«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, հայրենադարձների ինտեգրման խնդիրներով զբաղվող Վարդան Մարաշլյանը կարծում է, որ Սփյուռքի նախարարության լուծարման հարցը դնելուց առաջ նախ պետք էր Սփյուռքի հետ հարաբերությունների նոր տեսլական ձեւավորել: «ՀՀ իշխանությունների հանդեպ Սփյուռքում մեծ վստահություն կա, ինչը բացառիկ հնարավորություն է ՀՀ-ի համար՝ Սփյուռքի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու նպատակով: Սփյուռքն էլ ունի մարտահրավերներ, ՀՀ-ն էլ: Պահը ճիշտ օգտագործենք, համատեղ օրակարգ է պետք»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդան Մարաշլյանը:
Անդրադառնալով փաստին, որ վարչապետի աշխատակազմում գործելու է Սփյուռքի հարցերով հանձնակատար, Մարաշլյանը դժվարացավ գնահատել, թե աշխատանքի այդ ձեւաչափը որքանով արդյունավետ կլինի. «Միակ մտահոգությունս այն է, որ սա չվերածվի ներքաղաքական հարցի, եւ չասեն, թե սա մեկ կուսակցության մոտեցումն ու քաղաքականությունն է Սփյուռքի հանդեպ: Սա կարող է խնդիրներ առաջացնել ՀՀ-Սփյուռք հարաբերություններում»:
Վարդան Մարաշլյանին մտահոգել է նաեւ այն, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում խոսք չեղավ հայրենադարձության մասին, մինչդեռ մինչեւ վարչապետ ընտրվելը նա հայտարարում էր, որ հայրենադարձությունը պետք է լինի ազգային գաղափարախոսություն. «Չեմ տեսնում, որ կառավարության ծրագրում այդ հարցով համակարգային լուծումներ կան: Մինչ օրս չունենք «Հայրենադարձության մասին օրենք», չգիտենք, թե ինտեգրման ինչ մեխանիզմներ կան, եւ պետությունն այս գործում ինչ պարտավորություններ է վերցնում իր վրա»:
Վարդան Մարաշլյանը համոզված է, որ Սփյուռքի նախարարության լինել-չլինելու հարցի պատասխանը գտնելու համար պարտադիր չէր այն լուծարել. «Իշխանությունների շտապողականությունն ինձ համար հասկանալի չէ: Արտաքին գործերի նախարարությունում էլ խնդիրներ կան, լուծարե՞նք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ