«Եթե ՀՀ վարչապետի աշխատակազմում գործել պատրաստվող Սփյուռքի հարցերով հանձնակատարը շարունակելու է մեխանիկորեն անել այն, ինչ անում էր Սփյուռքի նախարարությունը, բայց ավելի քիչ բյուջեով, ապա դա բարեփոխում չէ, այլ նոր քաղաքական ունի ինչ-որ նախաձեռնություն: Հուսամ՝ այդպես չէ»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության լուծարմանը՝ հայտարարեց Սփյուռքի հարցերով փորձագետ Արթուր Մարտիրոսյանը:
«Սկզբունքորեն դեմ եմ, որ Սփյուռքի հետ աշխատող կառույցը լինի նախարարություն: Այն պետք է լինի տեսլական մշակող եւ միջգերատեսչական հարաբերությունները կարգավորող մարմին: Օրինակ՝ պետք է ապահովի ՀՀ-ի եւ Սփյուռքի բժիշկների եւ այլ մասնագետների կապը, իսկ դա նախարարության գործառույթ չէ: Դա պետք է անի այդ ոլորտում մասնագիտացված պետական կառավարման մարմինը, օրինակ՝ որեւէ այլ նախարարություն»,-համոզմունք հայտնեց Արթուր Մարտիրոսյանը:
Փորձագետը կարծում է, որ Սփյուռքի հարցերով հանձնակատարի կարգավիճակը բավականին դրական է, քանի որ այդ պաշտոնյան վարչապետի անունից է կատարելու Սփյուռքի հետ աշխատանքների համակարգում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(լուսանկարը՝ «Հոդված 3»-ի)