Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

“Я памятник себе воздвиг нерукотворный”

Փետրվար 22,2019 20:22

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր պաշտոնական բարձունքից «շնորհ է արել» «ջախջախել» Հայաստանի հիմնի փոփոխության հետ կապված իմ քննադատությունը:

Նույն, պաշտոնական բարձր դիրքից, նա ինքնավստահ «ճշմարտություններ» է շաղ տալիս, իր գիտելիքները ներկայացնում երաժշտության բնագավառից։ Այսպես․ «Իսկ գիտի՞ արդյոք Ավետիք Իշխանյանը, որ Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ զետեղված է 7-րդ դարից եկող շարական, որը ոչ միայն իմ պապերը, այլև նաև իր պապի պապերը աղոթել են, պետականություն պահպանել և վերջ ի վերջո մեր հավատքը մեզ կօգնի և կպահպանի»:

Պարոն Սիմոնյանը երաժշտագիտական կրթություն կարծես չունի, թե՞ 1995-96 խաղալով Կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում համարում է, որ դա բավական է երաժշտագիտական մտավարժանքների համար և կարող է Խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ հիմնում հայտնաբերել միջնադարյան շարականի մեղեդիներ։ Իսկ իրականում Խաչատրյանի հիմնում օգտագործված է նրա իսկ հեղինակած «Գայանե» բալետի հերոսական հատվածներից մեկը։

Նախ, դժվար է պատկերացնել, որ կոմունիստա-աթեիստական շրջանում, եթե նույնիսկ Արամ Խաչատրյանի մտքով անցներ օգտագործել քրիստոնեական շարականների մեղեդիներ, ամենակարող գրաքննությունն այդ թույլ կտար։ Երկրորդ․ ըստ պարոն Սիմոնյանի, արդյո՞ք շարականներն իրենցից ներկայացնում են հերոսական քայլերթերի մեղեդիներ։ Եթե այո, թող մեկ, ցանկալի է հենց նույն հիմնի նախաշարականի օրինակը բերել։ Ի դեպ, պարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում դիմում է նաև կեղծիքի․ «Ավետիք Իշխանյանին զայրացնում է, որ Ա․Խաչատրյանի երաժշտության մեջ եկեղեցական շարական կա, ինձ փորձում է ծաղրել, դե պարզ է, անհավատ մարդ է»։

Իմ քննադատության մեջ այպիսի մտքեր չեք գտնի։ Ի գիտություն պարոն Սիմոնյանի, 7-րդ դարում մենք պետություն չունեինք, ուստի չէինք կարող աղոթել նրա պահպանման համար։ Իսկ ինչ վերաբերում է որ «մեր  հավատքը մեզ կօգնի և կպահպանի», ապա արդեն լինելով պետական այր, պարոն Սիմոնյանը պետք է հասկանա, որ Հայաստանի պահպանման և հզորացման համար պետք է ոչ թե աղոթել, այլ աշխատել և հզորացնել պետական կառույցները։ Թե՞ ԱԺ փոխխոսնակները բոլորը պետք է կղերական մտածողություն ունենան (ականջդ կանչի Էդուարդ Շարմազանով)։

Այնուհետև պարոն Սիմոնյանը շարունակում է։ «Իսկ Ավետիք Իշխանյանը գիտի, թե՞ ուզում էր իմ անվան շնորհիվ ինքնահաստատվել և վերադարձնել իր անունը, քննարկման մեջ դնել և հիշեցնել ևս մեկ անգամ իր մասին։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Կարող եմ ասել պարոն Իշխանյանին, որ իր մոտ ստացվեց իմ անունի շնորհիվ ևս մեկ անգամ հայտնվել լրատվական դաշտում․․․ Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու։ Ես Հայաստանի Հանրապետությունում տաս տարի շարունակ հրապարակային գործունեություն եմ ծավալում և, ներեցեք որևէ ինքնահաստատվելու խնդիր չունեմ, ոչ էլ պատմության մեջ մնալու խնդիր ունեմ, որովհետև ես արդեն մնացել եմ պատմության մեջ որպես մարդ, որը թավշյա հեղափոխության կազմակերպիչներից և մասնակիցներից մեկն է եղել»:

Առայժմ մի կողմ թողնենք, պարոն Սիմոնյանի իր անձի նկատմամբ պաշտամունքի հասնող ինքնասիրահարվածությունը։ Հավանաբար, շուտով պարոն Սիմոնյանն, ինչպես ևս մի քանի հայաստանյան քաղաքական գործիչներ, իր մասին կխոսի երրորդ դեմքով։ Նա պնդում է, որ տաս տարի հրապարակային գործունեություն է ծավալել։ Հավանաբար, իր իսկ կողմից կազմված ինքնակենսագրականում, բացի հատ ու կենտ գրառումներից, չգտա ոչ մի հրապարակախոսական հոդված, վերլուծություն և, վերջապես, որևէ դարակազմիկ միտք։ Բայց նա արդեն իրեն դափնիների վրա է զգում. Я памятник себе воздвиг нерукотворный, (Ա Պուշկին) որպես «թավշյա հեղափոխության» կազմակերպիչ և մասնակից և համոզված է, որ իր անունը գրվելու է հայոց պատմության մեջ: Իսկ իրականում «Քիթը տնկած Ճանճը ասաց.- Մենք որտեղի՞ց.Վարում էինք, Վարատեղից»:(Աթաբեկ Խնկոյան)։

Իսկ լրագրողի վերջին հարցին, թե՞ արդյոք հիմնի նոր տեքստում ամրագրվելու են «թավշյա հեղափոխության» խորհրդանիշները, պարոն Սիմոնյանն արդեն ոչ թե հերքում կամ հաստատում է այս վարկածը, այլ ինձ անձամբ վիրավորում․․․․ «Ես առաջարկում եմ նման վարկածներ լուրջ մտածողներին դիմել բժիշկների»:

Հետևելով Հակոբ Պարոնյանին՝ «Հայհոյանքը փաստի սով է» խոսքին, պարոն փոխխոսնակին չեմ հակադարձի, բայց հաշվի առնելով,որ ըստ Սիմոնյանի, որ «Ղարաբաղ» կոմիտեն մոռացվել է․ իսկ «թավշյա հեղափոխությունը» հաղթարշավում, ուստի․․․

Հ․Գ․ Լև Տոլստոյը հետաքրքիր բանաձև է առաջարկում․ «Մարդը կոտորակ է։ Սեփական գնահատականը իր անձի մասին կոտորակի հայտարարն է»:

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ռուբեն Մարգարյան says:

    Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությանը վերադառնալն ավելի շատ քաղաքական և անցյալին վերադառնալու տարրեր է պարունակում, քան թե՝ ճաշակի: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այս առաջարկը ռուսական իշխանություններին ամենայն հավանականությամբ դուր կգա, իսկ հայ հասարակության համար դա շատ տհաճ թեմա է: Այն սերունդը, որը պայքարել է Հայաստանի անկախության համար, մեր ներկայիս օրհներգը մեծ ձեռքբերում է համարում, իսկ հենց այնպես կորցնել ձեռք բերածը, ոչ-ոք չի համաձայնվի:
    Այսօր հասարակությունն իշխանություններից լրիվ այլ սպասելիքներ ունի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման լուրջ քայլեր, մեր կրթական համակարգը բարելավելու ջանքեր, գիտատեխնիկական առաջընթացն ապահովող հրատապ միջոցառումներ, անկախ դատարանների ձևավորում, արտաքին աշխարհի հետ կապող ավտոմոբիլային և երկաթգծային կոմունիկացիաների ստեղծում (հյուսիս – հարավ ավտոմայրուղու շինարարության տեմպերի ավելացում և Հայաստան – Իրան երկաթգծի կառուցում): Եվ այս ամենը թողած, ԱԺ փոխխոսնակը մեր օրհներգը փոփոխելու հարցն է առաջնահերթ համարում: Սա զարմանք է առաջացնում շատերիս մոտ, քանի որ ոգևորված մասնակցելով թավշյա հեղափոխությանը, հանրահավաքներում ավելի շատ լսել ենք Սփյուռք – Հայաստան կապերի ամրապնդման, հայրենադարձության ապահովման, հանրապետությունում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ ելույթներ: Ու հիմա ինչի՞ մասին ենք խոսում՝ օրհներգը փոխելու՞: Փոխում ենք, որ ի՞նչ անենք…

  2. Delea says:

    Ալեն Սիմոնյանը արդեն չդիմացավ քննադատությանը եվ ժողովրդին անվանեց «վայրահաչողներ»այսինքն ավելորդ ու անմիտ բաներ խոսացղ ժողովորդ ունենք:
    Իսկ կառավարությունն լուսնահաչողներ են:Լուսնի վրա հաչելը, շների առանց նկատելի պատճառի հաչելն է:

  3. Delea says:

    Հավը մի ձու է ածում, ու մի հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել:
    Հիմա Ալենին է, կարեվոր չի նրա համար թե ժողոուրդը համաձայն է թե ոչ, այլ ամենակարեվորն է ցույց տալ որ մտածում էնք ժողովրդի մասին: Հիմա կփոխենք Հայաստանի հիմնը ու դուխով կերգենք որ «տնտեսական հեղափոխությունն» հաղթի:
    Կեցցես մեր հերոս, ազգի փրկիչ քաջ Կտրիճ,սպասում էնք Ձեր հաջորդ քայլին, փոխեք ՀՀ դրոշը շատ գույներ ունի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728