ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու պետությունների խորհրդարանական հարաբերությունների զարգացումը, այս համատեքստում ընդգծել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակի:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերությունները գործընկեր պետությունների հետ կառուցում է՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հանձնաժողովի օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցեր, կարեւորել առավել ակտիվ խորհրդարանական դիվանագիտության իրացումը՝ երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացման եւ համագործակցության խորացման միջոցով:
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին վերաբերող հարցեր. հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել համաձայնագրի արագ վավերացման կապակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ