Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոռեժիսոր. «Շնորհակալ եմ, որ նախարարությունը մերժեց ֆիլմիս գումար տրամադրել»

Փետրվար 22,2019 16:56

Կինոռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը եւ Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց ֆիլմերն էլ են պատրաստվում ներկայացնել Ազգային կինոյի «Անահիտ» մրցանակաբաշխությանը: Էդգար Բաղդասարյանը կներկայացնի իր «Էրկեն գիշերը»:

Հարություն Խաչատրյանը կներկայացնի «Վերադարձողները» վավերագրական ֆիլմը, որը նոր է ավարտել: « Երկու` Նյոնի (Շվեյցարիայի) եւ Մոսկվայի Ա կարգի փառատոնից, խնդրել էին ֆիլմը: Ես դիմեցի նախարարություն եւ խնդրեցի, որ շտապ անհրաժեշտ է թարգմանել ու լուսագրեր ավելացնել, որպեսզի ուղարկենք փառատոներին, սակայն մերժում ստացա: Այժմ շնորհակալ եմ, որ մերժեցին այդ փոքրիկ գումարը տրամադրել, թեեւ նեղացած էի եւ դեպրեսիվ վիճակի մեջ էի: Բայց հիմա նայում եմ, որ որոշ թերություններ կան իմ ֆիլմում, այն կվերանայեմ, ավելի կկրճատեմ, կփոխեմ եւ մյուս տարի կներկայացնեմ»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Մանրամասն` տեսանյութում

Խոսելով վերջին երկու տարիների մասին, ռեժիսորն ասաց, որ բավականին ֆիլմեր են նկարվել` լավ կամ վատ, միջակ եւ թերի. «Նորանոր մրցանակաբաշխություններ ենք ստեղծում, որոնք ինքնանպատակ չեն: Առաջիկայում մասնագիտական գիլդիաների մրցանակաբաշխություն էլ կկայանա: Ինչո՞ւ ենք դա անում, որպեսզի մարդիկ ոգեւորվեն, զգան, որ իրենց արվեստը նկատվում եւ գնահատվում է…Այնպես որ մրցանակաբաշխությունը ճանապարհներից մեկն է կինոմթնոլորտ ստեղծելու»:

Մանրամասն` տեսանյութում

Հարություն Խաչատրյանը ճիշտ չի համարում նաեւ պետական որեւէ անձի` այս կամ այն ընտրող հանձնաժողովներում ընդգրկվելը, դա անտակտություն եւ մեծ սխալ է որակում. «Նախարարությունը պետք է հեռու մնա այդ ամենից եւ զբաղվի միայն մշակութային քաղաքականությամբ ու ժառանգության պահպանումով, ոչ թե մտնի տարբեր հանձնաժողովների մեջ եւ որոշի ինչքան փող տա եւ ում տա»:

Ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձ եղավ հացադուլի դիմած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին:

«Սա հեղափոխական շնչի տակ գնաց` փողոցներ փակել, բողոքել, սովամահ լինել կամ կախվել… Բողոքի այդ ձեւը հեղափոխությունը բերեց: Կարծում եմ, որ պետք է բանակցությունների տեղ թողնել: Մանավանդ արվեստագետները շատ զգացմունքային եւ ոչ պրակտիկ մարդիկ են, իսկ նախարարությունը պետք զբաղվի նման հարցերով, լուրջ քաղաքականություն տանի, որպեսզի երկխոսություն կայանա»,-ասաց Հարություն Խաչատրյանը

Մանրամասն` տեսանյութում քիչ անց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728