Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չկա առաջարկվող նոր մոդելը, որով պետք է կառավարվի համալսարանը․ «Փաստ»

Փետրվար 23,2019 12:20

Հեղափոխությունից հետո Մայր բուհը՝ ԵՊՀ-ն հայտնվել է նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում: Պետական համալսարանի հանդեպ այս ուշադրությունը ինչ-որ առումով սիմվոլիկ է, եթե հիշենք, որ ուսանողությանը մոբիլիզացնելու հեղափոխական փորձերը սկսվեցին հենց ԵՊՀ միջանցքներից:

Մյուս կողմից էլ ԵՊՀ համբավը, հանրապետականացված ուսխորհուրդների արատավոր ավանդույթը, նախկինում արձանագրված մի շարք սկանդալային դեպքերը միասին վերցրած ստեղծում էին պարարտ հող, որպեսզի այդ կառույցը հայտնվեր իշխանության ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, կրթական համակարգը միշտ էլ հայտնվում է հեղափոխության ուշադրության կենտրոնում. սա, կարելի է ասել, հեղափոխությունների չգրված կանոններից է, և օրինակներն այս իմաստով բազմաթիվ են:

Մայր բուհն, ինչպես հուշում է դրա անունը, իսկապես որ սովորական ու հերթական չէ: Մի կողմից լինելով ամենահին հայաստանյան համալսարանը, մյուս կողմից էլ լինելով պետական, այս կառույցի հանդեպ ուշադրությունը միշտ այլ է եղել: Դժվար է պատկերացնել, օրինակ, մեկ այլ համալսարանում կոռուպցիոն բացահայտումների շուրջ նման տարողունակ, լայն շերտերի համար հետաքրքիր հանրային քննարկում: Սա ինքնին թե՛ դրական, թե՛ բացասական կողմ ունի՝ ԵՊՀ-ն գոնե առայժմ չի կորցրել իր հանրային կարևորությունը, սակայն նույն այդ հանրային ուշադրության հետևանքով այժմ հայտնվել է բավականին բարդ իրավիճակում:

Սակայն, ինչպես տեսնում ենք, չկա ո՛չ ռեկտորի հրաժարական, ո՛չ էլ իշխանությունների կտրուկ քայլ՝ փոխել ռեկտորին: Փոխարենն արդեն մի քանի ամիս է՝ կան տարատեսակ հայտարարություններ համալսարանում կոռուպցիոն տարբեր մասշտաբների, տարբեր թվերի մասին, վերջերս էլ՝ արդեն պաշտոնապես ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ: Միաժամանակ, սակայն, նկատվում է, որ իշխանությունները ևս այս հարցում շատ չեն շտապում, չնայած դեմ չեն, որպեսզի ռեկտորը հրաժարական տա: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործընթացի դանդաղությունը մի կողմից բացասական կարող է անդրադառնալ համալսարանի ու հայտարարված կրթական ռեֆորմների վրա՝ էականորեն դանդաղեցնելով դրանց ընթացքն ու ստեղծելով անվերջանալի ստատուս-քվոյի կարգավիճակ: Մեկ այլ կողմից էլ, անշուշտ, արագընթաց քայլերն այս հարցում կարող են միայն վնասել գործին, եթե չկան կուռ փաստեր կոռուպցիոն բացահայտումների մասին, միևնույն ժամանակ առկա չէ այդ համակարգը դեմոնտաժելուց հետո առաջարկվող նոր մոդելը, որով պետք է կառավարվի համալսարանը:

Հենց մոդելի շուրջ քննարկումներն են, որ պակասում են այս օրերին: Որևէ կերպ չբացառելով կոռուպցիոն ռիսկերը ԵՊՀ-ում, միաժամանակ որևէ կերպ անձամբ ռեկտորի վրայից չգցելով պատասխանատվությունը՝ չենք կարող չնշել, որ ԵՊՀ-ն ամբողջովին՝ ամբիոններից ու դեկանատներից սկսած, ուսխորհուրդներով վերջացրած՝ չի գտնվում ամենալավ վիճակում:

 

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728