Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր հրապարակային միջոցառումների մասնակցելու մղումը Փաշինյանին չի թողնում կենտրոնանալ իր գլխավոր պարտականությունների վրա․ «Ազգ»

Փետրվար 23,2019 10:35

Քաղաքական դաշտի` խորհրդարան չանցած եւ հայ հանրության` քաղաքական հավակնություններ ունեցող շերտերը կենդանության նշաններ են ցույց տալիս: Դա պետք է բնական համարել, որովհետեւ անկախ այն բանից, թե խորհրդարանն ու առհասարակ նոր իշխանությունը ձեւավորվեցին ժողովրդի ընտրությամբ, թաքցնելու բան չէ, որ հասարակության մտածող հատվածը, կողմ լինելով փոփոխություններին, ավելի իներտ եւ հայեցողական կեցվածքով է նայել կատարվողին, այդպե՛ս հնարավոր դարձնելով հասարակական պահանջ իշխանափոխությունը:

Սակայն այժմ արդեն աստիճանաբար, էյֆորիկ տրամադրությունների փոխվելուն զուգահեռ, առաջ են մղվում հանրության բոլոր շերտերին հետաքրքրող իրական օրակարգերը, ինստիտուցիոնալ լուծումները, որոնք սովորաբար հընթացս հեղափոխություն կամ իշխանափոխություն անողները օբյեկտիվ պատճառներով չեն առաջարկում կամ իրականացնում:

Ընդդիմադիր դաշտն ազատ է, նոր ընդդիմության ձեւավորման օրակարգերը` բազմաթիվ, սկսած իշխանությանն իրական (եւ ոչ թե սարքովի) այլընտրանքի պահանջարկ-առաջարկով, վերջացրած երկրի զարգացման հեռանկարի վերաբերյալ գաղափարների մատակարարմամբ հանրությանը: Վերջինը իշխանության եկած ուժը չի կարող ապահովել`առանց քաղաքական անցյալի եւ հապշտապ ձեւավորած «Իմ քայլը» բովանդակությամբ քաղաքական չէր էլ կարող լինել, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի, թե քաղաքական գաղափարախոսությունների ժամանակն անցել է:

Տողերիս հեղինակը նույնպես կուսակցականությունը Հայաստանի համար զարգացման լավագույն ձեւը չհամարելով` այդ մասին մի քանի անգամ գրել է: Բայց անկախ անձնական մոտեցումներից` իշխանության հակակշիռ եւ այլընտրանք առայժմ կարող են քաղաքական խմբերն ապահովել մեր երկրում, քանի որ հանրային սեկտորը, մշտապես ֆինանսավորվելով արտերկրի կազմակերպություններից, դրամաշնորհների նպատակներից չբխող եւ մեր երկրի համար հրատապ օրակարգ-առաջարկ ձեւավորել դեռեւս ունակ չէ:

Այ, երբ երկրի ներսում կգտնվեն հանրային սեկտորը ֆինանսավորելու ազատ ու չպարտավորեցնող միջոցներ, միգուցե այդ ժամանակ պահանջելիք ունենանք նրանից: Իսկ առայժմ ֆինանսական ռեսուսներ ունեցող քաղաքական միավորներն են դիտարկվում գաղափարների գեներատոր, որոնք էլ քնած վիճակից կարծես արթնանում են: Նրանց հայտերն, իհարկե, դեռ հում վիճակում են եւ առանձնապես շատ բան չեն ասում հանրությանը: Ասենք` 10 ուժ համախմբվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության մեջ, դրանց մեջ կան նաեւ փաշինյանական շարժմանն աջակցած, բայց այդպես էլ նրա թիմում չհայտնված մարդիկ: Նրանք առաջ են քաշում հանրային քննարկումներով մեր երկրին հարկավոր Սահմանադրություն ունենալու դրույթը, սա երկարատեւ դիրքավորում է ենթադրում փաստորեն:

Կամ քաղաքագետ Ավետիք Չալաբյանն ու նախաձեռնող մի խումբ ստեղծել են «Ազգային օրակարգ» անունը կրող կուսակցություն, իրավաբան Արթուր Ղազինյանն ու մի այլ նախաձեռնող խումբ «Մեկ Հայաստան» կենտրոնամետ կուսակցությունն են ստեղծել: Երեքն էլ բավական տարողունակ ծրագրեր են ներկայացնում գոնե թղթի վրա: Իհարկե, նկատի առնելով Հայաստանում քաղաքական ուժեր ստեղծելու ավանդույթները` մի փոքր դժվար է միանշանակ պնդելը, որ դրանք ինքնաբույծ եւ որեւէ կենտրոնից չղեկավարվող ուժեր են, այդպես կարծողը միամիտ կհամարվեր. Հայաստանում էլ, աշխարհում էլ քաղաքական ուժերի պատվիրատուն ֆինանսական եւ տեղեկատվական ռեսուսների տիրապետող շրջանակներն են:

Այնպես որ մոտակա ժամանակի մեջ երեւի ականատեսը կլինենք այլ քաղաքական միավորների ստեղծմանը եւս, հետո դրանց միավորումներին կոնգլոմերատների մեջ, եւ այդպես շարունակ: Իսկ թե ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը: Եթե կառավարությանն, այնուամենայնիվ, հաջողվի ռեալ գործողությունների նվազագույն շեմ ապահովել` վառ պահելով նաեւ նախկինում թալանված միջոցները վերադարձնելու շարունակական գործընթաց, միգուցե նոր քաղաքական միավորների դիրքավորումը դանդաղ ընթանա` արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար:

Իսկ եթե քաղաքական հենարաններ ստեղծելուն զուգահեռ` նախկինները քաղաքական եւ տնտեսական ճնշումների անթիվ գործիքների տեսականին արդյունավետ համադրեն (այդ թվում չխորշելով դրսից տղա բերելու հայերիս մեջ այդպես էլ չմերժվող միջոցից), ապա կառավարության արհեստավարժությունից, արդյունավետությունից, իսկ ամենակարեւորը` միատարրությունից կախված կլինի չձախողվելն ու քաղաքական ամրությունն ապագայի համար:

Ով է զբաղվելու Հայաստանի տնտեսությամբ. երկուսը քաղաքում

Բյուջեն էլ ընդունվեց, ու մենք այդպես էլ շոշափելի չիմացանք` որոնք են Հայաստանի տնտեսական գլխավոր օրակարգերը: Եթե նայում ես իշխանությանը` ապա տեսնում ես, որ Հայաստանի նախագահի եւ վարչապետի պաշտոններում քաղաքական դեմքեր են: Ամբողջ կյանքում քաղաքական դեմք եղած Նիկոլ Փաշինյանը, գործադիր իշխանության ղեկավար դառնալով, տնտեսական ֆիգուր դառնալու ոչ մի նշան չի ցույց տալիս եւ չի էլ կարող` նրա մոտ քաղաքական գործունեությունն է լավ ստացվում: Անգամ մշակութային միջոցառումն է նա քաղաքականացնում ու ծառայեցնում քաղաքական իր օրակարգին` «Թումանյանի անունից»:

Աու, Բաղրամյանի թռչնաֆաբրիկան փակվել ու էնա-էնա վաճառվելու է, տեղյակ ե՞ք, ամեն օր ներդրումներից ու ինքնաբավ տնտեսությունից խոսողներ: Աու, որ ասում եք ոչխարի մսի արտահանման մեծ պահանջարկ կա` տեղյա՞կ եք, թե ոչխարաբուծությունը ինչ բնապահպանական եւ տնտեսական ավերներ կարող է հասցնել մեր գյուղատնտեսությանը. օգտվեմ իմ նախկին գործընկեր Արամ Հովհաննիսյանի հրապարակումից ու տեղ հասցնեմ` արտահանող ոչխարաբուծությունը կխլի ներքին պահանջարկը բավարարող տավարաբուծությունից կերի ռեսուրսը, ու մեզ կերակրող խոշոր եղջերավորի գլխաքանակն անվերականգնելի կկրճատվի, արոտավայրերը երկար ժամանակով էրոզիայի կենթարկվեն` մեզ զրկելով ինչ-որ բան աճեցնելու հնարավորությունից:

Տնտեսական հաշվեկշռի օգուտն ու վնասն էլ` դուք հաշվեք, եթե որոշում եք Իրանին ոչխար վաճառելու թափն ավելացնել: Է, վարչապետ Փաշինյանն ինչ անի, նա ոչ տնտեսագետ է, ոչ գործարարությամբ է զբաղվել, անգամ խորհրդարան նրա տարած «տնտեսական» պատգամավորներն են լրագրողներ, ինչպես պետք է այդ ամենի մասին իրական, տարբեր շահերով չլցոնված տեղեկատվություն ստանա: Կուզեինք, որ վարչապետն, այնուամենայնիվ, մի փոքր ներփակվի, այդքան շատ հրապարակային միջոցառումների չմասնակցի` իր ժամանակը վատնելով եւ, իրոք, տնտեսությունն իմացող մարդկանց օգնությամբ խորանա տնտեսական իրողությունների մեջ, քանի դեռ սկիզբն է ու մեծ ձախողումներ չկան (դե` հաջողություններ էլ չկան):

Տարբեր հրապարակային միջոցառումների մասնակցելու մղումը Փաշինյանին հավանաբար չի թողնում կենտրոնանալ իր գլխավոր պարտականությունների վրա, եւ նրա այդ մղումը հավանաբար հենց ինքը չի կարողանում զսպել` ընդդիմադիր քաղաքական գործչի բովանդակությունից վերջապես ազատագրվելով եւ պետական գործչի լիցքով դա փոխարինելով, մարտի մեկին Ազատության հրապարակից երթելու նրա որոշումը վկա: Մինչդեռ Հայաստանի քաղաքացու «հաղթանակն ու քաղաքացու իշխանությունը անշրջելի դարձնելու» գրավականը ոչ թե կողմնակիցներով երթելն է, այլ ողջ ժողովրդի համար տանելի պետություն սարքելը:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728