Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշանք» էկոայգի. ինչը պակասում է Երևանին (Կոկորդիլոսը հայ մամուլի հորձանուտում)

Փետրվար 22,2019 22:51

Երևանից դուրս Հայաստանի Հանրապետությունը չճանաչողները չեն կարող պատկերացնել, որ աշխատատեղեր չկան ոչ միայն բարձրլեռնային, սահմանամերձ գյուղերում, այլև երևանամերձ: Համայնքների անհամաչափ զարգացման դասական օրինակ:

Վահան Հովհաննիսյանի հայտնի խոսքն է՝ Երևանից դուրս ես գալիս, հայտնվում ես Քսենոֆանի ժամանակների գյուղում: 2018 թվականին էլ Արարատի մարզի Դաշտավան գյուղում աշխատանքը բացառապես հողագործությունն է, անկախության երեսուն տարում ոչ մի արտադրություն չի հիմնվել: Եվ ահա Տանզանիայում բնակվող հայ գործարարը տասնամյակներով անմշակ հողերի վրա էկոայգի է հիմնելու, 300-500 աշխատատեղով: 31 ենթակառուցվածքներից մեկը լինելու է կոկորդիլոսաբուծարան:

Կոկորդիլոս և Հայաստան բառերը զարմանք ու ապշանք են հարուցում, ավելին՝ ասես աբսուրդի ժանրից են: Այս զգացողությունն են ունեցել նաև Արարատի մարզի Դաշտավանի բնակիչնեըը գործարար Խաչատուր Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ համայնքի բնակիչներին դատին է ներկայացվել գյուղի 20 հեկտար տարածքում էկոայգի, այդ թվում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու ծրագիրը: Բա որ կոկորդիլոսները բնակիչներին վնասեն, կուլ տան և այ տարատեսակ մտահոգություններին գործարարն արձագանքել է, թե կոկորդիլոսը թանկ ու դժվար բուծվող կենդանի է, հո ազատ չեն ֆռֆռալու, որ վնասեն:

Գյուղացիներից հետ չմնաց նաև մամուլը, երբ Արարատի մարզպետը և Խաչատուր Սարգսյանը ասուլիսներով հանրայնացրին էկոայգու ներդրումային ծրագիրը: Ծաղրական տեքստեր, մինչև իսկ ճշտումներ, որ կոկորդիլոսը քորդավոր կենդանի է, դինոզավրերի դասից, նաև իրական փնտրտուքներ՝ ինչ կոդի տակ ներկրել կոկորդիլոսի ձուն և այլն: Համայնքում և հարակից գյուղերում ոգևորված են, որ սեփական տարածքում աշխատելու ու վաստակելու հնարավորություն է բացվում, մամուլը քննարկում է ինչպիսի կենդանի է կոկորդիլոսը, բնապահպանները բարձրաձայնում են վտանգների մասին, մեղադրանք հասավ նաև նոր իշխանություններին:

Այնինչ Արմոն ընկերությունը նախկին իշխանության օրոք էր դիմել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, որն էլ տարածք էր տրամադրել Տավուշի մարզում, չէին համաձայնել, ուստի նամակներ են հղել Արմավիրի եւ Արարատի մարզպետարաններ: Արձագանքը նոր իշխանության օրոք եղավ, Արարատի մարզպետը ավելի արագ գտնվեց, ընտրեցին Դաշտավան համայնքը, որի հողերը սահմանակից են Հրազդան գետին:

Հիմնադրի խոսքով՝ էկոայգում ներդնելու են բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք չկան Երևանում՝ հանգստյան գոտիներ, երեխաների խաղահրապարակներ, շների համար խաղահրապարակներ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիթնեսի համար հրապարակ, հեծանվասպորտի համար պայմաններ, ուղիներ, աէրոհիդրոդինամիկական ջերմոցներ, պտղատու այգիներ, բանջարանոցներ, ընտանի թռչունների վայրեր: Իսկ Դաշտավանի դպրոցին կից բնապահպանական կենտրոն են ստեղծելու: Էկոայգու թիրախը զբոսաշրջիկներն են, նախատեսում են, 10 զբոսաշրջիկից 2-ը կգան այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու, քանի որ նման այգի չկա ամբողջ տարածաշրջանում:

Ծնունդով գյումրեցի Խաչատուր Սարգսյանը մասնագիտությամբ երկրաբան է, էկոլոգիայի գծով ասպիրանտուրա է ավարտել, 2000-ականներից ապրում և աշխատում է Էմիրություններում և Տանզանիայում, հարազատ Գյումրիում մի քանի նախագիծ է անում, Ավետիք Եսայանի հետ հիմնել է Շիրակ տեխնոլոջի ընկերությունը:

Իր խոսքով, տեխնոլոգիայի դարում գաղափարներ են պետք, փող կգտնվի: Իսկ Հայաստանում աղքատներ չպիտի լինեն, քանի որ պաշտոնական տվյալներով երկրի բնակչության 92 տոկոսը կրթություն ունի, 80 տոկոսը՝ սեփականություն: Առայժմ գործարարի համար ոչ ի նպաստավոր պայման չկա, ինվեստիցիայի համար հարկավոր է արագություն, իսկ իրենք ամիսներով մի նամակի պատասխանի են սպասում, 6-7 ամիս ոչ մի ներդրող չի սպասում, կառույցը խորհրդային է, բարեգործության ինստիտուտները չկան. Փորձագետների ինստիտուտ չկա, ովքեր են խոսողները, ինչ հոդվածներ ունեն հրատարակած, իբրև մասնագետ՝ լիցենզիա ունեն, թե ոչ : Սրանք կարևոր հարցեր են:

Փետրվարի 5-ին The Guardian պարբերականը հոդված է հրատարակել ստեղծվելիք էկոայգու և կոկորդիլոսաբուծարանի մասին, Տանզանիայի սննդի անվտանգության վարչության պետը նամակով հետաքրքրվել է Հայաստանի խմիչքներով ու դեղերով: Խաչատուր Սարգսյանը հիշեցնում է՝ Աֆրիկայի շուկան 350 միլիոն է, Տանզանիան՝ 50 միլիոն:

Այս ամենը դեռ առջևում է, գործարարը դեռ չի գնել հողը, որի վրա պատրաստվում է ծառատունկ անել, որի ընթացքում մարդիկ տնկելու են իրենց տոհմի ծառը, հայտարարություն է տարածել հարյուրավոր աշխատատեղերի մասին, սակայն մարդիկ սպասողական են:

 

Հ.Գ.- Հիշենք եղած սրամիտ մի դեպք: Շատ տարիներ առաջ նույն Արարատյան դաշտավայրի արտագաղթած ծանոթ բնակիչն ինտերվյու տալիս, շեշտելու համար իր ապրածի սարսափը, ասել էր, թե ինքը տանը բազմոցին պառկած՝ կոկորդիլոսը մտել էր տուն: Հավատացել էին ֆանտաստիկ այդ տեսարանին, թե ոչ, այնուամենայնիվ, գրանցում էր ստացել:

Հնարագետ մասիսցին, փաստորեն, լա՜վ էլ կանխագուշակ էր:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728