Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանկատան երեխաներն էլ պոդիում բարձրացան

Փետրվար 23,2019 12:30

Վերջերս «Դվին» մյուզիք հոլլում հագուստի ճանաչված դիզայներ Քրիստինե Գրիգորյանը մեր հայտնի աստղերի՝ Լուիզա Ներսիսյանի, Իրինա Թովմասյանի, Ռոզա Ֆիլբերգի, Վրեժ Կիրակոսյանի, Մհեր-Արմենիայի, հատուկ հյուր Դաթոյի, Գավառի մանկատան սաների եւ անապահով երեխաների մասնակցությամբ ներկայացրեց իր երկու հավաքածուները՝ «Հայկական ոգի» ու «Մայր եւ դուստր»: Ընդ որում, ներկայացված հագուստը պատրաստված էր հատուկ այդ երեկոյի համար:

Դիզայներին մենք հիշում ենք դեռեւս 2012 թվականից՝ հայաստանյան իր առաջին ցուցադրությունից, ապա Քրիստինե Գրիգորյանը սեփական Kwisty բրենդով ներկայացել է ռուս եւ իտալացի հանդիսատեսին: Դիզայներն ուսանել է Իտալիայի Բրերայի արվեստի բարձրագույն դպրոցում, 2017թ. Հայաստանում ճանաչվել է «Ամենաերիտասարդ գործարար կին»:

«Առավոտը» եւ բարեգործական նման շքեղ նորաձեւության երեկոյին ներկա հանդիսատեսը մեծ հուզմունք ապրեց: Պատճառը «աստղերի» դերում մանկատան սաներին՝ պոդիումում տեսնելն էր, «Մայր եւ դուստր» հավաքածուն ներկայացնելիս: Այս առիթով մեզ հետ զրույցում դիզայները նշեց, որ սաների հետ աշխատել են ոճաբաններ եւ ասաց. «Ջանացել ենք, որ մանկատան երեխաները գոնե ժամանակավոր զգան «մայրերի» ներկայությունը: Նաեւ նպատակ ունենք նրանց մեջ սերմանել սեր արվեստի եւ ընդհանրապես կրթության հանդեպ»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ առաջարկով դիմել է Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին եւ համաձայնություն են ձեռք բերել գալիք ուսումնական տարվա սկզբից ցուցադրությանը ներկա արվեստով առավել հետաքրքրված երեխաների համար ապահովել անվճար ուսում քոլեջում եւ 2014 թվականից դիզայների տնօրինությամբ գործող «Քրիստի ապագայի դպրոց»-ում:

Հետաքրքրությանը, թե՝ նպատակ չունի՞ իր ղեկավարած դպրոցը դնել պետական ռելսերի վրա, այսինքն՝ ունենալ պետական կարգավիճակ, քանի որ նորաձեւությունը բազմաոլորտ «առարկա» է, ուսուցանվում է աշխարհի մի շարք ինստիտուտներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ այլ երկրներում գործող նորաձեւության տեխնոլոգիական հաստատություններում, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Պետական կարգավիճակով գործելը ցանկալի է, բայց դրա բացակայությունը չի անդրադառնում մեր ուսուման որակի վրա»: Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե իր, կոնկրետ՝ տղամարդկանց կոստյումները, վաղուց կրում են մեր պաշտոնյաներից շատերը, մասնագետը չբարձրաձայնելով ոչ մի անուն, ընդամենն ասաց. «Ամենակարեւորը՝ որ նրանք ինձ վստահում են եւ սիրով համագործակցում»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «բրենդային գներ» եւ «ցածր գներ» արտահայտություններին: Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ իր բրենդից կարող են օգտվել հասարակության բոլոր շերտերը, հետո էլ մանրամասնեց. «Ցածր գին չի նշանակում անորակ, միեւնույն ժամանակ, մատչելի ապրանք մատուցելով հանդերձ՝ դիզայները պետք է պահի նշաձողը»:

Վերջին շրջանում նորաձեւության ոլորտում շատ է խոսվում վառ գույների ու խելահեղ տրամադրության ու կարծրատիպերը փշրելու մասին:

«Այս համատեքստում պատմական կոստյումների անփոփոխության մասին տեսակետը կամ աղբյուրների սահմանափակ լինելու արդյունք է, կամ էլ՝ ավանդական ու պատմական նորաձեւության զարգացման սկզբունքի չհասկացման հետեւանք: Օրինակ՝ ինչպես նկատեցիք, «Հայկական ոգի» հավաքածուում օգտագործել եմ հայկական նախշեր, իսկ ընդհանրապես նորաձեւությունը հոգուց բխող գույների, զգացողությունների արտահայտում է, այնպես՝ ինչպես վոկալիստի մոտ արիան է, նկարչի մոտ՝ կտավը եւ այլն»,-ասաց դիզայները:

Անդրադառնալով կայացած ցուցադրությանը, տեղեկացնենք, որ միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Վրեժ Կիրակոսյանը, Մհեր Արմենիան, Լիլիթ Գրիգորյանի ղեկավարած Li Voice վոկալ խումբը եւ Դաթոն: Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ կորպորատիվ երեկոների ցանկալի երգիչը մասնակցելով այս ցուցադրությանը, հավանաբար ֆինանսական կորուստ է ունեցել, վրացի երգիչը պատասխանեց. «Իսկապես ունեի կոմերցիոն համերգ Թբիլիսիում, բայց սիրով ընդունեցի հրավերը, որովհետեւ չէի կարող անտարբեր լինել մանկատան եւ անապահով ընտանիքների երեխաների հանդեպ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728