Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի մակարդակն այս պարագայում կլինի «ծանր հրետանին», եթե Բաքուն չընկալի «հետախուզական» մեսիջները․ «Ժամանակ»

Փետրվար 23,2019 11:33

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը փետրվարի 22-ին հայտարարություն է արել այն մասին, որ թեև առաջնագծում հարաբերական անդորր է, այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվում հայատյացության և նվաճողական քաղաքականությունից:

Անշուշտ, Դավիթ Բաբայանի հայտարարությամբ չէ, որ պետք է պատկերացնել այդ իրողությունը և չտրվել պատրանքների, ու հազիվ թե Հայաստանում ու Արցախում կան պատրանք ունեցողներ, որոնք ունեն այդպիսի հիշեցումների կարիք: Միևնույն ժամանակ, սակայն, հենց այս առումով էլ երևի թե պարզ է, որ Արցախի նախագահի խոսնակի հայտարարության նպատակը ամենևին հիշեցումը կամ պատրանք ցրելը չէ, այլ, թերևս, որևէ այլ նպատակ ունեցող հաղորդագրություն հղելը:

Ո՞ւմ է այն ուղղված, հնարավոր է միայն ենթադրել, սակայն պետք է նկատել և այն, որ միևնույն ժամանակ Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն է ուշագրավ գրառում արել առաջնագծի մասին: Նա նշում է, որ հարաբերական անդորրի պայմաններում Ադրբեջանը կրակում է, իսկ Հայաստանը չի պատասխանում, ինչը կարող է նորակոչիկներին «զրկելով» վառոդի հոտից՝ առաջացնել որոշակի վախ՝ եթե լինի որոշակի պատասխան ռազմական գործողության անհրաժեշտություն:

Որքանով է զուտ ռազմական տեսանկյունից Թևան Պողոսյանի գրառումը վտանգները դիտարկում ռացիոնալ, այլ հարց է, սակայն աներկբա է, որ նախագահ Սարգսյանի խորհրդականն էլ, անշուշտ, պատահական չէ, որ արել էր սոցցանցային այդ գրառումը: Կա՞ այստեղ որևէ սինքրոնացում Արցախի հետ՝ հաշվի առնելով Արցախի նախագահի խոսնակի գրառումը: Դարձյալ հնարավոր է միայն ենթադրել, սակայն բոլոր դեպքերում զուգահեռ անդրադարձերը՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցի ֆոնին, բավականին հատկանշական են:

Հնարավոր է, որ Երևանի և համանախագահների միջև եղել է պայմանավորվածություն, որ Բաքվում Ալիևի, այսպես ասած, շանտաժային տոնայնության պահպանման դեպքում Երևանից անմիջապես կհաջորդի առնվազն նախնական զգուշացում, որ հայկական կողմի հետ այդ տոնով խոսելը հեռանկար չունի, և միաժամանակ, հարաբերական անդորրն էլ ամենևին չի թուլացրել Հայաստանի և Արցախի պատրաստվածությունը: Ինչո՞ւ չի արվել նույն բանը վարչապետի մակարդակով: Երևանը տևական ժամանակ նկատելիորեն անցնում է բազմաշերտ քաղաքականության՝ թե՛ ընդհանրապես արտաքին-անվտանգային, թե՛ մասնավորապես Արցախի խնդրում, ինչը գործնականում տալիս է ավելի մեծ դիվանագիտական ճկունության հնարավորություն: Վարչապետի մակարդակն այս պարագայում կլինի «ծանր հրետանին», եթե Բաքուն չընկալի «հետախուզական» մեսիջները:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728