Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովի պաշտպան․ «8 ամսվա ընթացքում որեւէ քննչական գործողություն Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել»․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 23,2019 10:15

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի մեղադրանքում մինչ նախաքննության ավարտ հայտարարելը փոփոխություն է արվել:

Այս մասին մեր զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Գործի նյութերը 76 հատոր են կազմում եւ պաշտպանական կողմը 76 օր էր նախատեսել՝ դրանց ծանոթանալու համար, սակայն քննիչը 50 օրացուցային օր է սամանել դրանց ծանոթանալու համար, ինչը պաշտպանական կողմը պատրաստվում է վիճակել:

– Պարոն Պողոսյան, գործի նյութերին 50 օրում ծանոթանալու քննիչի որոշումը դուք նույնպես վիճարկելո՞ւ եք:

– Միանշանակ վիճարկելու ենք, ընդ որում, վիճարկելու ենք նաեւ քննիչի գործողությունները՝ կապված նրա հետ, որ Յուրի Խաչատուրովին իրեն հասկանալի լեզվով չեն տրամադրվել գործի նյութերը:

– Հիմա ծանոթանում եք քրեական գործի նյութերին, ի վերջո կարո՞ղ եք ասել, ըստ մեղադրանքի՝ Յուրի Խաչատուրովը իր ո՞ր գործողություններով է տապալել սահմանադրական կարգը:

– Մեզ պարզ չի մեղադրանքի էությունը, այս 8 ամսվա ընթացքում որեւէ քննչական գործողություն Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել: Չկատարվելուց հետո նախաքննության ավարտից անմիջապես առաջ մեղադրանքի որոշումը փոփոխվեց, իբր հստակցումներ ներկայացվեցին, սակայն մեղադրանքի մեջ կոնկրետ Յուրի Խաչատուրովի գործողությունները բացարձակապես նկարագրված չեն: Դեռ ավելին՝ Յուրի Խաչատուրովի համար անհասկանալի է նաեւ, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նման մեղադրանք առաջադրելու համար, որովհետեւ նկարագրության մեջ իր կողմից ենթադրյալ վերագրվող որեւէ գործողություն նկարագրված չէ:

Մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածով (Սահամանդրական կարգը տապալելու համար), սահմանադրական կարգը տապալվում է որոշակի գործողություններով, հիմա այդ գործողություններից որեւէ մեկը որոշման մեջ չենք գտնում, թե օրինակ Յուրի Խաչատուրովի ո՞ր գործողության հետեւանքով Սահմանադրության երկրորդ հոդվածը դադարեց գործել եւ հետո ինչպես վերականգնվեց տապալված կարգը: Այսինքն՝ մեղադրանքում ոչ թե գործողություններ, այլ՝ իրադարձություններ են նկարագրված, թե այդ իրադարձությունների հետ ինչ առնչություն ունի Խաչատուրովը, հայտնի չէ:

Օրինակ, նկարագրված է մեղադրանք՝ «հետագայում հարուցված քրեական գործով փոփոխվել են պարկուճները», հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ Յուրի Խաչատուրովը ի՞նչ կապ ունի պարկուճների ենթադրյալ փոփոխման հետ, ինչո՞ւ է մեր մեղադրանքի ծավալում նկարագրված այդ հանգամանքը ու ի՞նչ գործողություններ է դրսեւորել Խաչատուրովն այդ պարկուճների ենթադրյալ փոփոխման ժամանակ, բացարձակապես որեւէ նշում չկա:

Կարծում եմ, որ այս մեղադրանքը, նախաքննության գործի ավարտը, պաշտպանության իրավունքի խախտումը ժամկետ չտրամադրելը եկավ ապացուցելու մի պարզ ճշմարտություն՝ դեռեւես անցած տարվա հոկտեմբեր ամսին, երբ վարչապետը ելույթ էր ունենում Ազգային ժողովում, ամբիոնից հայտարարեց, որ կալանքի քննարկման ընթացքում դատավորները զանգում եւ ասում են՝ գործը ջուր ա, այս գործի այն մասով ինչով հասցրել եմ ծանոթանալ, հիմնավորում է գործով միակ ճշմարտությունը՝ գործը իրականում ջուր է, վարչապետը ճիշտ էր, ՀՔԾ-ն՝ սխալ:

– Ասացիք՝ մեղադրանքի փոփոխություն է եղել, կմանրամասնե՞ք ինչն է փոփոխվել:

– Առաջադրված մեղադրանքը հոդվածի տեսանկյունից նույնն է մնացել, փորձել են իբր հստակեցում ներկայացնել, որոշակի ձեւակերպումներ են հանվել նախորդ մեղադրանքից, ինչը մենք պնդում էինք նախկինում, որ անհիմն եւ անօրինական է նման ձեւակերպումներ ներառելը մեղադրանքի մեջ, ինչից հետո վարույթն իրականցնող մարմինը որոշակի ձեւարկեպումների փոփոխություն է իրականացրել, սակայն Յուրի Խաչատուրովի հանցավոր որեւէ գործողություն նկարագրված չէ:

Վարույթն իրականացնող մարմինը վերցրել եւ նկարագրել է 2008 թվականի փետրվարի 19-ից ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում՝ նախագահական ընտրություններ են անկացվել, բողոքի ցույցեր են եղել, բանակը Երեւան քաղաքում է հայտնվել եւ այլն ու դրա հիման վրա Յուրի Խաչատուրովին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու համար:

– Քննիչը մեղադրանքից ո՞ր ձեւակերպումներն է հանել:

– Օրինակ, նախկին մեղադրանքում նշված էր՝ «նախագահի հակասահմանադրական հրամանագիր», հետագայում մենք բարձրաձայնում էինք, որ նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչող սուբյեկտը ընդամենը մեկն է՝ Սահմանադրական դատարանը եւ այդ հրամանագիրը մինչ այս պահը ուժի մեջ է: Հետագայում, մեղադրանքի ձեւակերպման որոշ հատվածներից այդ «հակասահմանադրական հրամանագիր» արտահայտությունը դուրս է եկել:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728