Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հոգլանդ․ «Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը՝ մենք տեսնում ենք խոստումնալից իրադարձություններ»․ «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 23,2019 13:46

«Ամերիկայի Ձայն»-ի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դիվանագետ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ:

-Ի՞նչ է կատարվում ղարաբաղյան խաղաղ կարգավորման ոլորտում այսօր:

– Ի սկզբանե նշեմ, որ ես պաշտոնաթող դիվանագետ եմ եւ արտահայտում եմ միայն իմ անձնական, ոչ թե իմ կառավարության տեսակետը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը՝ մենք տեսնում ենք խոստումնալից իրադարձություններ, Երեւանում նոր կառավարություն է, Բաքվի իշխանությունները կարծես թե ուշադիր հետեւում են իրադարձություններին, տեսնում ենք փոխվստահության ամրապնդման միջոցներ։ Սակայն, որեւէ լուրջ բեկում հորիզոնում չի նկատվում, գոնե այս պահին չի նկատվում: Սակայն, անշուշտ իրադարձություններն ավելի խոստումնալից են, քան անցած տարիներին:

– Խոսակցություններ էին գնում գործընթացի մասին, որը կարող էր ավարտվել խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ:

– Հուսանք, դա այդպես է, սակայն, ես, նայելով անցած քառորդ դարին պետք է ասեմ, որ մենք նման իրավիճակում նախկինում եղել ենք. Մարդիկ լավատեսությամբ են լցվել, բեկման իրական հնարավորություն են նշմարել, սակայն, վերջին պահին՝ նոր զարգացումներ են գրանցվում, եւ այն տեղի չի ունենում: Ահա թե ինչու կարծում եմ, որ մենք պետք է լավատես լինենք, սակայն, նաեւ՝ շատ զգույշ:

– Հայաստանի նոր իշխանությունները հետաքրքիր ազդանշաններ են ուղղում՝ լինելով բաց բանակցությունների համար, նրանք միևնույն ժամանակ ղարաբաղյան կարգավորման շուրջ ավելի կոշտ դիրքորոշում են արտահայտում։ 

– Դա ինձ չի զարմացնում: Հայացք գցենք նոր վարչապետի վրա. Նիկոլ Փաշինյանը նոր սերնդի գործիչ է, որին ընտրել է նոր սերունդը: Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, քանի որ ցանկանում են, որ իրենց երկիրը այլ ուղղություններով զարգանա, դա բազմաթիվ ոլորտների է վերաբերում, ոչ միայն Ղարաբաղին:

Սակայն, կա եւս մի կարեւոր հանգամանք: Բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը ղարաբաղցի չէ: Այսպիսով, նա պետք է չափազանց զգույշ լինի եւ եթե նախատեսում է լուրջ փոփոխություններ կատարել, պետք է դրանք քայլ առ քայլ անի, քանի որ հակառակ կողմում կան մարդիկ, ովքեր նրան դեմ են եւ ովքեր կհարվածեն, եթե նա շատ արագ եւ շատ արմատական գործի: Ուստի, կարծում եմ զգույշ, քայլ առ քայլ մոտեցումը շատ խելացի գործելաոճ է: Քայլ առ քայլ գործելու դեպքում կարող ես հաղորդել տարբեր ազդանշաններ:

– Քայլ առ քայլ ասելով՝ նկատի ունեք գործելաոճը, ոչ թե հակամարտության կարգավորման ուղին:

– Այո, խոսքը գործելաոճի մասին է: Եկեք հիշենք, ինչպես տարիներ առաջ Տեր-Պետրոսյանը ցանկանում էր արմատական փոփոխություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի քաղաքականության մեջ: Եվ ընդհանուր կարծիքն այն է, որ նա գործեց չափազանց արագ: Այդ պատճառով չկարողացավ մնալ իր պաշտոնին:

-Կարծես թե սահմանային միջադեպերի թիվը կրճատվել է նախորդ տարիների համեմատ: Սա ե՞ւս ազդանշան է։

– Եկեք զգույշ լավատեսություն արտահայտենք դրա վերաբերյալ: Դա լավ նշան է: Ես հետեւում եմ շփման գծի միջադեպերի վերաբերյալ զեկույցներին եւ իրավացի եք, միջադեպերի թիվն այժմ զգալիորեն ցածր է, քան նախկինում էր: Եվ դա մեկ այլ խոստումնալից իրականություն է: Կային նաեւ առաջարկներ, որ կողմերը կարող են շփման գծից հանել զինվորականներին՝ փոխարինելով նրանց սահմանապահներով: Դա նույնպես դրական զարգացում կլինի: Տեսեք, սա եւս այդ նույն քայլ առ քայլ վստահության ձեւավորման միջոցներն են: Եվ եթե երկու կողմերը պատրաստ են իրականացնել փոքր քայլեր, վերջում փոքր քայլերով հասնում եք նպատակին:

-Որպես նախկին համանախագահ՝ դուք լավ գիտեք հակամարտությունը։ Այսօր կողմերը պատրաստ չեն մեծ փոխզիջումների։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է հակամարտությունը սառեցնելու այն ճանապարհը, որը հակամարտությունը կպահի սառեցված եւ խաղաղ:

– Կան բազմաթիվ մոտեցումներ: Իմ անձնական տեսակետն է, որ կարեւոր առաջընթաց կլիներ Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձը կառավարության հսկողությանը: Դա թույլ կտա երկու կողմերին կենտրոնանալ բուն Լեռնային Ղարաբաղի վրա: Սակայն, մինչեւ մի կողմը պահպանում է շրջակա շրջանների ռազմական վերահսկողությունը, այդ հարցը պետք է առաջնահերթ լուծում ստանա: Եթե այդ հարցը կարգավորվի, դա դրական տեղաշարժ կլինի: Սա միայն իմ կարծիքն է:

-Չէ՞ որ հայկական կողմը նշում է նաեւ, որ այդ շրջաններն անվտանգության գոտի են։ Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշում էր, որ տարածքները կարող են վերադարձվել անվտանգության երաշխիքների դիմաց։ 

– Այո, բայց այսպես ասենք՝ դա այն ժամանակ էր, իսկ ներկան այլ է: Այնպես որ, եկեք լավատես մնանք եւ հուսանք, որ երկու կողմերը՝ Բաքուն ու Երեւանն այս հնարավորությունը կդիտարկեն, քանի որ դրա հանգուցալուծման ուղիներ կան: Բազմաթիվ միջազգային ծրագրեր եւ առաջարկություններ: Երբեմն կողմերը շատ մոտ են լինում: Հնարավոր է հիշեք Քի Ուեսթի գագաթաժողովը, որտեղ բոլորը չափազանց լավատես էին, սակայն, վերջին վայրկյանին, ամենավերջին վայրկյանին այն չհաջողվեց: Այդ պատճառով եմ ասում, որ անհրաժեշտ է դանդաղ, քայլ առ քայլ գործընթաց, որի ընթացքում երկու կողմերը վստահում են միմյանց: Որովհետեւ եթե չկա վստահություն, այն երբեք չի աշխատի:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728