Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանն Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց, որ դուրս են գալիս ուռճացված համակարգից, այդ իսկ պատճառով 6 ծառայողական մեքենաներից երկուսը վերադարձնում են պետական գույք։
«Փորձում ենք պետական կառավարման համակարգը հանրության, հասարակության վրա ավելի էժան, ավելի մատչելի դարձնել և միաժամանակ մեծացնել իր գործունեության արդյունավետությունը»,-ասաց Շիրակի մարզպետը։
Նա նաև տեղեկացրեց, որ ծառայողական մեքենա ունենալու է միայն մարզպետը, իսկ մյուս մեքենաներն, այսպես ասած, լինելու են շրջիկ, ծառայելու են ողջ անձնակազմին։
Այս պահին մարզպետին սպասարկող ծառայողական մեքենան որոշակի անսարքություններ ունի։
«Հիմա փորձում ենք հասկանալ այդ անսարքությունները վերացնելու արժեքը, եթե պարզվի, որ անսարքությունները բավականին թանկ են նստելու, կխնդրենք նախարարությանը կամ պետգույքին հնարավորության դեպքում այլ մեքենա տալ, մի քիչ այս պահին ավելի լավ վիճակում գտնվող մեքենա վերցնել, որպեսզի այս ընթացքում փորձենք ավելի խնայողական ռեժիմով աշխատել։
Մի խոսքով, գնահատում ենք մեր ծառայողական մեքենայի կարիքները, եթե պարզվեց, որ մեծ թիվ է, եթե պարզվեց, որ մեր ծառայությունների տեսանկյունից շատ ավելի մեծ գումար է անհրաժեշտ, ավելի տրամաբանական է փոխարինել մեկ այլ ավելի մատչելի պահվող մեքենայի հետ»,- ասաց Շիրակի մարզպետը։
Տիգրան Պետրոսյանն ասաց, որ ծառայողական մեքենայից օգտվել է ընդամենը մեկ անգամ, գնացել է Երևան, հետ եկել, վարորդը նախազգուշացրել է՝ անսարքություններ կան, որոնք վերացնելը բավական թանկ է նստում։
«Հիմա հասկանանք՝ ինչքան թանկ արժե, եթե այդ մեքենան վերանորոգելը թանկ հաճույք է, ուրեմն կփորձենք գտնել ուրիշ լուծումներ», -մեկ անգամ ևս կրկնեց Տիգրան Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ