Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին պետք է լինի «հայկական բյուրգերը»

Փետրվար 23,2019 10:00
hayer

Տեսականորեն բոլորը գիտեն, որ ժամանակակից ցանկացած պետության կայունության հիմքը միջին խավն է, կամ, ինպես նրա ներկայացուցիչներին Գերմանիայում են անվանում՝ «բյուրգերը»: Կա՞ն արդյոք նման մարդիկ Հայաստանում: Փորձեմ նկարագրել «հայկական բյուրգերի» կերպարը:

Պատկերացրեք Հայաստանի քաղաքացու, որը 1/ ոչ մեծահարուստ է, ոչ իշխանավոր (ներկա կամ նախկին), բայց դժգոհ չէ իր սոցիալական կարգավիճակից եւ ունեցվածքի չափից: Իհարկե, կցանկանար ավելին ունենալ, բայց դա գերնպատակ կամ կյանքի իմաստ չի համարում:

2/ Մեծ նշանակություն չի տալիս, թե ով է նստած «գերագույն գահին» եւ ովքեր են «թագավորական վեզիրները», ավելի շատ հետաքրքրվում է, թե ով է իր գյուղապետը, թաղապետը, համատիրության ղեկավարը եւ այլն:

3/ Բարեխղճորեն ու սիրով կատարում է իր աշխատանքը՝ լինի դա սեփական բիզնես, թե վարձու աշխատանք: 4/ Հարգում է պետության օրենքները, մասնավորապես, վճարում է բոլոր հարկերը: 5/ Առանձնապես չի հուզվում նրանից, թե ով ինչ է իր մասին մտածում, խոսում կամ գրում, ինքնաբավ է իր սկզբունքների մեջ: Մյուս կողմից՝ նրա վարքը կոնվենցիոնալ է, տեղավորվում է հասարակության մեջ ընդունված մշակութային շրջանակներում: Օրինակ, փետուրներից սարքած հագուստով փողոց դուրս չի գալիս:

6/ Չի ձգտում որեւէ իշխանություն ունենալ, ուրիշներին հրամաններ ու հրահանգներ տալ: (Ինձ ընդհանրապես թվում է, որ նման ձգտումները հաճախ պայմանավորված են որոշակի հոգեկան շեղումներով): 7/ Հավակնություն չունի մնալու պատմության մեջ:

Կա՞ն Հայաստանում այդպիսի քաղաքացիներ: Վստահ եմ, որ նման մարդիկ շատ են, թեեւ մեծամասնություն չեն կազմում: Պարզապես մենք նրանց մասին հազվադեպ ենք խոսում կամ գրում, մեզ ավելի շատ են հետաքրքրում հանցագործներն ու փսիխոպատները: Եվ դա, իհարկե, միայն հայակական մեդիայի առանձնահատկությունը չէ՝ այդպիսին է ցանկացած երկրում լրատվամիջոցի, համացանցի միջին վիճակագրական սպառողի սոցիալական պատվերը: Բայց զարգացած պետություններում վերը թվարկած 7 հատկանիշներն ունեցող քաղաքացիները մեծամասնություն են կազմում:

Իսկ Հայաստանում մեծամասնություն են անհանգիստ, քաղաքականացված, իրենց եւ պետության ուժերի վրա կասկածող մարդիկ: Պատճառը մեզ դեպի հավի ու ձվի պատմությանն է տանում: Մենք չենք դաստիարակում աշխատասեր, ինքնաբավ, կայացած մարդկանց, եւ դա, ի վերջո, նպաստում է սոցիալական բեւեռացմանը: Մյուս կողմից՝ մինչ հեղափոխությունը տարվող իշխանությունների քաղաքականությունը խթանում էր բեւեռացումը, որի պատճառով մարդիկ դարձել են ոչ ինքնաբավ: Եթե այլաբանությունը շարունակենք, ապա կարելի է ասել, որ «հավն» էլ է կարեւոր, «ձուն» էլ: Այսինքն՝ պետք է միաժամանակ ազդել թե՛ ստամոքսի, թե՛ ուղեղի վրա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Իհարկե, կցանկանար ավելին ունենալ, բայց դա գերնպատակ կամ կյանքի իմաստ չի համարում:” – առաջին իսկ կետից սխալ ենթադրություն: Չի կարող երկրի զարգացումը հիմնվել նման մարդկանց վրա: Ձեր ասածը գյուղսովետի գրագիրն է մեր մանկության տարիների:

  2. henri says:

    Եթէ ժողովուրդէն կը պահանջուի որ այս ՛՛գաղափարական ՛՛միջին խաւը բազմանայ կը համարիմ որ Իշխանութիւնն ալ պէտք է իր պաշտօնեաներուն վրայ հսկէ որ օրինակ դառնան ժողովուրդին իրենց ՛՛ ամպիցիաները՛՛ չափաւորելու և հրապարակը չաղմկելու աւելորդ -պակաս հարցազռոյցներով և ՛՛ անձնական կարծիքներ՛՛ արտայայտելով ;
    Հիւանդագին երեւոյթ է երբ ամէն առաւօտ ուզենք ակնարկ մը նետել մամուլի էջերուն տեսնել որ բազմաթիւ սիւնակներ լեցուած են անհետաքրքիր վէճերով –
    Այբը սա ըսաւ- Բենը սա պատասխանեց – Գիմը համաձայն է իսկ Դան հակառակ… անուններ որ երբեք չենք լսած կամ հազիւ լսած ենք – մինչ երկիրը շրջափակուած է ամէն կողմէ- բանակը լուրջ օգնութեան կարօտ ունի- Յեղափոխութիւնը քայքայուած երկիր մը ժառանգած է և ամէն կերպ կը ջանայ վէրքերը սպիացնել -կը տեսնես ՛՛ հիներէն՛՛ մէկը կամ միւսը /միշտ նոյները/ գլուխ կը բարձրացնէ և խորհուրդ կը սկսի տալ թէ ինչպէս Պ.Վարչապետը երկիրը պէտք է կառավարէ իր խումբով ու կը փորձեն պղտոր ջուրերու մէջ համակիրներ որսալ ; Չէք ՞ կարծեր որ սա չափազանցութիւն է նոյնիսկ խօսքի լայն ազատութիւններ վայելող Երկրի մը մէջ ?

  3. Լավատես says:

    Ոչ մի վարձու աշխատող, սա պետք է լինի մեր հայ տնտեսական գաղափարախոսության հիմքում, իսկ մասնավորի համար պետությունը ոչ միայն դրական պայմաններ է ստեղծում, այլեւ մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած սովորեցնում մրցակցության արվեստին ու օրինապահպանության պաշտամունքին, մրցակցությունը առանց օրինպահպանության’ խուժան դաղալ խաղ է, եւ իհարկե մեր հանճար մենաշնորհների համար լավագույն պայմաններ եւ մեծագույն առաջարկ, եթե պետությունը հանճարների կարիք չունի’ դա հիմար անպետք պետություն է: Եկեք ոչ միայն հիանանք ու հպարտանանք մեր նախնիներով, եկեք մեր հետնորդների համար մենք’ այսօրվա հայերս դառնանք հիացմունքի ու հպարտության ազգ ու պետություն, այսօր մենք դրա հնարավորությունը ունենք, վաղը միգուցե այդ հնարավորությունը չունենանք, եթե այսօր մեր ողջ հնարավորությունը չիրացնենք: Մենք ենք ու մեր սարերը ու մեր սփյուռքն ու մեր աստված:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728