Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոշոր կոռուպցիոներների փաստաբանական թիմերն ավելի պրոֆեսիոնալ են սկսել պաշտպանվել

Փետրվար 23,2019 14:00

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հնչեցրած հայտարարությամբ կոչ է անում իրավապահներին ավելի պրոֆեսիոնալ ու վճռական աշխատել:

«Ես կարող էի հստակ գնահատականներ հնչեցնել, եթե վիճակագրությանը տիրապետեի»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց՝ ՀՀ-ում օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնող մարմինները, քննչական մարմինները կարիք ունեն ապացուցելու իրենց առավել մեծ գործունակությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու հավելեց. «Կարծում եմ՝ հետհեղափոխական ոգեւորությունից հետո հակակոռուպցիոն պայքարը եւ հակակոռուպցիոն բացահայտումների մակարդակը, գործողությունը որոշակի տեղապտույտի վիճակում է հայտնվել»:

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ նախորդ տարվա տարեկան հաշվետվությունը կլինի ապրիլի 1-ին, իսկ մինչեւ անցյալ տարվա հունիսի 30-ի վիճակագրությունն արդեն կա. «Երբ լինի տարեկանը՝ նաեւ երկրորդ կիսամյակինը, հնարավոր կլինի համեմատել ու ասել՝ տեղապտույտ եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե կոնկրետ չափանիշներով ենք գնահատում, հիմա շուտ է խոսել տեղապտույտի մասին: Բայց ի տարբերություն ինձ, հիմա երեւի վարչապետը տիրապետում է այդ վիճակագրությանը, ես անձամբ չունեմ այդ վիճակագրությունը. ուղղակի պետք է հիմնվեմ լրատվամիջոցների վրա: Իսկ ԶԼՄ-ներով զգացվում է, որ իսկապես ավելի քիչ է, բայց դա ինչի՞ց է գալիս՝ չգիտեմ. անկեղծ չէի ուզենա մեկնաբանել՝ վարչապետն ինչ նկատի ուներ: Ոնց ես հասկանում եմ՝ նրանք, որոնք հայտնվել են թիրախում, հիմա ավելի պրոֆեսիոնալ ձեւով են պաշտպանվում ու դա նպաստում է նրան, որ ավելի դժվար է լինում արդեն մեծ թվով նախկին կոռուպցիոներներին բացահայտելը: Սա ենթադրություն է: Իսկ թե ինչից է եղել, ես հստակ ասել չեմ կարող»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է վարչապետի հայտարարությունը սթափեցնող լինի իրավապահների համար, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Եթե ըստ վարչապետի հայտարարության նայենք, որ կոռուպցիոն բացահայտումների գործողությունը որոշակի տեղապտույտի վիճակում է հայտնվել, դա կարող է մի մեկնաբանություն ունենալ, որ վարչապետը կոչ է անում ավելի պրոֆեսիոնալ ու վճռական աշխատել: Այնպես չէ, որ նույն իրավապահները՝ քննիչները, դատախազները, հիմա լրիվ ուրիշ մարդիկ են. նույն մարդիկ են եւ նույնն են նաեւ փաստաբանները: Միգուցե արդեն դժվարանում են: Ինչպես տեսնում ենք, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերը, երբ քննվում են, շատ ավելի պրոֆեսիոնալ, հետեւողական ձեւով են իրենց փաստաբանների թիմերը պայքարում»:

Դառնալով տեղապտույտի իրավիճակ լինել-չլինելու հարցին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց. «Դրա պատճառ կարող է լինել նաեւ այն, որ հիմա ավելի քիչ են խոսում դրա մասին: Ես հիմնվում եմ լրատվամիջոցների բերած փաստերի վրա, բայց ԶԼՄ-ներով դատելն ինձ համար հիմնավոր չէ: Միգուցե վարչապետը նկատի ունի բարձրաստիճան կոռուպցիոներներին, քանի որ մի քանի ավելի աղմկահարույց ձերբակալություններից հետո վերջերս մեղադրանքներն էլ ավելացրին, անձանց էլ: Բայց նորից դժվարանում եմ վերջնական գնահատական տալ, քանի որ այն պաշտոնյաների, նույն պետհամալսարանի եւ այլն, կուզենայի հասկանալ՝ այլ բուհերի դեպքում իրավիճակը մինչեւ հեղափոխություն մաքո՞ւր էր, կամ նախկին նախարարների մոտ ամեն ինչ հոյակա՞պ էր: Այս հարցերը կան, եւ դժվար է այսքան ինֆորմացիայով դատողություններ անել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728