ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ պետք է վերջիններիս փոխանցեր Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպման մանրամասները, բայց Ն. Փաշինյանն ասել էր, որ Դավոսում որևէ հարց չեն քննարկել, դիրքորոշում են ներկայացրել և բանակցային պատմությունից են խոսել:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցինք, թե Ն. Փաշինյանը կոնկրետ ի՞նչ է ասել ՄԽ համանախագահներին, երբ համանախագահները ծանոթ են բանակցային պատմությունից:
«Ես չեմ մասնակցել այդ հանդիպմանը, կարող եմ միայն ենթադրել՝ հաշվի առնելով այն կոնցեպտուալ հայտարարությունները, որ հնչեցրել է վարչապետ Փաշինյանը Դավոսում, մասնավորապես՝ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային փուլ, բայց եղել են մի քանի հայտարարություններ, որոնք այս հայտարարության շարունակությունն են, այսինքն՝ որևէ բանաձևով մենք չպետք է գնանք բանակցությունների, որևէ բանաձև կամ մոտեցում կամ կարգավիճակ պետք է ծնվի բանակցությունների վերջում»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե ՄԽ համանախագահների այցից հետո ի՞նչ զարգացումներ եք սպասում, նա ասել է, թե պետք է սպասել Մինսկի խմբի հայտարարությանը, որ սովորաբար հաջորդում է նման հանդիպումներին:
«Մենք պետք է փորձենք նպաստել, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները գնահատական ստանան ՄԽ կողմից: Պարզ է՝ նրանք ուղղակի ձևով չեն ասի, բայց ՄԽ վերջին հայտարարությունում համաձայնություն կար, որ կողմերը պետք է հասարակություններին պատրաստեն խաղաղությանը»:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում