«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները ոչ մի տագնապ չունեն այդ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով:
«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, եւ ՀԱՊԿ-ի օպերատիվ ղեկավարման գործում որեւԷ վակուում չկա, որովհետեւ այնտեղ աշխատում Է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը (ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը), որն իր պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչեւ պարզվի նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրադրությունը»,- ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասել Է Պեսկովը:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել Է, որ «ՀԱՊԿ-ի անդամների միջեւ կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում Է»: «Բայց դա չի նշանակում, որ գոյություն ունի օպերատիվ կառավարման ինչ-որ դեֆիցիտ»,-ամփոփել Է նա: 2018 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանը հետ է կանչել գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին: Հայաստանը հայտարարել Է, որ այդ պաշտոնը պետք Է պահպանի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը, այսինքն՝ 2020 թվականը: ՀԱՊԿ անդամ են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: