«Այն, որ կարող է վտանգներ լինեն գարնանը՝ ձնհալի հետ կապված, փաստ է»,- «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տարածած հայտարարության առիթով այսպիսի մտահոգություն հայտնեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
Հիշեցնենք՝ տարածված հայտարարության մեջ ընկերությունը հայտնում է. «2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով Լիդիանը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում՝ չկարողանալով իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, Ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն»։
Շիրակ Բունիաթյանը նշեց, որ այս պահին վտանգը հստակ գնահատել հնարավոր չէ, բայց որ այն կլինի, դա հաստատ է. «Ընկերության միջամտությամբ խախտվել է հողային ծածկույթը: Այս պահին իրենց արած հողային տեղափոխությունները, որոշ չափով ընդերքից հանված շինանյութերը կարող են առաջացնել լճակներ, որոնք ընթացքում կարող են բացվել՝ ավազաններ դառնալ և հետո մեծ վնասներ տալ: Ինչ վերաբերում է նրան, որ ընկերությունը փորձում է պատասխանատվությունը գցել կամ ասել, որ պետք է այն կրի պետությունը, դա իրենց գործելաոճն է»:
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի կարծիքով՝ Լիդիան Արմենիա ընկերությունը պարզագույն մանիպուլյացիա է անում, երբ ասում է, որ ճանապարհները փակելու պատճառով աշխատանքները չեն հասցրել անել: Հետո էլ մանրամասնեց. «Պարզագույն մանիպուլյացիա է, քանի որ գործ ունենք հանրության ոչ իրազեկ շերտի հետ: Իրենք ոսկու արդյունաբերություն 2010-ից չեն իրականացրել, ձախողել են, ծրագիրը տարբեր պատճառներով հետաձգել են: Հետո գարնանը, երբ տեսան չի ստացվում, ասացին, թե երրորդ եռամսյակում ենք սկսելու: Եթե սկսելու էիք, բոլոր բնապահպանական միջոցառումները պետք է արդեն վերջացրած լինեիք հունիսի դրությամբ: Ո՞նց թե սրա համար ՀՀ կառավարությունն է պատասխանատու: Ֆիքսենք, որ այս ամենն իրենց անգործության հետևանք է և ոչ մի կապ չունի ճանապարհները փակելու հետ»:
Դառնալով շինարարական փուլում գրանցված իրավիճակին՝ Լևոն Գալստյանն ասաց. «Վերջին հանդիպման ժամանակ՝ 15 օր առաջ՝ Գնդեվազում, մարդիկ պատմում էին, թե ինչպես էր պայթյունի փոշին ոչ միայն Ջերմուկ հասնում, այլ Արփայի մի ափից մյուսն էր հասնում՝ հետո Հերհեր գյուղ: Սա այն դեպքում, երբ փաստաթղթում գրված է, որ փոշին մեկ կիլոմետրից այն կողմ չպետք է տարածվեր: Ամփոփեմ՝ Ամուլսարում անհնար է իրականացնել հանքարդյունաբերություն առանց միջավայրի վրա լուրջ վտանգի»:
Ջերմուկի բնակիչ Էդմոն Աղաբեկյանը, հիշեցնելով, թե ինչու էին անցյալ տարվա հունիսին փակել ճանապարհները, նշեց. «Հունիսին մեկ ամսվա ընթացքում Գնդեվազի խմելու ջուրը վնասվեց. ցեխաջուր էր գալիս: Դա դարձավ պատճառ ճանապարհ փակելու: Այդ ժամանակ մենք հարցրինք Լիդիանին՝ ի՞նչ վիճակ է, ասացին, մենք պատասխանատու չենք. կապալառու կազմակերպության պատասխանատվությունն է: Երբ կավաջուրը լցվում է Արփա գետ, դրա մասին էլ ասում էին, դա էլ մենք չենք. կապալառու կազմակերպությունն է: Ամեն անգամ փորձում է մեջից չոր դուրս գալ: Այս դեպքում էլ փորձում է ճանապարհ փակողների վրա մեղքը գցել. եթե ինչ-որ բան լինի, ճանապարհ փակողներն են մեղավորը: Այն վիճակն էր Ջերմուկում, որ ամբողջը փոշու մեջ էր: Հիմա, երբ աշխատանքները դադարեցրել են, տարբերությունը տեսնում ենք. օդը մաքրվեց»:
Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը հիշեցրեց, որ առաջին անգամ, երբ ջերմուկցիների կարծիքն էին հարցնում Ամուլսարի հետ կապված, բոլորը դեմ են արտահայտվել դեռ 2011-ի նոյեմբերին: Անդրադառնալով այն հայտարարություններին, թե սկսել են պայքարել հեղափոխությունից հետո, Թեհմինե Ենոքյանն ասաց. «Անտեղյակները հաճախ են խոսում, թե հեղափոխությունից հետո սկսեցիք պայքարել: Այդ մարդկանց ուղղեմ հարցս՝ որտե՞ղ էին իրենք 2011-ի նոյեմբերին, 2012-ի հունիսին և բոլոր այն բնապահպանական ակցիաների ժամանակ, երբ Սյունիքի մարզպետի հետ էր բախում տեղի ունենում, ջերմուկցիներն էին արշավ անում դեպի Ամուլսար և բողոք-նամակներ էին հղվում կառավարությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյան տապանի»