է լինի: Նաեւ վկայակոչեց Փաշինյանի այն խոսքը, որ մեկ մարդուց է կախված երկրի փրկությունը եւ այդ մեկ մարդը դու ես, ասաց, որ Հայաստանի փրկությունը դահլիճում ներկա գտնվողների ձեռքում է:

Ապա  հնչեցրեց իր հարցը, որը վերաբերում էր մարզի արդյունաբերական ներուժին: Խաչիկյանն ասաց, որ արդյունաբերական ներուժի ութսուն տոկոսն ապահովում էին Ալավերդու մետաղաձուլարանը եւ Թեղուտ ՓԲԸ-ն, սակայն երկուսն էլ հիմա չեն աշխատում, եւ Լոռու մարզի արդյունաբերական ցուցանիշներն ընկած են:

Խաչիկյանի ձեւակերպմամբ, խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե դրանց վերագործարկման, այլ հնարավորություններն օգտագործելու մեջ: Նա  հիշեցրեց, որ օրինակ, Գերմանիայում ածխահանքերն ավելի քիչ շահույթ են ապահովում, քան ածխային հանքերի տուրիզմը, կամ Իտալիայում պղնձահանքերում ստանում են աշխարհի ամենաթանկ պանիրներից մեկը:

Վազգեն Խաչիկյանն առաջարկեց, որ Ալավերդիում էլ դիտարկվի պղնձահանքերի տուրիզմը, ասաց, որ կառավարության հինգ անդամի նամակ է ուղարկվել ու մնացել անպատասխան: Նշեց, որ առաջիկա երեք-չորս տարում Ախթալայում կարող են ունենալ մոտ քառասուն-քառասունհինգ մլն-ի ներդրում, եթե կառավարությունը պատրաստ լինի ոչ ստանդարտ լուծումների գնալ: Օրինակ բերեց նաեւ Կալավանը, Ենոքավանը, Տաթեւը, որոնք դարձել են առաջանցիկ տնտեսական զարգացման համայնքներ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով Խաչիկյանի հարցին, ասաց, որ առիթ չի ունեցել նրանց ծրագրերին ծանոթանալու եւ առաջարկեց ծրագիրը վեցերորդ անգամ ուղարկել: Ապա  հայտնեց,  որ ոչ ստանդարտ լուծումները կարող են վտանգավոր լինել, քանի որ արտոնյալ պայմանների դեպքում կխոչընդոտեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտի:

Բայց նաեւ նշեց, որ պատրաստ են  աջակցություն ցուցաբերել, որպեսզի ծրագիրը տեղից շարժվի ու բոլորի հետ նույն պայմաններով առաջ գնա:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728