Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նախկինում գուցե կուլիսային ճնշումներ են եղել, բայց ԲՀԿ-ականները միշտ ազատ են քվեարկել». Սերգեյ Բագրատյան

Փետրվար 23,2019 12:10

«Վերջին 30 տարում տնտեսական հրաշք չենք ունեցել: Ճիշտ է վարչապետի այն մոտեցումը, որ տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել մարզերից: Հայկական տնտեսության զարգացումը պետք է ապահովել գիտության զարգացմամբ` գիտությունը վերածելով արտադրության»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագրին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա բնորոշմամբ՝ պատասխանատվություն ստանձնելու շուրջ կառավարության դժկամությունը հասկանալի է, բայց միաժամանակ պետք է խրախուսել գործադիրի ձգտումները. «Կառավարության ծրագրում գիտության զարգացումն ընդհանուր գծերով է արտահայտված: Ես առաջարկում եմ ավելացնել գիտության ֆինանսավորումը, որը նոր լիցք կհաղորդի ոլորտին: Խնդիր ունենք մեր երկրում երիտասարդ գիտնականներին աշխատանքով ապահովելու: Կառավարության ծրագրում նման բան չկա, բայց կարծում եմ՝ ԿԳՆ ծրագրում պետք է ուղերձներ տեսնենք»:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ընդդիմությունը «դեմ» է քվեարկել, որովհետեւ գուցե առաջին անգամ ազատ է գործել, Սերգեյ Բագրատյանը նշեց. «Համաձայն չեմ, որ դա ուղղված է ԲՀԿ-ին, բայց որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ տիկին Նազարյանի հայտարարության մասին կասեմ, որ այդպես չի եղել: Նախորդիվ էլ ենք «դեմ» քվեարկել: Եթե դու ընդդիմություն ես եւ քո ծրագրային կետերը ներառված չեն իշխանության ծրագրում, «դեմ» ես քվեարկում: Այս պարագայում կառավարության ծրագիրը լրացնել հնարավոր չէր, ուստի չէինք կարող «կողմ» քվեարկել: Հնարավոր է՝ նախկինում կուլիսային ճնշումներ են եղել, բայց մեր պատգամավորները նախկինում էլ եւ հիմա էլ ազատ կարծիք են արտահայտել: Հիմա հուսով ենք, որ կառավարությունն ականջալուր կլինի մեր առաջարկներին: Լռությունը համարում ենք համաձայնության նշան»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728