Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշխարհի հզորները եւ մենք

Փետրվար 23,2019 12:00

Ինչպես միշտ՝ քաղաքական աշխարհն ամենուր, մանավանդ Հայաստանում, բաժանվում է երկու մասի. արեւմտամետներ եւ ռուսամետներ: Ավելի ճիշտ կլիներ, եթե ոչ թե արեւմտամետներ ասեինք, այլ ասեինք ամերիկամետներ, որովհետեւ քաղաքական հիմնական տարաձայնությունը ոչ թե ընդհանրապես Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ է, այլ՝ կոնկրետ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի: Եվ, բնականաբար, այս հավերժական պայքարում Հայաստանը չի կարող իրեն պասիվ՝ կողքից նայողի դեր վերապահել, մանավանդ որ՝ ԱՄՆ-ի հարձակումների հիմնական ու գլխավոր թիրախը, ինչպես միշտ, շարունակում է հանդիսանալ Հայաստանի մշտական ու բոլոր իմաստներով պոտենցիալ դաշնակից Իրանը:

Այս Ռուսաստան-ԱՄՆ հավերժական հակամարտությանը ողջ աշխարհն է հետեւում, ընդ որում՝ ոչ թե պարզապես հետեւում են, այլ ուշի ուշով ու շահագրգռված են հետեւում, որովհետեւ աշխարհում չկա մի երկիր, որի վիճակն ու դրությունը կախված չլինեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններից: Հայաստանը՝ ներառյալ: Մանավանդ ու հատկապես Հայաստանը: Այլ կերպ հնարավոր էլ չէ, որովհետեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններն անմիջականորեն են անդրադառնում մեր տարածաշրջանի ու մեր երկրի վրա, եւ հայ քաղաքական գործիչները, կամա թե ակամա, կամ ռուսամետ են, կամ՝ արեւմտամետ: Ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ քաղաքական կազմակերպություններն ու կուսակցությունները:

Օրինակ, «Բարգավաճ Հայաստանն» ակնհայտ ռուսամետ է, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ ակնհայտ արեւմտամետ: Ինչո՞ւ եմ այս երկուսի օրինակը բերում: Որովհետեւ ներկայումս այս երկուսն են ներկայացնում մեր Ազգային ժողովը: Ազգային ժողովի բացահայտ մեծամասնություն հանդիսացող իշխանական դաշինքը չհաշված: Ինչ վերաբերում է իշխող ուժին, իշխող ուժը հնարավորություն ու իրավունք չունի հայտարարել իր արեւմտամետ կամ ռուսամետ լինելու մասին: Իշխող ուժը, ինչպես միշտ, կոմպլեմենտար է:

Հետաքրքիր է, որ չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր տեղին ու անտեղի հայտարարում իր ու իր իշխանության կոմպլեմենտար լինելու մասին, իրականում թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ թե՛ Սերժ Սարգսյանը, իրենց իշխանությամբ հանդերձ, անհամեմատ ավելի կոմպլեմենտար էին, քան՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր իշխանությունը: Հետաքրքիրն այն է, որ չնայած մեր գրեթե բոլոր քաղաքական գործիչները կամ ռուսամետ են, կամ՝ արեւմտամետ, այդուհանդերձ, նրանցից որեւէ մեկը բացահայտ չի հայտարարում իր արեւմտամետ կամ ռուսամետ լինելու մասին: Որպես կանոն, նրանք բոլորն էլ ասում են՝ «ես հայամետ եմ»: Համաձայնվեք, որ սա իրականությունից խուսափելու եւ իրականությունը թաքցնելու լավագույն ձեւն է: Եվ հարկավոր էլ չի իրականությունից չխուսափել եւ իրականությունը չթաքցնել: Մանավանդ՝ իշխող կուսակցության եւ նրա առաջնորդի համար: Նիկոլ Փաշինյանն այդպես էլ անում է:

Փաստորեն, Փաշինյանն էլ է կոմպլեմենտար քաղաքականություն վարում: Եվ շատ էլ ճիշտ է անում: Հայաստանի ղեկավարն այլ տարբերակ չունի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, լինելով անկախ պետություն, այնուամենայնիվ, որոշակի կախվածություն ունի աշխարհի հզորներից, առաջին հերթին՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից, եւ պարտավոր է երկուսի հետ էլ միանգամայն սերտ ու լուրջ դիվանագիտական հարաբերություններ պահպանել: Այդպես էլ արել ու անում է: Եվ, ըստ ամենայնի, այդպես էլ պիտի շարունակի: Էլ չենք ասում, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը, ամեն ինչից բացի, նաեւ որոշակի պարտավորություններ է թելադրում:

Հայաստանի ղեկավարներից միակը, ում իշխանության օրոք Հայաստանը միակողմանի ռուսամետ արտաքին քաղաքականությունն էր վարում, Ռոբերտ Քոչարյանն էր, բայց միայն Քոչարյանն էր ի լուր աշխարհի հայտարարում թե՝ ինքը կոմպլեմենտար է: Օսկանյանի հետ միասին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հնարավորինս կոմպլեմենտար էին, բայց այդ մասին հայտարարություններ չէին անում: Նիկոլ Փաշինյանը՝ նույնպես: Պիտի հզորների հետ լավ լինես: Ինչքան որ հնարավոր է: Հզորների հետ լավ եւ շառից ու փորձանքից հեռու:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

22.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ հզորները իրենց հզորությանը համապատասխան նաև խանդոտ են:Մյուս կողմից երկու աթոռի միաժամանակ նստողի մոտ թութք է առաջանում՝անհրաժեշտ է աթոռներին շատ փափուկ բարձ դնել՝հզորանալ տնտեսապես….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728