«Այնքան էլ ճիշտ չէ, որ Սփյուռքի կառույցների հետ այս հարցի շուրջ քննարկում չեղավ: Վարչապետը կարող էր ասել՝ «ո՞ւմ հետ խորհրդակցեինք», դա էլ է ճիշտ, բայց Սփյուռքում կան կառույցներ, որոնք Սփյուռքի հիմնական կորիզն են: Առնվազն նրանց հետ կարելի էր խորհրդակցել»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության լուծարմանը, հայտարարեց ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, քաղաքագետ Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ Սփյուռքի հետ հարաբերվող նախարարություն ունենալն անհրաժեշտություն է. «Սա չի նշանակում, թե նախարարության բոլոր գործողությունների հետ մենք համաձայն ենք եղել, բայց պետական կառույց չունենալը ճիշտ չէ»:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վարչապետի աշխատակազմում գործելու է Սփյուռքի հարցերով հանձնակատար, Կիրո Մանոյանը նկատեց. «Հասկանալի է, որ վարչապետն ուզում է անմիջապես առնչվել գործին, բայց չգիտեմ՝ որքանո՞վ կունենա ժամանակ՝ այդ բոլոր հարցերով մոտիկից զբաղվելու համար»:
Կիրո Մանոյանը մեկ այլ հարցադրում արեց. «Սփյուռքի հարցերով հանձնակատարը վարչապետի հանձնարարություննե՞րն է կատարելու, թե ինքն էլ է հանձնարարություններ տալու նախարարներին: Վարչապետից բացի որեւէ մեկը կարո՞ղ է նման հանձնարարականներ տալ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2015թ.-ի հիմնարար փաստաթղթում ամրագրված է, որ 25 տարուց ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, մինչդեռ կառավարության ծրագրում այդ մասին խոսք չկա: Հիմա հասկանալի չէ՝ Սփյուռքի նախարարությո՞ւնը պետք է զբաղվեր այդ հարցով, թե ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ