Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրական վերմակը դարձյալ փորձ է արվում տեղափոխելու ոչ թե ընդհանրական բացթողումների, այլ իրենց շահերի դաշտ. Նարինե Դիլբարյան

Փետրվար 22,2019 19:45

«Կառավարության ծրագրում ամենամեծ բացթողումը այն էր, որ սահմանադրական փոփոխությունների մասին ոչինչ չկար, այնինչ «Իմ քայլի» և նախընտրական ծրագրում, և մինչ այդ հնչում էին խոստումներ սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը փոխելու և կուսակցությունների մասին օրենքին անդրադառնալու մասին»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ խորհրդարանական համակարգից կիսանախագահականի անցնելու առաջարկում միակողմանի մոտեցում կա:

«Այսինքն՝ սահմանադրական վերմակը դարձյալ փորձ է արվում տեղափոխելու ոչ թե ընդհանրական բացթողումների, այլ իրենց շահերի դաշտ: Հետևաբար, սահմանադրությունը փոխել միայն այն նպատակով, որպեսզի վերադառնանք կիսանախագահականի, իմ կարծիքով այնքան էլ նպատակահարմար չէ, թեև բոլորը քննադատում են գերվարչապետական այս համակարգը և դրանում կա տրամաբանություն, բայց ես կարծում եմ՝ պետք է բարձրացնել ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը»,-նշեց տիկին Դիլբարյանը:

Ըստ բանախոսի՝ հանրային խոսույթ պետք է կազմակերպել մասնագետների կողմից, որպեսզի չլինի այնպես, ինչպես եղավ նախորդ անգամ, որ սահմանադրությունը կարվեց մեկ անձի համար: Տիկին Դիլբարյանի կարծիքով՝ մենք պետք է փակենք այն էջը, որտեղ սահմանադրությունը փոխվում էր ի շահ մեկի, մի խմբավորման և մեկի նախընտրությունների առումով:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխություններ պետք են. «բացի այն, որ այս սահմանադրությունը կեղծված էր, այն նաև կարված էր մեկ անձի համար: Այն հասարակության ներսում ինստիտուցիոնալ հավասարակշռություն և ժողովրդավարական ինստիտուտների կայացում չի կարող ապահովել: Այստեղ մի խնդիր կա. այն, ինչը պետք է արվի, պետք է տեղի ունենա հանգիստ մթնոլորտում՝ առանց որևէ արտաքին միջամտությունների, ճնշումների: Բարեբախտաբար, դրա համար մեկ տարի ժամանակ կա»:

Բանախոսի խոսքով՝ այդ ընթացքում նաև արդարադատության մաքրազերծումից և անցումային արդարադատության կայացումից հետո նոր հանգիստ կկարողանանք փոխել սահմանադրությունը.«չնայած իմ կարծիքով պետք է մնալ խորհրդարանական հանրապետություն, բայց հավասարակշռված մեխանիզմներով: Կիսանախագահական, նախագահական, խորհրդարանական. այդ ձևերը այդքան էական չեն, կարևորը բովանդակությունն է»:

Տիկին Դիլբարյանը, անդրադառնալով անցումային արդարադատությանն, ասաց, որ այն մեր դաշտում իսկապես կարող է խնդիրներ հարուցել:

«Համաձայն եմ այն մտքին, որ հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև մարդիկ ուզում էին արդարադատություն: Դա հիմնական կարգախոսն էր: Արդեն մոտենում է հեղափոխության մեկ ամյակը և այս ընթացքում, եթե մենք արագ այդ անցումային արդարադատության ինստիտուտները չձևավորեցինք, գուցե կարելի է ձևավորել հիմնական՝ ոչ անցումային արդարադատության սկզբունքները»,- իր խոսքում նշեց բանախոսը:

Վերջինս անհասկանալի է համարում, որ Մանվել Գրիգորյանին առաջադրվեց մեղադրանք, և այդ մեղադրանքը մինչև հիմա անընդհատ դոփում է. «Վտանգավորը դա է, որ խնդիրները, կարծես, բարձրացվում են, և հետո դրանց հանգուցալուծումը չի կատարվում: Թատերականացման տարրը մեծանում է, ինչո՞ւ: Եկեք հետևողական լինենք. առաջադրեցինք, փաստերը կան, հատորներով գործերը կան, տարեք դատարան և պարզեք, չձգձգենք»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728