Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզո՞ւմ եք կեղծիքով ընդունված սահմանադրությամբ ապրել, ուրեմն՝ կեղծիքով էլ ապրելու եք»

Փետրվար 22,2019 20:33

«Եթե մենք նոր Հայաստան ենք ուզում կառուցել, ապա կեղծիքով ընդունված սահմանադրությանը համաձայնվել չի կարելի: Կարող է պատահի՝ նույն սահմանադրությունը ժողովուրդը հավանության արժանացնի, բայց այն պետք է գնա նոր հանրաքվեի, նոր նախագիծ ներկայացվի և եթե բացարձակ մեծամասնությունը դրան կհամաձայնվի, մենք էլ կհամաձայնվենք: Բայց այսօր այս սահմանադրությունը լեգիտիմ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ 1995 թվականից սկսած՝ բոլոր սահմանադրությունները կեղծիքներով են ընդունված, բոլոր ընտրությունները ևս Հայաստանում կատարվել են կեղծիքներով:

«Մի անգամ ասել եմ, որ պարոն Փաշինյանին շատ է դուր եկել այն բաճկոնը, որը կարված էր Սերժ Սարգսյանի համար, բայց հիմա հասկացել է, որ այդպես շարունակել չի կարելի և ասում է, որ պետք է բարեփոխումներ անել: Բարեփոխումներով հարցը չի վերջանում: Մենք գնալու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ 200.000 ստորագրություն հավաքելու, որպեսզի ժողովուրդը ստանա այդ  իրավունքը: Ես այստեղ որևէ հակահեղափոխական միտում չեմ տեսնում: Այստեղ հստակ հարց կա. ուզո՞ւմ եք կեղծիքով ընդունված սահմանադրությամբ ապրել, ուրեմն՝ կեղծիքով էլ ապրելու եք»,- նշեց պարոն Սարգսյանը:

Անդրեաս Ղուկասյանի դիրքորոշմամբ՝ իսկապես ժամանակն է՝ սահմանադրության փոփոխության հարցը օրակարգ բերելու, որովհետև խորհրդարանական ընտրությունները անցան և դրանից հետո պետք է ի հայտ գար  երկրի համար այս օրակարգային խնդիրը, որը, ըստ նրա, իշխող կուսակցությունը փորձեց շրջանցել. «Իր ծրագրում ի սկզբանե ներառված չեն սահմանադրական բարեփոխումները, սահմանադրության փոփոխությունը: Մայր օրենքը կարևորագույն հենաքարն է, որի վրա ամբողջ իրավական համակարգը պետք է ստեղծվի»:

Պարոն Ղուկասյանն ընդգծեց, որ այսօրվա սահմանադրական համակարգը, ունի մի շարք ակնհայտ թերություններ՝ առաջին հերթին հենց մարդու իրավունքների տիրույթում: Ըստ նրա՝ այս 30 տարիների ընթացքում որոշակի միտում է եղել իրավունքի շրջանակը սահմանափակելու ուղղությամբ:

«Ամեն մի սահմանադրական առաջարկը ավելի ու ավելի է սահմանափակել մեր քաղաքացիների քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքները: Սահմանադրական կարգը Հայաստանում երբեք չի երաշխավորել նաև համայնքային իրավունքները: Հայաստանի զարգացումը 30 տարվա ընթացքում կուտակված է եղել Երևանում, իսկ շրջանները հետնահանջ են ապրել: Այսօրվա դասավորությամբ նույնիսկ շանս չունեն զարգանալու: Արդարադատության համակարգը նույնպես կարիք ունի արմատական բարեփոխման, որովհետև մենք տարիներ շարունակ խոսում ենք դատական համակարգի նկատմամբ ձևավորված անվստահության մասին: Դատական համակարգի անկախությունը նույնպես պետք  է երաշխավորված լինի սահմանադրությամբ. այն, ինչը որ այսօր, ըստ էության, բացակայում է»,- իր խոսքում նշեց պարոն Ղուկասյանը:

«Կարծում եմ քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ են խորհրդարանական համակարգին: Այսինքն՝ ՀԱԿ-ի դիմումը վերադառնալ կիսանախագահականի լայն  աջակցություն չի ստանա կարծում եմ: Մայր օրենքը ազգով չեն գրում, որ բռնեք 3 մլն-ով սահմանադրություն գրենք, այն ինչքան որ իրավական փաստաթուղթ է, այնքան էլ քաղաքական է: Այնպես որ, շատ կարևոր է, որ հիմնական քաղաքական ուժերը, որոնք վայելում են հասարակության վստահությունը, համաձայնության գա տեքստի շուրջ: Բայց դա մասնագիտական աշխատանք է»,- այս դիրքորոշմանն է նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Բանախոսի կարծիքով՝ սա երկարատև աշխատանք է, հրատապ խնդիր չկա, շտապելով կարող է նորից սխալներ թույլ տանք, բայց, ըստ պարոն Խաչատրյանի, հետաձգել էլ չի կարելի:  Նա նկատեց նաև, որ խնդիրն այն է, թե ինչ մեխանիզմով է կազմակերպվելու սահմանադրության փոփոխության աշխատանքը:

«Կարծում եմ՝ այստեղ հիմնական դերակատարները քաղաքական ուժերն են նախ խորհրդարանում գործող, և,  իհարկե, արտախորհրդարանական:  Առաջին կարևոր խնդիրը հետևյալն է. ո՞վքեր են քաղաքական պատվերը ձևավորելու, կամ ո՞վքեր են մշակելու: Համաձայն եմ, որ հասարակությունը պետք է  մասնակցություն ունենա, որովհետև շատ էական է, որ սահմանադրությունը բոլորի կողմից ընդունվի որպես վստահելի փաստաթուղթ»,- հավելեց պարոն Խաչատրյանը:

Ռոզա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728