Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդեն «իրադարձություն» չէ լրատվամիջոցների բացակայությամբ նրանց դեմ ընթացող դատաքննությունները

Փետրվար 23,2019 13:00

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործով անդրանիկ նախնական նիստը տեղի է ունեցել երեք տարի առաջ՝ հուլիսի 21-ին:

Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պահանջի մասին «Առավոտի» դեմ, «Առավոտի» մասնակցությամբ դատական գործընթացները շարունակվում են: Արդեն «իրադարձություն» չէ լրատվամիջոցի նկատմամբ տարիներ շարունակվող եւ վերջ չունեցող դատական նիստերը, դատարկ դահլիճները, կողմերի բացակայությամբ ընթացող դատաքննությունները:

«Առավոտի» գործերից մեկով, օրինակ, դատական քննության փուլում անվանափոխվել է դատարանը՝ այն դարձել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, նստավայրը Թբիլիսյան խճուղուց տեղափոխվել է Արաբկիրի նստավայր, պատասխանող դասախոսը՝ Նորիկ Սարգսյանն ազատվել է աշխատանքից, իր զբաղեցրած պաշտոնից անցյալ տարվա դեկտեմբերին ազատվել է հայցվոր ռեկտորը:

Այդ էլ դեռ բավական չէ, մենք ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձից դարձել ենք պատասխանող:

Երեկ դատավոր Էդիկ Ավետիսյանի օգնականից ստացել ենք ծանուցագիր՝ մարտի 11-ին դատաքննության մասնակցելու համար:

Հիշեցնեմ, որ «Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով» 2016թ. հուլիսի 18-ին «Առավոտի» դեմ հայցով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ Պարույր Քալանթարյանը, Լյուբա Մեհրաբյանն ու Միհրդատ Հարությունյանը: Անդրանիկ նախնական նիստը տեղի է ունեցել երեք տարի առաջ՝ հուլիսի 21-ին: 6 նախնական դատական նիստ է տեղի ունեցել, 5 դատաքննություն: Հայցվոր կողմը վիճարկում է 2016թ. հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված իրենց հանդուգն դասախոսի՝ Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակը: Հայցվորները տեղեկացնում են, որ չորս տարի առաջ այս գործի շրջանակներում մեկ այլ պատասխանող լրատվամիջոցում՝ «Հրապարակ» թերթում Նորիկ Սարգսյանն իրենց հասցեին թույլ է տվել իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ: Հայցվորները բաց նամակի մեջ վիրավորական եւ զրպարտչական են համարել Ն. Սարգսյանի մի շարք արտահայտություններ, համաձայն որոնցից մեկի՝ «ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության, այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել) 2010-2013թթ. իմ նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք, կեղծիքներ»: Հայցվոր կողմը նշում է, որ Ն. Սարգսյանը մեղադրել է իրենց «ՀՊՏՀ բյուջեի քողարկված՝ հաստիքային կողոպտման» համար: Հայցվոր կողմը պահանջում է, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ն. Սարգսյանին նշյալ լրատվամիջոցներով հերքել, ներողություն խնդրել: Դատարան է ներկայացվել անգամ հերքման տեքստը: Այդ գործով «Առավոտի» ներկայացուցիչը ես եմ:

«Զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու, պատվի, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին» հայցով Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարան է դիմել Ասյա Խաչատրյանը՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի:

Դատավոր Ա. Սահակյանի այս տարվա մայիսի 5-ի որոշմամբ՝ երրորդ անձինք էին «Առավոտ» օրաթերթը, «Araratnews.am»-ը, «Operativ.am»-ը, «168 ժամ» թերթը, «Henaran am» լրատվական գործակալությունը: Մինչ օրս նախնական 6 նիստ է կայացել: Հայցվորը հայտնել էր ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի՝ «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հանդիպման ընթացքում ասված միտքը. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»: Գ. Իսագուլյանը նաեւ ասել էր, որ առկա է եղել Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականը, ուսումնասիրել, հետեւել, թե ի՞նչ նպատակներով է աղջիկը մի քանի անգամ Վրաստանից այցելել Ադրբեջան, արդյո՞ք նա գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Ա. Խաչատրյանը Իսագուլյանից ապացույց է պահանջում այն մասին, որ ինքը մի քանի անգամ եղել է Բաքվում: Հանրությանը հայտնի «Կապույտ մազերով աղջիկը» պահանջում է զրպարտություն համարվող «տեղեկատվությունները» հրապարակայնորեն հերքել, որպես հատուցում իրեն զրպարտելու համար կես միլիոն դրամ է նաեւ պահանջում:

2019 թվականի փետրվարի 6-ին մենք նույնպես ներկայացուցիչ չունեցանք Մասիսի դատարանում: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Սահակյանից ստացվել է «Քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը, ինչպես նաեւ ծանուցագիր, ապրիլի 15-ին դատարան ներկայանալու մասին:

Հունվարի վերջերին «մամուլային» պատմության մեջ հայտնվեցին, թե Իսագուլյանը, թե Խաչատրյանը: Տարածվեց լուրեր, թե Իսագուլյանին կանչել են ԱԱԾ:

Այդ կապակցությամբ Իսագուլյանը մեր գործընկերներից մեկին հայտնել էր. «Հրապարակումն իրականության հետ որեւէ կապ չունի, այս մասին ինքը նաեւ տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում եւ պահանջել, որպեսզի տվյալ լրատվամիջոցը լուրը հերքի: Շատ եմ ցավում, որ տվյալ լրատվամիջոցը չխոսելով ինձ հետ՝ կեղծ տեղեկատվություն է տարածում։ Թերթի հրապարակումն իրականության հետ որեւէ աղերս չունի, եւ խորհուրդ կտամ նաեւ այլ լրատվամիջոցներին, սենսացիոն լուրեր հրապարակելուց առաջ դրանց իսկությունը ճշտել այն անձանց հետ, ում վերաբերում է այդ տեղեկատվությունը»: Իսկ փետրվարին, ըստ համացանցում հայտնված տեղեկության՝ Ասյա Խաչատրյանի ընկերը լուսանկարներից մեկում պատկերվել էր Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով։

«Իմ ընկերոջ հետ եմ Վրաստանում, ամեն ինչ ակնհայտ է, չեմ հասկանում ֆեյսբուքյան շերլոքհոմսության իմաստը, քանի որ ամեն ինչ պարզից պարզ է՝ իմ ադրբեջանցի ընկերն է»,- ասել էր Ասյա Խաչատրյանը։

Ուշագրավ զարգացում ունեցավ Վահե Հակոբյանն ընդդեմ Արթուր Գրիգորյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» հ/կ-ի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության՝ «Պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, հերքման պարտավորեցնելու պահանջի մասին» հայցադիմումը, որը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է երկու տարի առաջ օգոստոսի 29-ից:

Դատավոր Հայարփի Զարգարյանի նախագահությամբ 6 նիստ է գումարվել: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ազատվել էր աշխատանքից, իսկ անցյալ տարվա հունիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պատասխանող բնապահպանը նշանակվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

Պետական պաշտոնի նշանակված ղեկավարին օրեր առաջ պաշտոնից ազատել են:

Այս գործով դատական անդրանիկ նախնական նիստը նշանակվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին: Իսկ հայցադիմումը ընդունվել էր դատարանի վարույթ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին: Բնապահպանը հաղորդում էր տվել հանցագործության մասին, հասեցատերը գլխավոր դատախազությունն էր, հարցնելով, թե արդյոք մարզպետը կապ ունի՞ բնապահպանների դեմ իրականացվող հետապնդումների հետ: «Բնապահպանների գործով» «Առավոտը» դեռ ներկայացուցիչ չունի:

2019 թվականի փետրվարի 6-ին նշանակվել էր Արթուր Հովհաննիսյանն ընդդեմ առողջապահության նախարարի գործի քննությունը: Պատասխանող նախկին նախարարից՝ Լեւոն Ալթունյանից հետո երկրորդ առարկություններն էր դատարան ուղարկվել առողջապահության նոր նախարարի կողմից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728